ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱԳՅՈՒՂՈՒՄ
26.11.2019 09:29

Նոյեմբերի 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Նորագյուղի համայնքում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, կառավարության անդամներ, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, շրջանի

վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ՝ ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ, ուժային կառույցների, համայնքների ղեկավարներ։

Նախագահը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտում  նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ խոնարհվելով նրանց անմար հիշատակի առաջ։

Ողջունելով ներկաներին՝ Բակո Սահակյանը կարևորել է արտագնա աշխատանքային խորհրդակցությունների անցկացումը հանրապետության համայնքներում, որոնք միտված են տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին բարձրաձայնելուն և դրանց լուծման ուղղությամբ համատեղ ուղիներ փնտրելուն։

-Հաշվի առնելով բոլոր առաջարկներն ու նկատառումները՝ ավարտել և Ազգային ժողով ենք ներկայացրել 2020 թվականի բյուջեն։ Եվ կարծում եմ  ժամանակն է ի մի բերելու 2019-ին կատարված աշխատանքների արդյունքները և խոսելու այն առաջադրանքների մասին, որոնք նախատեսում ենք իրականացնել 2020 թվականին,- ասաց Բակո Սահակյանը։

Նորագյուղի համայնքում կատարված աշխատանքների, նախանշված ծրագրերի և անելիքների մասին տեղեկատվություն ներկայացրեց համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը։ Խոսելով համայնքի ձեռքբերումների մասին՝ նորընտիր ղեկավարը անդրադարձավ նաև ցավալի և բազմաթիվ անգամներ բնակիչների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերում էին ոռոգման և խմելու ջրի խնդիրներին, հանդիսությունների տան վերանորոգմանը, փողոցների բարեկարգմանը։

-Եթե խմելու ջրի համակարգը փոխանցվի համայնքի հաշվեկշիռ, ապա գանձված վարձաճարները կուղղվեն համայնքի զարգացմանը և կձգտենք ունենալ ինքնաբավ համայնքային բյուջե,- ասաց Վ. Պետրոսյանը՝ նախագահին հայտնելով իր հաջորդ մտահոգիչ խնդրի մասին, որը վերաբերում է համայնքի բնակիչներին անվարձահատույց տնամերձ հողամասերի տրամադրմանը։

Իհարկե, ինչքան մեծ է համայնքը, այնքան շատ են խնդիրները։ Այս առումով, համայնքի ղեկավարը տարիներ շարունակ լինելով հարազատ համայնքի խնդիրներով մտահոգվածներից մեկը՝ իր անձնական միջոցներով մարզադաշտում, զոհված ազատամարտիկների եղբայրական գերազմանատանը պարբերաբար սանիտարական մաքրման, ծառատնկման աշխատանքներ էր իրականացնում։ Այժմ էլ ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը՝ մտադիր է ստեղծել Նորագյուղի համայնքի հիմնադրամ, որի միջոցով կվերակառուցվի զոհված նորագյուղցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որն ի դեպ մեր հանրապետությունում հերոս տղաների հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանն է։

-Այն, որ նորագյուղցիներն աշխատասեր, բարիք ստեղծող, արարող և հատուկ հարգանքի արժանի մարդիկ են՝ հայտնի է ողջ հանրապետությունում։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է նաև նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար միջոցներ ձեռնարկվեն։ Մշակույթի տանը հաճախակի հանդիպումներ կազմակերպեցեք և բնակիչների հետ խոսեք մեր երկրի ներքաղաքական կյանքից, իրազեկեք նրանց հանրապետությունում տիրող իրավիճակի, կառավարության կողմից գյուղական բնակավայրերում կյանքն աշխուժացնելու և գործարարությամբ զբաղվողների համար նախանշված ծրագրերին ծանոթացնելու ուղղությամբ, - նշեց Նախագահը՝ ավելացնելով, որ այսկերպ պետք է վարվեն ոչ միայն համայնքների ղեկավարները, այլև շրջանների պատասխանատուները։ Նախագահը փաստեց, որ ձևականություններից զերծ մնալու և մեր համաքաղաքացիների հետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու ժամանակն է, այդպիսով մասնակից դարձնելով  նրանց համայնքի խնդիրների լուծմանը։

Անկասկած, հաճախակի հանդիպումների ընթացքում միայն կարող է ձևավորվել անկաշկանդ և անմիջական մթնոլորտ, որտեղ բազմակարծության և բացխոսության պայմաններում վեր կհանվեն առկա հիմնախնդիրները և կնախանշվեն լուծուման ուղիները։

Նախագահը խոսեց շրջանի և ընդհանրապես հանրապետության մակարդակով կապիտալ շինարարության ոլորտում առկա հիմնախնդիրների, հաճախակի խախտվող ճարտարապետական նորմերի մասին՝ այս ուղղությամբ ակնկալելով ոլորտի պատասխանատուների բարձր իրավագիտակցությունն ու առկա թերությունների ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժշտությունը։ Նշված հարցի շուրջ պարզաբանումներ տվեցին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և շրջանի ՔՎՃ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը։

Հանրապետությունում գյուղատնտեսության դրվածքի, 2019 թվականին կատարված աշխատանքների և 2020 թվականի համար նախանշված ծրագրերի մասին տեղեկատվություն ներկայացրեց ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը։

-Հանրապետությունում գրեթե ավարտին են մոտենում աշնանացանի աշխատանքները, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները շարունակում են մտահոգիչ մնալ։ Ասկերանի շրջանում տարվա ցանկացած եղանակի միշտ էլ օրակարգային է եղել ոռոգման ջրի խնդիրը։ Փաստորեն, ժամանակին ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխման պատճառով հազարավոր հեկտարներում բերքահավաքի աշխատանքներ չեն իրականացվել։ Այդ իսկ պատճառով 2020 թվականից նպատակահարմար ենք գտել գյուղնախարարության մասնագետներին ընդգրկել ոռոգման համակարգի ամբողջ գործընթացները վերահսկելու մեջ,- նշեց գյուղնախարարը՝ մանրամասն ներկայացնելով նախարարության կողմից գարնանացանի, այգեգործության աշխատանքները խթանելու, ոռոգման համակարգը բարելավելու ուղղությամբ իրականացրած աշխատանքներն ու հետագա ծրագրերը։

Շրջանի գյուղատնտեսության բնագավառում գրանցված հաջողությունների և առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին պարզաբանումներ ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը։

Ողջունելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը նշեց, որ ցանկալի կլինի շրջանում պտուղների վերամշակման արտադրամաս ունենալ։ Այս առնչությամբ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանն իրազեկեց հանրապետության Նախագահին, որ արդեն իսկ ունեն նախնական պայմանավորվածություն Վեդի Ալկո ընկերության սեփականատիրոջ հետ՝ Ասկերանում նռան վերամշակման արտադրամաս կառուցելու համար։ Նախագահը կարևորեց հանրապետության տարբեր վայրերում պտուղների վերամշակման արտադրամասեր հիմնելու անհրաժեշտությունը՝ ցուցմունքներ տալով համապատասխան մարմիններին ուսումնասիրել առկա պահանջարկը։

Խորհրդակցությանը հարցադրումներով ելույթ ունեցան Լուսաձորի և Ջրաղացների համայնքների ղեկավարները։

Նորագյուղի պատվավոր քաղաքացի, կոլտնտեսության երկարամյա նախագահ Արշավիր Գալստյանն իր մտահոգություններն ու մտորումները կիսեց հարազատ գյուղում տիրող իրավիճակի մասին։ Նա բարձր գնահատելով Բակո Սահակյանի իրականացրած բարեփոխական ծրագրերը՝ խնդրեց երկրի Նախագահին հնարավորության սահմաններում բարձրացնել համայնքների ղեկավարների լիազորությունները։

Վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը ներկայացրեց շրջանում կրթության և սպորտի բնագավառում առկա ձեռքբերումները՝ հավաստիացնելով, որ շարունակելու են բարձր պատասխանատվությամբ իրականացնել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ծրագրերը։

Ի պատասխան՝ Նախագահն իր գոհունակությունը հայտնեց ոլորտի պատասխանատուներին։

Բակո Սահակյանը մեկ անգամ ևս կարևորելով հայի գենի մեջ ընդգծված հայրենասիրությունն ու հայրենապաշտությունը՝ կոչ արեց ներկաներին իրենց ամենօրյա աշխատանքում լինել ազնիվ և շիտակ։ Իսկ քանի որ ցանկացած երկրի շարժիչ ուժը երիտասարդությունն է՝ մեծ տեղ հատկացնել երիտասարդների ներգարավվածությանը տարբեր ծրագրերի իրականացման մեջ։

Նախագահը տեղեկացրեց նաև Արթուր Յուրիի Հարությունյանին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու մասին՝ թվարկելով մարդկային այն բարձր արժանիքները, որոնցով օժտված է Ա. Հարությունյանը։

Խորհրդակցությանը վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը հավաստիացրեց, որ շարունակելու են ակտիվորեն մասնակցել  շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, հասարակական - քաղաքական կայուն իրավիճակի պահպանմանը, հայրենիքի պաշտպանունակության ամրապնդմանը, և ցուցաբերվելու է այնպիսի վարքագիծ, որը հարիր է բարեկիրթ հային, արցախցուն և հավանության է արժանանալու հանրության կողմից։

Ամփոփելով խորհրակցության աշխատանքները Բակո Սահակյանն առաջարկեց ներկաներին ունկընդրել Ռուբեն Գրիգորյանի §Հավերժական կտակ¦ բանաստեղծությունը։

Ես մեր սարերում, այս արևի տակ,
Իմ երկար կյանքը ապրել եմ շիտակ,
Ուր որ է շուտով ժամս կհնչի,
Եվ Աստված պապիդ երկինք կկանչի:
Սերնդեսերունդ գալիս ենք -գնում,
Լեռներն են մնում, մեր հողն է մնում:
Ես էլ քեզ նման ջահել էի, երբ
Մեր սեգ սարերի նահապետ պապս
Կանչեց ինձ ու թե` քեզ եմ կտակում
Ամենաթանկս` մեր հող հայրենին:
Ես ոսկի չունեմ հողում թաքցրած,
Որ տեղն ասեմ`հանես, վայելես,
Ինչ որ իմ պապն է տվել ինձ մի օր,
Այն եմ քեզ թողնում հավերժ կտակով`
Նախնյաց քրտինքով և արյամբ գրված,
Մեր հազարամյա վանքերով կնքված:
Քեզ եմ կտակում հայոց դարերը,
Մեր հոգու պատկեր, հպարտ սարերը,
Մեր Գանձասարի երկնամերձ վանքը`
Հոգու, հավատքի անսպառ հանքը:
Սուրբ նախնյաց ոգին քեզ եմ կտակում:
Արժանի եղիր մեր հող ու ջրին,
Արժանի եղիր իմ պապի թրին:
Քիրսն ու Մռավը, մեր Դիզափայտը,
Սահունասարս քեզ եմ կտակում,
Նրանց լանջերին իմ մանկությունն է,
Ոսկե հուշերս քեզ եմ կտակում:
Սլկհան սարը քո մեծ թիկունքն է,
Հզոր դիտակետ, քո աչքն ու ունքն է,
Հիշիր, Մեծ սարը իմ պապի պապն է,
Քո բարի տատն է մեր Սուրբ աղբյուրը`
Իր մեջ ամբարած մայր հողի բույրը:
Նամուսով եղիր, թոռս, քաջ եղիր,
Այս հող ու ջրի տերն ես դու հավետ,
Ու թե հարկ եղավ`արյունդ հեղիր,
Որ ազատ ապրես թոռ ու ծոռան հետ,
Ինչպես եղավ մեր վերջին մեծ կռվում...
Հիմա Արցախի նոր ասքն է գրվում`
Մելիք Եգանի կոռների մասին,
Քաջսիրտ Թևանի ծոռների մասին,
Մեր կաղնեբազուկ թոռների մասին...
ՙԵս մատաղ ինիմ մըեր վըեղեն, ճրեն,
Մատաղ ինիմ էտ ճկատետ կյրեն,
Հայրենի վըեղան քաղցր վըեղ չկա,
Մըեր Ղարաբաղան քաղցր տըեղ չկա՚`
Իմ պապի խոսքն է` Մեծ սարը վկա:
...Կլինես աղքատ, կլինես հարուստ,
Հիշիր, հողն այս մերն է ի վերուստ,
Այս հողի վրա դու ապրիր հպարտ,
Դու միայն այստեղ կլինես անպարտ:
...Սիրտս կարապի իր երգն է երգում,
Իմ այս կտակով ես մահն եմ հերքում,
Արցախն է քո տունը մեծ տիեզերքում...
...Եվ պապս խաղաղ ավանդեց հոգին`
Մեզ կտակելով լեռների ոգին:

Համոզված եմ, որ եթե խորհրդային երկրում հասակ առած սերունդը կարողացավ պաշտպանել և կառուցել այսօրվա Հայրենիքը, իսկ Արցախյան ազատամարտի ոգեղենությունն ապրած սերունդն ապրիլյան պատերազմի ժամանակ ապացուցեց նախնիներից ժառանգած անսասան ոգին և, որ անկախ հայրենիքում ծնունդ առած ու մեծացած սերունդն ավելի ամուր է պահելու Արցախի սահմաններն ու ավելի հզոր Հայրենիք է կառուցելու։ Ուստի բոլորս որդիական պարտք ունենք մեր Հայրենիքը շենացնելու գործում՝ գալիք սերունդներին ավելի ուժեղ հող-հայրենի կտակելու համար՝ սա է Նախագահի պատգամն ու յուրօրինակ կտակը բոլորիս։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter