ՌԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ. ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸ ԵՎ ՆՎԻՐՎԵՆՔ ՆՐԱՆ ՈՂՋ ԷՈՒԹՅԱՄԲ
28.11.2019 15:12

Մանկավարժ չեն դառնում, այդպիսին ծնվում են կամ իսկական ուսուցիչը նա է, ում մեջ չի մահացել աշակերտը։ Այս խոսքերի ճշմարտացիության մեջ բազմիցս ենք համոզվել։ Իսկ ծանոթանալով Հովսեփավանի Յուրի Ջհանգիրյանի անվան հիմնական դպրոցի մաթեմատիկային և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռիտա Ռաֆայելի Հակոբյանին, բացահայտեցինք ևս մի նվիրյալի, ով իր գիտակցական կյանքը կապել է մատաղ սերնդին հայեցի դաստիարակելու և կրթելու հետ։  Շուրջ 40-ամյա մանկավարժական գործունեության ընթացքում չի հիշում մի դեպք, երբ որևէ աշակերտի վրա ձայն կամ առավել ևս ձեռք բարձրացնի։ Գտնելով, որ աշակերտի նկատմամբ նախ և առաջ ընկերական, հավասարը -հավասարի վերաբերմունք և վստահության մթնոլորտ է անհրաժեշտ ձևավորել, նոր միայն՝ ուսուցանել։

Ծնվել է 1958 թվականի հուլիսի 2-ին, Ասկերանի շրջանի Ղշլաղ (այժմ` Ծաղկաշատ) գյուղում, ծառայողի ընտանիքում:Հայրը մասնագիտությամբ գյուղատնտես էր, մայրը` ուսուցչուհի: 1965 թվականի սեպտեմբերի 1-ից հաճախել է Ղշլաղի դպրոցը, որտեղ սովորել է մինչև 1969թվականի հունվարի 1-ը, որից հետո ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ, ուր և շարունակել է ուսումը Եղիշե Չարենցի անվան համար 7 միջնակարգ դպրոցում: 1980 թվականի հունիսին ավարտել է Ստեփանակերտի  պետական  մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ  ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: 1980 թվականի դեկտեմբերի 15-ից աշխատանքի է անցել Ասկերանի շրջանի Սարդարաշենի 8-ամյա դպրոցում որպես մաթեմատիկայի  ուսուցչուհի, ուր աշխատել է մինչև 2001 թվականի սեպտեմբերի 1-ը:  2001 թվականի  սեպտեմբերի 1-ից  ընտանեկան հանգամանքներից ելնելով տեղափոխվել և առայսօր աշխատում է Հովսեփավանի  Յուրի  Ջհանգիրյանի անվան հիմնական դպրոցում որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի  ուսուցչուհի:

- Տիկին Հակոբյան, երբևէ ափսոսանք ունեցե՞լ եք, որ ընտրել եք հենց ուսուցչի մասնագիտությունը:

-Երբեք: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, սիրում եմ երեխաներին: Արցախյան ազատամարտը մեզանից խլեց իմ լավագույն սաներից շատերին, ովքեր հերոսացան՝ հավերժ  ափսոսանք թողնելով իմ հոգում։ Անասելի ահավոր է պատերազմը: Նզովք նրան… Իմ աշակերտներից շատերն այսօր էլ շարունակում են իրենց ծառայությունը բերել Հայրենիքին, որոնց շարքում է նաև իմ տղան։ Ու ես հպարտ եմ նրանցով...

-Ինչպիսի՞ն պետք է լինեն ուսուցիչ - աշակերտ հարաբերությունները:

-Ուսուցիչ -աշակերտ  հարաբերությունները  պետք է ձևավորվեն փոխադարձ հարգանքի մթնոլորտում, բայց պիտի հաշվի առնել, որ ուսուցիչը միշտ պիտի գտնվի ուսուցանողի դերում, այսինքն՝ չպետք է մոռանալ ոչ մանկավարժական տակտի և ոչ էլ էթիկայի կանոնների մասին: Առավել ևս այն մասին, որ դու էլ երբևէ աշակերտ ես եղել։ Այսօրվա սերունդը շատ կիրթ ու նպատակասլաց է, խելացի ու բանիմաց: Խորհրդային տարիներին դասավանդելը  հեշտ էր, որովհետև կար կայուն ծրագիր, ուսումնական պլան, գիտեիր, թե ինչ պիտի ասես և ինչքան, ինֆորմացիայի քանակն այդքան էլ շատ չէր:Այժմ դասավանդելը բավականին  դժվարացել է, որովհետև ինֆորմացիան այնքան է շատացել, որ եթե թեկուզ մի օր նոր բան չսովորես, բավականին ետ կմնաս: Այժմ աշակերտներն այնքան շատ բան գիտեն, այնպես լավ են տիրապետում համակարգչին, ու այնքան լավ են ինֆորմացված, որ անընդհատ պիտի աշխատես քեզ վրա, որպեսզի լավ մասնագետ ու որակյալ ուսուցիչ դառնաս:

-Շուրջ 40 տարվա մանկավարժական գործունեության ստաժ ունեք: Ի՞նչն եք կարևորում ձեր աշխատանքում:

-Գտնում եմ, որ ուսուցչի աշխատանքում ոչ մի մանրուք չպիտի լինի: Այն ամենափոքր վրիպումը կամ անճշտությունները, որ այսօր կան, վաղը կուտակվելով կարող են հասցնել այնպիսի սխալների, որոնք ճակատագրական կդառնան թե՛ աշակերտի և՛ թե ուսուցչի համար:

-Կա ուսուցչի երեք տիպ: Նրանք, ովքեր բացատրում են, նրանք, ովքեր տրտնջում են, նրանք, ովքեր ոգեշնչում են: Ո՞ր տիպին եք դուք պատկանում:

-Երևի առաջինին: Տրտնջալ չեմ սիրում, բացատրում եմ սիրով, իսկ ոգեշնչելու համար պետք է շատ ու շատ աշխատել: Ձգտում եմ հասնել դրան, բայց թե  ինչքանով եմ հաջողում՝ չգիտեմ:

-Տիկին Հակոբյան, ու՞մ առջև եք դուք պատասխանատու զգում ձեր աշխատանքի համար:

-Ամենից առաջ իմ աշակերտների, որովհետև, եթե այսօր ինչ-որ բան չեմ տալիս նրանց, ապա վաղը  նրանք կյանքում հանդիպելով տվյալ իրավիճակների, կընկրկեն  դժվարություններից: Ես  ինձ պատասխանատու եմ զգում նաև իմ տնօրենի, իմ կոլեկտիվի, հասարակության առաջ, որովհետև աշխատում եմ այնպիսի կոլեկտիվում, որի անդամներից յուրաքանչյուրն ուրախանում է մյուսի հաջողություններով, ցավում՝ անհաջողությունների համար, ուր ամեն մեկը սատար է կանգնում մյուսին, օգնում ով ինչով կարող է: Աշխատում եմ հրաշալի կոլեկտիվում, և դա ինձ շատ է ոգեշնչում աշխատանքի պահին:

-Գաղտնիք չէ, որ դպրոցներում կան երեխաներ, որոնք անտեսվում են: Ինչպե՞ս եք լուծում դուք այս խնդիրը:

-Համաձայն եմ ձեր ասածի հետ, ուղղակի մեր կոլեկտիվում ոչ մի աշակերտ չի անտեսվում, և պատճառը, ամենևին էլ սակավամարդությունը չէ։ Աշխատում եմ հնարավորինս ներգրավել նրանց ուսուցման պրոցեսում, իհարկե, հաշվի առնելով նրանց մտավոր կարողությունները, ամեն մեկին իր  ուժերի չափ ծանրաբեռնելով, օգտվելով ուսուցման  և դաստիարակության տարբեր մեթոդներից ու  հնարներից՝ օգտագործելով մանկավարժական որոշ խորամանկություններ:

-Իսկ դժվա՞ր է դասավանդել սակավամարդ դասարանում:

-Սակավամարդ դասարաններում դասավանդելը և՛ հեշտ է, և՛ միևնույն ժամանակ, դժվար: Հեշտ է, որովհետև գործ  ունես քիչ քանակով աշակերտների հետ, ուսուցումը  ինքնաբերաբար վերածվում է անհատական ուսուցման, ամեն մեկի հետ աշխատում ես յուրովի, հաշվի առնելով նրա իրական կարողություններն ու հնարավորությունները, դժվար է, որովհետև ամեն մի աշակերտ չէ, որ ընդունակ է օրվա մեջ բոլոր վեց կամ յոթ առարկաները լրիվությամբ սերտել, բոլոր վարժություններն ու խնդիրները լուծել, դեռ չեմ խոսում այն մասին, որ դասարան կա, ուր լավ սովորող աշակերտ չկա, թույլ կարողությունների տեր երեխաներ են: Ու, համապատասխանաբար, այնքան պիտի աշխատես, որ նրանք կարողանան հասնել մի  որևէ հաջողության, քանզի մեր աշխատանքի արդյունքը երևում է սաների տված պատասխաններով:

- Տիկին Հակոբյան, ի՞նչ  կարգախոսով եք առաջնորդվում ձեր գործունեության ընթացքում:

-Ողջ կյանքում առաջնորդվել եմ արցախցի բանաստեղծ Գերասիմ Հովսեփյանի խոսքերով.

…Մարդ լինելը հեշտ մի կարծիր,

Կյանքիդ ուղին պատվով անցիր…

-Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում ապագայի դպրոցը…

-Ապագայի դպրոցը ես տեսնում եմ մեծ ու լուսավոր, աշակերտներով լիքը, հարմարավետ դասասենյակներով, և որ ամենակարևորն է, այնտեղ աշակերտներն ու ուսուցիչները ոչ թե  պատերազմի, այլև ջերմ ու անմիջական մթնոլորտում ուսուցանելու նոր մեթոդներ կիրառելու, հարազատ բնօրրանը շենացնելու մասին են մտածում։ Գաղտնիք չէ, որ Հայրենիքը սիրելու, այն պաշտպանելու և նրան նվիրվելու նախադրյալները դրվում են հենց դպրոցում։

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter