ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ |
28.11.2019 17:31 |
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի խորհրդի նիստ, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը: Նիստի աշխատանքներին մասնակցում էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, համայնքների և հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Մինչ նիստի աշխատանքներն սկսելը, շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրեց վարչակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Արթուր Հարությունյանին՝շնորհավորելով նրան և մաղթելով ակտիվ գործունեություն: Օրակարգի առաջին հարցը շրջանի Արմենակավան, Խնապատ, Խրամորթ և Փառուխ համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակված ու համայնքի ավագանու լիազորություների նկատմամբ իրավական հսկողության և պետական վերահսկողության արդյունքների մասին էր: Հարցի շուրջ տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը: Նա մանրամասն տեղեկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի կողմից վերոնշյալ համայնքներում իրականացված իրավական և վարչական հսկողության արդյունքների մասին՝ նշելով, որ բացահայտված թերությունները վերացվել են տեղում կամ տրվել պարզաբանումներ, ցուցաբերվել մեթոդական օգնություն, կազմվել համապատասխան տեղեկանքներ և ՏԻՄ-ին առաջարկվել է կոնկրետ միջոցառումներ իրականացնել ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ: 2019 թվականին Ասկերանի շրջանի համայնքներում կատարված ընթացիկ ստուգումների մասին տեղեկություններ հաղորդեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի գլխավոր հողաշինարար Արմեն Կասյանը: Շրջանի 36 համայնքներում իրականացվել են ստուգումներ, ստուգվել են հողերի տրամադրման, մրցույթների կազմակերպման անհրաժեշտ փաստաթղթերը: Ստուգված համայնքներից մի մասում հողերի տրամադրմանն անհրաժեշտ փաստաթղթերն առկա էին, իսկ որոշ համայնքներում բացակայում էին անհրաժեշտ փաստաթղթերը, կամ թերի էին լրացված: Տեղում տրվել է մեթոդական օգնություն և ճշտվել, թե ինչ փաստաթղթեր պետք է ներառվեն յուրաքանչյուր հողօգտագործողի համար նախատեսված առանձին գործում: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը ներկայացրեց շրջանի պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման, օգտագործման իրավունքի գրանցման և վարձավճարների հավաքագրման մասին տեղեկանքը: Ասկերանի շրջանի հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունների համաձայն պետական պահուստային ֆոնդում՝ Ակնա թաղամասում հաշվառված են 11085 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, այդ թվում՝ 8442 հա վարելահողեր, 91 հա բազմամյա տնկարկներ, 2552 հա արոտավայրեր: Ընթացիկ տարում հողատարածքների հաշվառումը կատարվել է Ակնա թաղամասի քարտեզագրման տեղեկությունների հիման վրա, արդյունքում արձանագրված 740 հա փաստացի օգտագործվող վարելահողերը բերվել են իրավական դաշտ, իրականացվել է օգտագործման իրավունքների պետական գրանցում: 2019 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում հողօգտագործման իրավունքի գրանցում է իրականացված 7624 հա վարելահողերի, 85.9 հա բազմամյա տնկարկների և 2264 հա արոտավայրերի նկատմամբ: Ներկա դրությամբ ընթացքի մեջ են 130 հա վարելահողերի, 25.0 հա արոտավայրերի պետական գրանցման ուղղությամբ տարվող աշխատանքները, 470 հա սահմանամերձ գոտում գտնվող վարելահողերը հնարավոր չէ օգտագործել: Փաստացի օգտագործվող հողատարածքների հաշվարկմամբ 2019 թվականի համար հավաքագրման ենթակա հողի վարձավճարները կազմում են 51 մլն 400000 դրամ: Նոյեմբերի 25-ի դրությամբ հավաքագրվել է 33 մլն 760263 դրամ: 2019 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի վարձավճարների գծով իրական պարտքերը կազմում են 61 մլն 772100 դրամ: Օրակարգային հարցեր էին նաև Ասկերանի ՄԵ կենտրոնի ՊՈԱ կազմակերպության և Ասկերանի ՇԲՄ-ի 2019 թվականի կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին հաշվետվությունները, որոնց շուրջ հանդես եկան Ասկերանի ՄԵ կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը և Ասկերանի ՇԲՄ տնօրեն Գոհար Հակոբջանյանը: Նշելով կատարված աշխատանքների մասին՝ նրանք շեշտեցին մտահոգող խնդիրները ևս, որոնք հիմնականում կապված էին շենքային վատթար պայմանների հետ: Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանի ելույթը կապված էր դեկտեմբերի 1-ից 7-ը կազմակերպվող զորահավաքի հետ: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց համագործակցել Ասկերանի շրջանի զինկոմիսարիատի հետ և պատշաճ մակարդակով նախապատրաստվել առաջիկա զորահավաքին: Նիստի վերջում արվեցին հայտարարություններ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |