ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՍՏԻԿԱ՛Ն
29.11.2019 18:33

Ասկերանի շրջանում Ոստիկանության մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում կազմակերպելն արդեն բարի ավանդույթ է դարձել։

Այս անգամ Ոստիկանների անփոխարինելի նվիրվածությունը, բարեխիղճ և անշահախնդիր ծառայությունն արժևորելու և գնահատելու էին եկել Խնձրիստանի միջնակարգ դպրոցի աշակերտները։

Միջոցառմանը ներկա էին Ոստիկանության շրջանային բաժնի պետ Արթուր Բաղունցի գլխավորությամբ

շրջբաժնի ծառայողներ, վարչակազմի պատասխանատուներ, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, աշխատողներ։

Իսկապես, անփոխարինելի և անգնահատելի է  ոստիկանների՝ հասարակական կարգ ու կանոնի պահապանների մատուցած ծառայությունը սեփական ժողովրդին և երկրին։ Հայրենիքի համար օրհասական պահերին նրանք միշտ առաջնային գծում են՝ բարձր պահելով հարազատ ժողովրդի անունն ու պատիվը և բոլորիս մոտ յուրահատուկ համակրանք ու վստահություն առաջացնելով համազգեստ կրողների նկատմամբ։

Միջոցառումը վարող աշակերտը դպրոցի և, առհասարակ, բոլորի անունից շնորհավորելով ոստիկանության համակարգի նախկին և ներկայիս ծառայողներին գեղեցիկ ու կարևոր տոնի կապակցությամբ՝ նշեց, որ մեր ժողովուրդը բարձր է գնահատում նրանց նվիրվածությունը բնակչության հանգիստն ու անվտանգությունն ապահովելու, քաղաքացիների իրավունքները,  ազատությունն ու օրինական շահերը պաշտպանելու գործում։

Արցախյան ազատամարտի հենց առաջին օրերից նրանք կամավորագրվեցին Հայրենիքի պաշտպանության վեհ գործին և նրանցից շատերն ընկան և հերոսացան՝ հանուն բարձրագույն արժեքների և մեր լուսավոր ապագայի։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի հերոսացած նվիրյալների անմար հիշատակը։

Գաղտնիք չէ, որ օրենքի պահապանների ամենօրյա աշխատանքն անմիջապես կապված լինելով քաղաքացիների հետ՝ գտնվում է նաև հասարակության ուշադրության կենտրոնում։ Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները միշտ էլ աչքի են ընկել բարձր պատասխանատվությամբ և սահմանված լիազորությունների և իրավունքների խստիվ պահպանմամբ՝ գործելով սկզբունքային և օրենքի գերակայությունը վեր դասելով ամեն ինչից։

Դպրոցականներն իրենց ելույթներում շնորհակալություն էին հայտնում ոստիկանության աշխատակիցներին օպերատիվ, հետևողական և բարեխիղճ աշխատանքի համար։ Նրանք երգեցին իրավապահներին, հայրենիքին և հարազատ բնօրրանին ձոնված  երգեր։ Ուշագրավ էին նրանց երաժշտական բազմապիսի կատարումները՝ նվագ շվիի, դուդուկի և դհոլի վրա, ազգագրական խորխտ պարեր, հայրենասիրական երգերի շարան, գեղեցիկ արտասանություններ, որոնք առհավատչյան էին հայի լինելիության, հավերժության...

Աշակերտներն անթաքույց հպարտությամբ էին արտահայտում իրենց երախտագիտությունը օրվա §մեղավորների¦ նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ նրանցից շատերը երազում են դառնալ ոստիկանության համակարգի արժանի ծառայող, ավագ սերնդից ժառանգելով անսասան և տոկուն ոգի, անմնացորդ նվիրվածություն։

Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությամբ Ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողներ Սերգեյ Ենգիբարյանը, Մարտին Օհանջանյանը և Մանանա Դալաքյանն արժանացան թանկարժեք նվերների։

Ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Բաղունցը շնորհակալություն հայտնեց Խնձրիստանի միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներին տոնական բարձր տրամադրություն պարգևելու համար՝ հույս հայտնելով, որ ձևավորված ավանդույթը կպահպանվի։ Ա. Բաղունցը որպես երախտագիտության արտահայտություն և ի հիշատակ այսօրվա նկար - սրբապատկեր նվիրեց դպրոցին։

Իսկապես դպրոցի կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Դանիելյանին հաջողվեց աշակերտների մեջ սերմանել գնահատելու և երախտագետ լինելու կարողությունն ու կարևորությունը և ապահովել բոլորիս տոնական բարձր տրամադրությունը։ Այն նաև յուրօրինակ հայրենասիրական, հայրենապաշտության և հայրենապահպանության դաս էր, որից բոլորս հեռացանք ավելի ազգասեր ու հայրենապաշտ դարձած։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter