ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՑԻ, ԹԵ՞...
02.12.2019 15:34

Այսօր, վստահ եմ շատերիս է մտահոգության մեջ պահում, թե արդյո՞ք Արցախի կրթական համակարգն այն համակարգն է, որը կիրառումը կտա առավել մեծ արդյունավետություն, արդյո՞ք մեր սերունդները կրթվում են այնպիսի կրթական համակարգում, որը հետո տալու է մեզ հայեցի դաստիարակված, ապագայի մարտահրավերներին պատրաստ քաղաքացի, հայ քաղաքացի։

Ազգային, հայեցի կրթության և դաստիարակության լիարժեք պատկեր ստանալու համար մի փոքր էքսկուրս անենք դեպի վաղ անցյալ, դեպի 90-ականներ, դեպի ցուրտ ու մութ տարիներ, դեպի պատերազմական շրջան։

Ունեինք խորհրդային տարիներից ժառանգություն մնացած դպրոցներ, հին ու արդեն կոտրատված աշակերտական սեղաններ ու կահույք, մաշված գրքեր։ Ունեինք այստեղից այնտեղից հայթայթված, չհամակարգված ուսումնական ծրագրեր, նյութեր։ Ու ամեն բան վատ էր, շատ վատ ու ավելի քան վատ։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ ունեինք սերունդ, որն ամեն գնով ուզում էր կրթություն ստանալ, ունեինք ուսուցիչների գիտակ, հմուտ ու հայի գենն աճեցնող մի մեծ բանակ, որոնք համարյա թե անվճար (աշխատավարձ ստանում էին տարին 2-3 անգամ), բայց ազգային, հային բնորոշ վեհի մեծ գիտակցումով կրթում ու դաստիարակում էին հայի ճիշտ, իսկական տեսակը։

Ժամանակը թռչելու հատկություն ունի և շունչը կտրած այն սկսեց առաջ սլանալ՝ թելադրելով նոր պահանջներ, մեր առջև նետելով նոր մարտահրավերներ։

Քավ լիցի, չկարծեք, թե ես  մնացել  կամ ուզում եմ մնալ անցյալում և գովերգում ու պահանջում եմ հինը։ Միանշանակ՝ ոչ, միանշանակ պետք է քայլել ժամանակի հետ, պետք է ընդունել ժամանակի մարտահրավերներն ու շատ արագ լուծումներ տալ բազում խնդիրների, միաժամանակ պահել, պահպանել ու սերունդներին փոխանցել մերը՝ ազգայինը։ Իսկ ինչ արեցինք մենք․․․ Ինքներս մեզ համոզեցինք․ որպեսզի կարողանանք դիմակայել այդ մարտահրավերներին, պետք է միանանք որևէ կրթական համակարգի։

2005 թ․-ի մայիսի 19-ին Հայաստանը միացավ Բոլոնյան համակարգին։ Ես այստեղ չեմ թվարկի Բոլոնյանի գործընթացի գործողությունների տասը ուղղությունները, այլ կխոսեմ հետևանքների մասին։ Առաջին հայացքից կարծես թե տարօրինակ ու վտանգավոր ոչինչ չկա, հակառակը՝ կրթության չափայնության խթանում։ Բայց, երբ տարիներ առաջ կրթության որակն ապահովողների բանակի նվիրյալներից սկսեցին ձայն բարձրացնել, իսկ որտե՞ղ մնաց մերը՝ հայկականը, ազգայինը, ոլորտը կարգավորողներն սկսեցին հանգստացնել, որ այդ համակարգը հարմարեցվելու է ազգային դպրոցի պահանջներին, տեղայնացվելու է։ Տարբերակ չկար, սկսեցինք սպասել։ Սպասեցինք երկար ու ձիգ 15 տարի ու ունեցանք անտանելի, ցավեցնող, տխուր ու խղճուկ պատկեր։ Կրթական անհայտ համակարգ, որտեղ ո́չ որակ կա ո́չ էլ ազգային դաստիարակություն։ Մեծացրեցինք սերունդ, որը դժկամությամբ է գնում դպրոց, քանզի որևէ հետաքրքրություն չկա։ Հայ ուսուցիչների վերացող տեսակ, որոնց փոխարինելու են գալիս հիմնականում ոչ բավարար գիտելիքներով և ազգային արժեքները չճանաչող անձինք։ Եվ այդ բանակն օրեցօր ավելանում է, լցվում ուսումնական հաստատություններ ու մերժելով ազգայինը՝ մեր երեխաներին կրթում ու դաստիարակում որպես աշխարհի մարդ։ Դեռևս  Խ․ Աբովյանն է ասել, որ ամեն մի ուսուցում և դաստիարակություն պետք է համապատասխանի ժողովրդի ոգուն, վիճակին և պահանջմունքներին։

Հավատացե́ք, որ ներկայումս մեր երեխաների ազգային դաստիարակությունը վտանգված է։ Այն վերականգնելու համար ոչ թե որպես արժեք պետք է վերցնել համամարդկայինը, որն այսօր այլ արժեքներ է թելադրում, որտեղ մայրը կարող է տղամարդ լինել, ամուսինները կարող են նույն սեռն ունենալ, կին և տղամարդ նույն արտաքինը, այլ հայոց պետականության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է կրթության և դաստիարակության բովանդակությունը հագեցնել ազգային մշակույթի արժեքներով, միաժամանակ համամարդկայինից վերցնելով մերը։

Ուստի, ուսուցիչներ պետք է պատրաստել ոչ թե այն հիմքով, որ ուսուցիչ ծնվում են, այլ որ ուսուցիչ դառնում են։ Հենվելով այս մտքի վրա ուսուցիչ կրթող ԲՈւՀ-երում պետք է հստակ ծրագրեր մշակել և մեկ միասնական մոտեցմամբ պատրաստել ազգային արժեհամակարգ ձևավորող և բարձրակարգ կրթություն ապահովող մանկավարժներ։

Թվում էր, թե 90-ականների գրանցված հաջողությունը քայլ առ քայլ կամրապնդվի, մի կողմից տնտեսական և ռազմական զարգացումներով, մյուս կողմից՝ կրթական և հայրենասիրական զարգացումներով՝ արդյո՞ք ներկայիս վիճակին են արժանի մեր երեխաները, արդյոք սա ենք ընտրել նրանց համար․ կրթական ծրագրեր, որտեղ բացառված է ազգայինը, հայկականը։

Արցախում երեխաները պետք է ՀԱՅ մարդ դառնան, պիտի հայի արժեհամակարգի կրողները լինեն, նրանց ընտանիքներում պիտի հայրը տղամարդ լինի, մայրը՝ կին, որտեղ որոշումներ կայացնողը տղամարդն է։

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter