ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՔԵԶ` ՀԵՐՈՍ… |
11.12.2019 16:12 |
Դեկտեմբերի 10-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում վերստին մեծարման հուշ-ցերեկույթ էր: Թեև միջոցառումն ինքնին տխրության և կարոտի շունչ էր հաղորդում, սակայն սզնեքցիները մի յուրահատուկ հպարտությամբ էին համակվել: Այս համայնքում Արցախյան պատերազմում նահատակված համագյուղացիներին մեծարելը բարի ավանդույթ է դարձել, նրանց հիշատակը հարգելը` սուրբ պարտականություն և անխախտելի որոշում: Միջոցառումը նվիրված էր զոհված ազատամարտիկ Էդուարդ Ալեքսանդրի Մանասյանի 50-ամյա տարելիցիին: Ներկա էին հերոսի հարազատները, համագյուղացիները, մարտական ընկերները, Ասկերանի Ն զորամասի զինվորները: Ներկաները նախ ծաղիկներ դրեցին սզնեքցի զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը: Ապա հանդիսավոր միջոցառումը շարունակվեց Ներքին Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում: Հնչեց ԱՀ պետական օրհներգը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի զինղեկ Գարիկ Մարգարյանը: Նա շեշտելով Էդուարդ Մանասյանի անձնուրաց գործն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենիքին` նշեց, որ այսօրինակ միջոցառումները նշանակալից դեր ունեն մատաղ սերնդի համար: Հիշելով ու գնահատելով հերոս տղաների կատարածը`յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ այս հողը ձեռք է բերվել նրանց արյան գնով և պետք է այն պահել ամենայն սրբությամբ: Զեկույցով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մելիքսեթ Սահակյանը. -Արցախի ազատագրական պայքարում մեծ ներդրում ունեցավ նաև մեր գյուղը: Մեր ազատամարտիկները մասնակցեցին բազմաթիվ մարտերի` Քարին տակի նշանավոր ճակատամարտից, Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքի բացումից, Աղդամի ազատագրումից, Մարտակերտի և Ասկերանի շրջանների պաշտպանությունից ու ազատագրումից մինչև Օմար: Ավա՜ղ, 12 սզնեքցի տղաներ իրենց մատաղ կյանքը դրեցին Հայրենիքի ազատության ու անկախության զոհասեղանին, իսկ մեկ հոգի անհայտ կորավ: Մենք հիշում ենք նրանց անուն առ անուն, իսկ սերունդներին դաստիարակում նրանց հայրենասիրական վառ օրինակով: Մոռանալ նրանց նշանակում է մոռանալ մեր անցյալը, մեր պատմությունը, իսկ անցյալ չունեցող ազգն ապագա ունենալ չի կարող: Էդուարդ Ալեքսանդրի Մանասյանը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 10-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում: 1977 թվականին ընդունվել է Սզնեքի տարրական դպրոցըի առաջին դասարանը: 5-րդ դասարանից ուսումը շարունակել է Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում: Լավ էր սովորում և իր բարեհամբույր, մարդամոտ խառնվածքի, ակտիվ բնավորության շնորհիվ ուսուցիչների և ընկերների սիրելին էր: 1987 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Էդուարդն ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիայի ֆակուլտետը: Արցախյան շարժումն սկսվելուց հետո փոթորկուն հոգով երիտասարդը չէր կարող անմասն մնալ հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից: Հայրենիքում տիրող օրհասական վիճակը նրան ստիպեց ուսումը փոխել հեռակա բաժին և վերադառնալ հայրենի գյուղ, որտեղ արդեն կազմավորվել էր գյուղի կամավորական ջոկատը: Էդուարդն անդամագրվում է Գրիշա Միքայելյանի հրամանատարությամբ գործող ինքնապաշտպանական ջոկատին, որը հերթապահություն էր իրականացնում Շոշ-Թոփխանա բնագծում՝ խոչընդոտելով Շուշիի կողմից թշնամու առաջխաղացումը դեպի Շոշ և ենթաշրջանի գյուղերը: Հետագայում Էդուարդը կամավորական ջոկատի կազմում մասնակցել է բազում մարտերի, որտեղ իրեն դրսևորել է որպես համարձակ, կարգապահ և հավատարիմ զինծառայողի: 1993 թվականի փետրվարին սկսում է Աղդամի արվարձաններից մեկի՝ Շելլիի գրոհը: Փետրվարի 23-ի գիշերը այդ տարածքի բարձունքի գրոհի ժամանակ ականանետի ականի բեկորից ծանր վիրավորվում է Էդուարդը: Ընկերները նրան հասցնում են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ մի քանի օրից հետո՝ Երևան: Մինչև մարտի 8-ը բժիշկները պայքարում էին երիտասարդ տղայի կյանքի համար, անում ամեն ինչ, որպեսզի ոտքի կանգներ նա: Սակայն ճակատագիրն անողոք գտնվեց սզնեքցի երիտասարդի հանդեպ… Էդուարդ Մանասյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության>> և <<Շուշիի ազատագրման համար>> մեդալներով: Էդուարդի մանկության, ուսանողական և մարտական ընկեր Էդվարդ Մուսայելյանի խոսքը պատված էր անափ կարոտով ու թախիծով. -Ինձ համար դժվար է ընկերոջս մասին խոսել անցյալով, այնքա՜ն կուզենայի, որ Էդուարդի ծննդյան օրը նշեինք նրա ներկայությամբ: Չափազանց ընկերասեր, արդարամիտ և բարի անձնավորություն էր նա: Շատ էր սիրում իր հարազատներին, ընկերներին ու համագյուղացիներին, նրա դեմքին միշտ բարի մի ժպիտ կար, որը հավատ ու վստահություն էր ներշնչում դիմացինին: Դպրոցը միասին ենք ավարտել և որոշել միասին էլ բարձրագույն ուսում ստանալ ու անպայման վերադառնալ հայրենի գյուղ: Արցախյան շարժումը փոխեց ամեն մի ինչ և մեզ հայրենիքին նվիրյալ զինվորներ դարձրեց: Թողեցինք ուսումը և վերադարձանք Արցախ: Շատերին է հայտնի, որ Էդուարդն ունեցել է առողջական խնդիրներ, սակայն անտեսելով այն, նա չի խուսափել հայրենիքի հանդեպ իր վեհ պարտականությունները կատարելուց: Խիզախ էր Էդուարդը և բոլոր մարտերում իրեն դրսևորում էր իսկական հայորդուն արժանավայել: 1993 թվականին Արցախյան բանակը ծանր մարտեր էր վարում տարբեր ուղղություններով: Էդուարդի մասնակցությամբ հերթական ռազմական գործողությունը, ցավոք, վերջինը եղավ նրա համար: Նրա կորուստը ծանր էր ողջ գյուղի և նրա մարտական ընկերների համար: Ցավ էինք ապրում բոլորս, միաժամանակ, մտածում վրեժխնդիր լինել թշնամուց մեր բոլոր զոհերի համար ու կռվել մինչև պատերազմի հաղթական ավարտը: Գլուխ եմ խոնարհում բոլոր որդեկորույս հայրերի ու մայրերի առջև և ասում, որ ժողովուրդը երախտապարտ է Ձեզ՝ նման հերոս զավակներ ծնելու և դաստիարակելու համար: Էդուարդի ուսուցիչ Շահեն Մարգարյանի ելույթում հպարտության երանգներ կային. -Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունը ամենասրբազանն է, իսկ առավելը՝ պաշտպաններին գնահատելը: Իմ հարստության, իմ ծով գանձերի մի մասը հիշողություններն են այն մարդկանց մասին, ովքեր հեռացել են այս աշխարհից, բայց աստղերի պես շարունակում են լուսավորել իմ ճամփան և բորբոք պահել հոգուս կրակը: Ցավոք, պիտի նշեմ, որ այդ հավերժի ճամփորդներից են նաև իմ աշակերտներից շատ-շատերը, այդ թվում և Էդուարդ Մանասյանը: Հպրատությամբ եմ հիշում, որ նա լավ էր սովորում, ուներ օրինակելի վարք և մարդկային արժեքներ: Կատակասեր, ծիծաղկոտ, շռայլ և անմնացորդ իր հող ու ջրին նվիրված երիտասարդ էր: Նա տենչում էր պիտանի մարդ դառնալ և մտներ իր երազած աշխարհը: Այո՛, Էդուարդը գիտակցաբար գնաց ի մահ, դարձավ հուշ և գյուղի վերևում կանգնեցված անմահների հուշարձանից իր նահատակված ընկերների հետ միասին հսկում է մեր խաղաղությունը : Թոշակառու ուսուցիչ Արտյուշա Միքայելյանի համար օրվա միջոցառումն անգնահատելի խորհուրդ ուներ, այն յուրօրինակ մի հայրենասիրության դաս էր ներկա սերնդի համար: <<10 տարի դասավանդել եմ Էդուարդին և նրա մոտ առաջխաղացումն օրեցօր էր երևում: Ավագ դասարաններում հատկապես հայրենասիրական հատկանիշներ էին դրսևորվում, որոնցով վարակվում էին նաև նրա ընկերները: Իմ աչքի առաջ է նրա երազկոտ դեմքը, սիրով լցված հայացքն ուղղված համադասարանցի աղջկան: Ավա՜ղ գաղտնորեն ծնված մի սիրո պատմություն անավարտ մնաց, Էդուարդը չհասցրեց ճաշակել առաջին սիրո բերկրանքը… Հարգելի ծնողներ, գյուղի ողջ հասարակության անունից շնորհակալություն եմ հայտնում նման երիտասարդ դաստիարակելու համար: Երախտագիտություն եմ հայտնում նաև այս միջոցառման կազմակերպիչներին նման բարի ավանդույթը միշտ ուշադրության կենտրոնում պահելու համար>>,-ասաց Արտյուշա Միքայելյանը: Մեծարման ցերեկույթն ուղեկցվում էր Ասկերանի Ն զորամասի զինվորների երաժշտական ելույթներով: Նրանց խրոխտ երգերը ուժ և հավատ էին ներշնչում ներկաներին՝ հավաստիացնելով, որ ոչնչով չեն զիջի իրենց հայրերին ու պապերին և կշարունակեն նրանց թողած կիսատ գործերը: Հիրավի, անհնար է նկարագրել այն ապրումներն ու հույզերը, որ պարգևեց ներկաներին դպրոցի նախկին սանուհի Արգինե Մարգարյանն իր հեղինակային բանաստեղծությամբ, իսկ դպրոցականների ելույթները մի առանձին ջերմությամբ պարուրեցին յուրաքանչյուրին: Էդուարդ Մանասյանի հայրը՝ Ալեքսանդր Մանասյանը, որքան էլ հուզված, չէր կարող իր սրտի խոսքը չասել. -Այսօր ես վերստին համոզվեցի, որ գնահատված է իմ մինուճար զավակի հիշատակը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին, դպրոցի տնօրենին, ուսուցչական կոլեկտիվին: Դպրոցականներին և զինվորներին ուզում եմ տալ հայրական իմ օրհնանքը. թող նրանց ճանապարհը անխոչընդոտ և բարի լինի, թող ոչ մի ծնող արցունք չտեսնի այլևս… Ինչ խոսք, միջոցառումը կայացավ իր խորհրդին համահունչ, մեծարվեց Ներքին Սզնեքի 13 արծիվներից մեկը, ով այս սուրբ հողի համար նվիրաբերել է ամենաթանկը՝ երիտասարդ կյանքը: Փառք ու պատիվ տալով Էդուարդ Մանասյանին ու նահատակված նրա բոլոր ընկերներին՝ մի առանձին ջերմությամբ եմ խոսքս ուղղում Ներքին Սզնեքի համայնքի ողջ բնակչությանը: Այո՛, Ձեր շնորհիվ, համոզված ենք, ոչ մի հիշատակ չի կորչի փոքրիկ, սակայն միաբռունցք և միահամուռ այս գյուղում, քանզի դուք աներեր և խրոխտ կանգնած եք հայրենի հողի վրա՝ պատրաստ պահպանելու, շենացնելու հայրենի գյուղը… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|