ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ԲԱՐԻ ՄԱՐԴԻԿ… |
19.12.2019 17:25 |
Բարեգործություն կատարող անհատն ուրույն հոգեկերտվածք ու մտածողություն է ունենում, բոլորովին մի այլ փիլիսոփայությամբ է ընկալում աշխարհը: Բարեգործելը շնորհ է, պարգև, որն ամեն մեկին չէ տրված, այն տրվում է շատ քչերին՝ բացառապես լուսավոր, բարի և կամեցող մարդկանց: Բարեգործները լուռ և անձայն են կատարում իրենց առաքելությունները: Կարևորելով իրենց գովարժան գործերը՝ նրանք երբեք չեն ձգտում բարձրաձայն մեծարանքի արժանանալ, այլ մեծ բավականություն են ստանում գեթ մի բարի գործ կատարելով: Այսօր ուզում եմ խոսել հայ բժիշկ Լևոն Խաչատրյանի մասին, ում համար հայ մարդու կյանքը փրկելը գերագույն նպատակ է: Մեծանուն բժշկի հետ ծանոթացանք բոլորովին պատահական: Թոռնիկս՝ 8-ամյա Վլադիմիրը հիվանդացել էր և երկար ժամանակ չէին կարողանում ախտորոշել նրա հիվանդությունը, դրա պատճառները: Հնարավոր չէ ներկայացնել այն ապրումները, անորոշ վիճակը, որ ունեինք մենք: Անիրական էր թվում ամեն ինչ, չգիտեինք արդեն ինչ անել, իսկ փոքրիկը մեզ էր նայում իր անմեղ աչքերով և հրաշքի սպասում: Հայաստանի և Ռուսաստանի առաջատար հիվանդանոցներում երկարատև և անօգուտ բուժումներ ստանալուց հետո լրիվ հուսահատված վերադարձանք տուն՝ այլևս չիմանալով ինչ անել: ԱՀ առողջապահության նախարար Արա Բաղրյանը, ով քաջատեղյակ էր մեր երեխայի հիվանդության ողջ ընթացքին, համոզում էր մեզ չնահանջել, այլ ՝պայքարել: Մեծահոգի անձնավորությունը պատրաստ էր ընդառաջել և օգնել, ինչով կարող էր: Ամառվա կեսին առողջապահության նախարարը տեղեկացրեց մեզ, որ Ֆրանսիայից Արցախ է ժամանել հայտնի բժիշկ-սրտաբան Լևոն Խաչատրյանը և օրեր անց կազմակերպեց մեր հանդիպումը: Հայտնի սրտաբանը մանրամասն հետազոտեց երեխային և տվեց իր եզրակացությունը, որն ասես սառը ցնցուղ լիներ մեզ համար: Թոռնիկս պետք է ենթարկվեր սրտի բարդ վիրահատության, և այն պետք է իրականացվեր միայն արտասահմանում: Մինչև մենք ուշքի եկանք, բժիշկն արդեն մեկնել էր Ֆրանսիա՝ պատվիրելով մեզ գործել շատ արագ: Արդեն ակնհայտ էր, որ թոռնիկիս փրկությունն օտար Եվրոպան պետք է լիներ: Ոչնչի առաջ կանգ չառնելով՝ աղջիկս և թոռնիկս մեկնեցին Փարիզ: Բժիշկը նրանց դիմավորեց օդանավակայանում և իր հոգատարությամբ, սրտացավությամբ ուժ հաղորդեց աղջկաս՝ նրանից պահանջելով երբեք չկորցնել հավատն ու հույսը: Բժիշկ Խաչատրյանը չէր կարող անտարբեր անցնել ուրիշի ցավի կողքով, աղջկաս ու թոռնիկիս տարավ իր տուն, որտեղ Խաչատրյաններն արդեն սպասում էին և ամենայն ջերմությամբ ընդունեցին հյուրերին: 3-րդ ամիսն է, ինչ մերոնք ապրում են նրանց տանը, այդ հյուրընկալ օջախում ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Վլադիմիրը ստանա լիարժեք բուժում: Այսօր մեզանից յուրաքանչյուրն իրեն ամենամեծ ազգասերն ու հայրենասերն է համարում և դա միանգամայն անկեղծ է, սակայն ով ինչպես է այն ընկալում, ում մեջ այն ինչպիսի տեղ է զբաղեցնում, դժվար է գնահատել: Չեմ սխալվի, եթե ազգասիրության և հայրենասիրության տիպար և բարերար անվանեմ բժիշկ Լևոն Խաչատրյանին: Անհերքելի է, որ նա բնության օրենքներով ապրող մեր նախնիներից ժառանգել է ամենավեհ արժանիքները՝ չհեռանալ արմատներից, սատար և նեցուկ լինել յուրաքանչյուր հայի: Երևի Լևոն անունը կրողները ծնվել են աջակցելու, օգնելու, արարելու և սատարելու համար… Հիրավի, Երկիր մոլորակը համայն մարդկության տունն է, որտեղ բոլոր ազգերի մարդիկ պիտի գտնեն խաղաղ համակեցության եզրեր, և դրա հիմքը կարող է լինել մեծ, համընդհանուր, համամարդկային և անպարագծելի սերը: Մեր ընտանիքն այդ սերը տեսել է այս ամիսների ընթացքում, ոչ ոք անտարբեր չի անցել մեր կողքով և անպայման հարցրել է փոքրիկ Վլադիմիրի որպիսության մասին, առողջություն մաղթել և աղոթք հղել առ Աստված: Ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունն ասել Լևոն Խաչատրյան հային, լավ մարդուն, նվիրյալ բժշկին: Շնորհակալություն ենք հայտնում նրա ընտանիքի անդամներին՝ սրտացավության և մարդկային վեհ գործերի համար: Երբեք չենք մոռանա տիկին Սոնայի անսահման հոգատարությունն իմ երեխաների հանդեպ, նրա մայրական գորովանքը շատ է օգնել, որպեսզի օտարության մեջ գտնվող աղջիկս իրեն միայնակ չզգա: Երախտապարտ ենք բժիշկ Խաչատրյանի ֆրանսիացի կոլեգաներին, քանզի նրանք ստանձել են մեծ առաքելություն՝բուժում և օգնում են մարդկանց: Շնորհակալ ենք ԱՀ առողջապահության նախարար Արա Բաղրյանի գլխավորությամբ բժշկական ողջ անձակազմին, մեծատառով մարդ Սամվել Հակոբյանին, որը մեր ընտանիքին սատարում էր նաև, երբ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար էր: Հատուկ շնորհակալություն ենք ուզում ասել Ասկերանի շրջանի բոլոր հանրակրթական դպրոցների մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներին: Նրանց բարոյական և նյութական աջակցությունը մեզ շատ օգնեց հաղթահարելու բազում դժվարություններ: Այսօր հեռավոր Ֆրանսիայում գտնվող իմ աղջիկը՝ Շուշանն անչափ զգացված է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական իր կոլեկտիվի, աշակերտների ու նրանց ծնողների այդչափ հոգատար և սրտացավ վերաբերմունքից: Ինչպես չխոնարհվես 3-րդ դասարանցիների արարքի առաջ, ովքեր դասվար Զարինե Հարությունյանի ուղեկցությամբ մոմեր են վառում Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում և Ամենաբարձրյալից առողջություն խնդրում համադասարանցի Վլադիմիրի համար: Ինչ կլիներ, եթե չլինեին բարի մարդիկ… Աշխարհի բոլոր երեխաներին առողջություն և խաղաղություն եմ մաղթում, թող գալիք տարում ոչ մի երեխա չհիվանդանա: Սվետլանա Ասրյան ԱՀ վաստակավոր մանկավարժ |