ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒԺԸ ՄԵՐ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է
26.12.2019 14:25

Ազատ ոճի ըմբշամարտը, լինելով օլիմպիական մարզաձև, լայն տարածում և գործածություն է գտել Արցախի մարզական կյանքում, և հանրապետության տարբեր բնակավայրերում շարունակվում են համապատասխան խմբակներ բացվել։

Օրերս ազատ ոճի ըմբշամարտի խմբակ բացվեց Նորագյուղում, ինչը սպորտի վարպետության թեկնածու, մարզիչ Արմեն Մուրադյանի նախաձեռնությունն է։ Խմբակը գործելու է շաբաթական երեք անգամ։ Երիտասարդ մարզիչը ոչ միայն մարզաձևի նկատմամբ սեր է առաջացնում և անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն լայն տարածում գտնի պատանիների շրջանում, այլ նաև յուրօրինակ հարգանքի տուրքի  մատուցում է իր հարազատներին` սպորտի վարպետներ պապիկին, հորն ու հորեղբորը։ Չէ որ նա Մուրադյանների երրորդ սերունդն է, ով զբաղված է Արցախում մարզաձևի տարածմամբ, և համոզված է, որ այն պատվով շարունակելու են իր հետնորդները։ Իսկապես անգնահատելի է Մուրադյանների անվանդն Արցախում ըմբշամարտի զարգացման և ընդլայնման գործում, ինչն այսօր պարտքի վեհ զգացումով շարունակում է Արմենը։ Արմենն այնպիսի բուռն ոգևորությամբ է խոսում մարզաձևի կարևորության մասին, որը ոչ միայն կոփում է մարմինը, այլև մարզում միտքը, հոգին, դարձնում ավելի ճկուն և դիմացկուն, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Այն իսկապես անհրաժեշտ է մեր պատանիներին, ովքեր մեր երկրի վաղվա պահապաններն են, զինվորները։

Բացումը տեղի ունեցավ Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որտեղ և տեղի են ունենալու մարզումները։ Խմբակ այցելող երեխաների թիվն արդեն հասնում է երկու տասնյակի։ Արմատներով նորագյուղցի մարզիչ     Վահագն Հայրապետյանը համոզված է, որ գյուղաբնակ երեխաներն ավելի մկանուտ և պինդ են։ Ուստի և առավել մեծ են նրանց հնարավորությունները կարճ ժամանակամիջոցում բարձր արդյունքների հասնելու համար։

Յուրաքանչյուր հաջողության ետևում տքնաջան և անդադրում աշխատանքն է, ուստի մարզիչը երեխաների հետ նաև հոգեբանական, մանկավարժական աշխատանք է տանելու, որպեսզի պատանի մարզիկները դաստիարակվեն բարու, գեղեցիկի, վեհի համադրությամբ։

Արմեն Մուրադյանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանին և դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանին, ովքեր պատրաստակամություն հայտնեցին նպաստել խմբակի կանոնավոր գործունեությանը։

-Կցանկանայի, որպեսզի բոլոր բնակավայրերում պատվախնդիր մոտեցում և մտահոգվածություն ձևավորվեր պատանի բնակիչների առողջ ապրելակերպի, օգտավետորեն հագեցած առօրյայի ու զարգացած ապագայի նկատմամբ։ Չէ որ այդ պատանիներից յուրաքանչյուրն է կերտելու մեր երկրի վաղվա լուսավոր օրը։ Եվ գուցե հենց նորագյուղցի պատանիներից մեկը օլիմպիական խաղերում կբարձրացնի Արցախի եռագույնը,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց Արմենը։

Ցուցադրական խաղերով հանդես եկան Արմեն Մուրադյանի սաները, ովքեր Արցախի և  միջազգային տարբեր առաջնություններում բազմաթիվ անգամներ գրավել են առաջատար տեղեր և բարձրացնելով մեր եռագույնը՝ անհավանական հիացմունք առաջացրել տարբեր երկրների մարզիչների մոտ։ Վերջիններս չզսպելով իրենց հետաքրքրասիրությունը հարցնում էին՝ Ի՞նչ են ուտում այս երեխաները, որ այսպիսի ուժի են տիրապետում... Մարզիչ Արմեն Մուրադյանի պատասխանն ակնկալելի էր՝ Հաղթանակի ուժը մեր արյան մեջ է...

Ինչպես նշեց մարզիչը, ըմբշամարտով զբաղվող երեխաներ կան, ովքեր ապրում են սոցիալապես անապահով պայմաններում։ Սակայն դա արգելանք կամ խոդչընդոտ չի հանդիսանում ավելի եռանդով մարզվելու համար։

Ունենալ ամուր կամք, ինքնատիրապետում և սառը դատողություն ցանկացած իրավիճակներում՝ ուսուցանում է մարզաձևը։

Քանի որ առջևում Ամանորի և Սուրբ ծննդյան տոներն են, Արմենը նաև շնորհավորական խոսք հղեց իր սաներին.

-Այնքան շուտ է թռչում ժամանակը, որ ինչ չհասցնեք այսօր՝ չեք հասցնի նաև վաղը։ Պետք է գիտակցեք, որ ձեզանից է կախված մեր պետության հուսալի ապագան, դուք պիտի դառնաք Արցախ աշխարհի լիիրավ տերերը, և ձեզանով պիտի հպարտանանք բոլորս։ Ուստի, ձեզանից պահանջվում է ամուր կամքի դրսևորում, հաստատակամություն։ Եղեք ոգով ամուր և կամքով տոկուն՝ նորանոր հաղթանակներ ամրագրելու դժվարին ճանապարհին։

Հուսանք, Նորագյուղի օրինակը վարակիչ կհանդիսանա մյուս բնակավայրերի համար և տարեց-տարի ավելի ընդլայնվի ազատ ոճի ըմբշամարտի խմբակների աշխարհագրությունը։

Անահիտ ՊԵՏՈՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter