ԱԶԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ - 55. ՔՈ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ |
22.12.2019 14:37 |
Այդ տղաներից մեկն էլ Ազատ Սուրենի Հովսեփյանն էր՝ պայծառ, կյանքով լեցուն մի երիտասարդ, ով երազում էր կրթություն ստանալ և Հայրենիքի համար պիտանի զավակ լինել: Ավա՜ղ, պատերազմը խանգարեց ամեն ինչ… Դեկտեմբերի 17-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հուշ միջոցառում էր՝ նվիրված դպրոցի ուսուցիչ, զոհված ազատամարտիկ Ազատ Հովսեփյանի ծննդյան 55-ամյակին: Այն կազմակերպել էր դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիանա Կարապետյանը: Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ, հերոսի դասընկերներ Վլադիմիր Բալասանյանը, Արթուր Հարությունյանը, Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը, ազատամարտիկներ, համադասարանցիներ, ուսուցիչներ և դպրոցականներ: Ներկաներն այցելեցին զոհված հայորդու շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, ապա թարմ ծաղիկներ խոնարհեցին դպրոցի զոհված ազատամարտիկների պատվին կանգնեցված հուշատախտակին: Հնչեց ԱՀ պետական օրհներգը և ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ Լիանա Կարապետյանը. -Այսօր մենք բոլորս մի ընտանիքի պես հավաքվել են այստեղ, որպեսզի հարգենք մեր հայրենակցի, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Ազատ Հովսեփյանի հիշատակը: Դեկտեմբերի 15-ին նա կդառնար 55 տարեկան: Նա ապրեց ընդամենը 27 տարի, սակայն ապրեց պատվով, արժանավայել՝ թողնելով բարի ու վեհ անուն… Դպրոցականները անսքող հպարտությամբ էին ներկայացնում հերոսի կենսագրությունն ու մարտական ուղին: Նա ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 15-ին Ասկերանում: 1982 թվականի ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Բաքվի Ախունդովի անվան մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1983-85 թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում՝ ծառայությունը կատարելով Ջավախքում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը: Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման պատճառով Ազատը տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Ուսումն ավարտելուց հետո, 1989 թվականին նա վերադարձել է Ասկերան և աշխատանքի անցել Նորագյուղի միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել հարազատ դպրոց: Դեռևս մանկուց, նրա մեջ մեծ սեր կար դեպի ուսումը, ուսուցչի վեհ առաքելությունը, և նա շատ էր սիրում ռուսերենը ու պատահական չէր ընտրել այդ մասնագիտությունը: Քույրերը ևս ունեին բարձրագույն կրթություն: Հովսեփյանների ընտանիքում հաճախ էին հնչում հայրենասիրական մտքեր, քննարկվում տիրող իրավիճակը: Ազատին հարազատ դպրոցում գրկաբաց ընդունեցին, նրան սիրեցին և հարգեցին, երիտասարդ ուսուցիչն անմիջապես վայելեց աշակերտների համակրանքը: Ազատն իր մասնագիտությանը տիրապետում էր գերազանց, Ղարաբաղում ստեղծված կացությունը գիտակցելով, դասերից հետո աշակերտների հետ հայրենասիրական ոգով զրույցներ էր անում: Արդեն կազմավորվել էին Ասկերանի ինքնապաշտպանական առաջին ջոկատները, Ազատն այդ ջոկատներից մեկում էր և աշակերտներին սովորեցնում էր ադրբեջանական խուժանի դեմ պայքարի և պաշտպանության ձևերը: Իր խելքով, խիզախությամբ և նվիրվածությամբ նա օրինակ էր հանդիսանում իր զինակից ընկերների և բարձր դասարանների աշակերտների համար: Ազատը մասնակցել է Խրամորթի, Փառուխի, Աղդամի շրջանի Շելլի գյուղի համար մղվող մարտերին: Ասկերանի համար դժվար այդ ժամանակաշրջանում նա իր մարտական ընկերների հետ կարողանում էր դիմակայել թշնամուն՝ պատճառելով նրան մեծ կորուստներ: 1992 թվականի հունվարի 30-ն էր: Ասկերանի ջոկատը պաշտպանում էր Խոջալու գյուղի մատույցները: Լարված և ցրտաշունչ օրեր էին, ամեն օր զոհեր, վիրավորներ… Ազատը նոր էր վերադարձել դիրքերից, սակայն որոշել էր տուն չգնալ, այլ միանալ ընկերներին, չէ որ դիրքերը պետք է ավելի լավ հետախուզեին: …Գնայի՛ր տուն, ինչու չգնացիր, գուցե ողջ մնայիր… Ազատը գնաց հետախուզության ու էլ չվերադարձավ… Հովսեփյանների տան ճրագը հանգչեց, մինուճար որդին չէր հասցրել ընտանիք կազմել և մի մանուկ թողնել իր շեն օջախում: Ասկերանցիները լավ են հիշում Ազատի հոր՝ Սուրեն Հովսեփյանի թախանձագին խնդրանքը: Նա աղերսում էր բոլորին չներկայանալ հուղարկավորությանը և վտանգի չենթարկվել: Հերոսին հողին հանձնեցին գիշերը, մի քանի հոգով՝ աղոթք ուղղելով առ Աստված… Դպրոցականների ելույթներն առլեցուն էին պարծանքով, հավատով: Նրանք մեծարում էին հերոսին, բանաստեղծություններ ձոնում նրա հիշատակին և երդվում երբեք չմոռանալ տղաների կատարածը: Անիծում էին ցանկացած պատերազմ, խաղաղություն խնդրում աշխարհի բոլոր մանուկների համար: Աշակերտները խոստանում էին բոլոր ընկածների համար արժանի հետնորդներ լինել՝ իրենց երազանքներով, երգերով, ուսմամբ, արժանավայել կեցվածքով: Ն զորամասի զինծառայող Ցոլակ Հարությունյանի հայրենասիրական երգը ոգևորեց ներկաներին՝ ավելի ամրապնդելով բանակ-դպրոց կապը: Ազատի ուսուցիչ և գործընկեր Էդիկ Գաբրիելյանը բավականին հուզված էր. -Անչափ հուզվեցի աշակերտների ելույթներից և խոր ցավ ապրեցի, որ կորցրել ենք մեր երիտասարդ ուսուցիչներից մեկին, ով այսօր ճանաչված մասնագետ ու մանկավարժ կլիներ: Մեր դպրոցում առողջ կոլեկտիվ էինք ձևավորել և համալրել տղամարդ ուսուցիչներով, ինչը շատ կարևոր էր ուսումնադաստիարակչական աշխատանքների համար: Նոր էր սկսվել պատերազմը, արդեն կորցրել էինք մեր դպրոցի սան Էդմոնին, հաջորդը՝ Ազատն էր: Դպրոցի լավագույն շրջանավարտների կորուստը դժվարությամբ ընդունեցինք, իսկ հետո պատերազմն սկսեց իր սև գործը: Ազատի հետ չհասցրեցինք երկար աշխատել, սակայն իմ հիշողության մեջ նա մնացել է որպես պարտաճանաչ, ողջամիտ և կարգապահ ուսուցիչ: Մարդկային իր արժեքների շնորհիվ նա կարողացավ մնալ աշակերտների և ուսուցիչների հիշողության մեջ: Ազատը պետք է հաղթանակած վերադառնար տուն, սակայն անողոք գնդակը գտավ նրան ,և մենք կորցրեցինք Արցախի լավագույն տղաներից մեկին: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել այս միջոցառման կազմակերպիչներին ու դպրոցականներին: Միջոցառումն ուղեկցվում էր 12-րդ դասարանի աշակերտ Ալեքս Շահրամանյանի ձեռքով պատրաստած սահկահանդեսով, որը ներկայացնում էր հերոսի մանկության, պատանեկան և ուսանողական տարիների նկարները: Հուզմունքը խեղդում էր յուրաքանչյուրիս, տակավին երիտասարդ Ազատի երազկոտ աչքերն այնքան բան էին ասում, այնքան երազանքներ ուներ և իր թախծոտ հայացքով ասես ցանկանում էր պատմել մեզ դրանց մասին… 12-րդ դասարանի աշակերտուհիներ Յուլիա Հայրապետյանի և Սնեժանա Թամրազյանի երգերը յուրահատուկ երենագներ էին հաղորդում միջոցառմանը և ստիպում զգալ օրվա խորհրդի ամեն մի վայրկյանը… Ազատի համադասարանցի Արթուր Հարությունյանն անհուն կարոտով և ցավով էր խոսում ընկերոջ մասին. -Ինձ համար շատ դժվար է անցյալով խոսել Ազատի մասին: Ազատի հետ իմ հիշողություններն առանձնահատուկ են, քանի որ նրա հետ ընկերություն էինք անում մանկությունից, միայն դպրոցն ավարտելուց հետո մեր ճանապարհները բաժանվեցին, բայց պատերազմը նորից միացրեց մեզ: Երբ սկսսվեց Արցախյան շարժումը, սկսեցինք բացեիբաց նախապատրաստվել կռվի, և Ազատն անվարան զենք վերցրեց: Բոլորս լավ գիտենք, որ հակառակորդի ամենաթիրախային տեղերից մեկը Ասկերանի բնագիծն էր այն ժամանակ, ամեն գնով նա ցանկանում էր գրավել Ասկերանը և հասնել Ստեփանակերտ: Ազատը պատահական գնդակից չզոհվեց, թշնամին կանխամտածված էր պատրաստվել ռազմական գործողությանը, սակայն մենք կարողացանք վրեժխնդիր լինել նրանից, դրանց ապացույցները մեր հետագա մարտական հաջողություններն էին: Մեծ ցավով եմ հիշում, որ չկարողացանք մասնակցել մեր ընկերոջ թաղման արարողությանը և նրան հողին հանձնել հերոսավայել: Պետք է շեշտեմ, որ այսօրվա միջոցառումը, որը կազմակերպվել է այսպիսի բարձր մակարդակով, առհավատչյան է այն բանի, որ մեզանից յուրաքանչյուրը, առանձնապես երիտասարդ սերունդը բարձր է գնահատում մեր տղաների հիշատակը և նմանօրինակ միջոցառումներով փոքր ինչ մեղմում այն վիշտն ու կսկիծը, որ ունեն նահատակների հարազատները: Սիրելի՛ դպրոցականներ, դուք մեզ ուժ եք տալիս և համոզում, որ կշարունակեք մեր կիսատ թողած գործը… Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանն իր խոսքում շեշտեց, որ Ազատ Հովսեփյանն այն ընտրյալն էր, որը լավ էր գիտակցում, որ անհնար է թուրք բարբարոսներին գրչով լռեցնել, նրանց պետք է լռեցնել միայն զենքով: Նա ցած դրեց գրիչը և զենք վերցրեց: Նա ընկավ՝ չտեսնելով և չվայելելով իր երազած Արցախը: Ազատը զոհվեց, որ այսօրվա սերունդն ապրի ապահով, խաղաղ և ազատ երկրում, իսկ այն պարտավորությունը, որ զգում է այդ սերունդը զոհված տղաների հիշատակի առաջ, անհերքելի է ու անխախտ: Միջոցառման վերջում երախտագիտության խոսք ասաց հերոսի քույր Մարինե Հովսեփյանը. -Իմ շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել դպրոցի տնօրինությանը, միջոցառման կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր եկել են հարգելու իմ մինուճար եղբոր հիշատակը, որն այդպես էլ անհիշատակ գնաց այս աշխարհից: Սակայն ես այս երեխաներին, ովքեր մեծ հիացմունք պատճառեցին մեզ, համարում եմ նաև Ազատի և նրա բախտակից ընկերների թողած սերունդները և համոզմունք հայտնում, որ նրանք շարունակելու են բարձր պահել զոհվածների հիշատակը: Դե ինչ, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հերթական արիության դասը: Դաս, որի նպատակը մեկն էր՝ գնահատել և մեծարել Արցախյան պատերազմում զոհված բոլոր հայորդիների հիշատակը և այդպիսով օրինակ հանդիսանալ գալիք սերունդների համար: Փառք ու պատիվ Ձեզ, հերոս տղաներ…
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|