ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ՈՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՔԱՅԼԵԼ ԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՈՐԸ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՆ Է
27.12.2019 15:27

2019 թվականը հոբելյանական էր Ասկերանի §ԲԵՐԴ¦ թերթի համար։ Լրացավ թերթի հիմնադրման 40 ամյակը: Թերթն իր կայացման ճանապարհին ունեցել է 6 խմբագիր: 20 տարի է՝ թերթը խմբագրում է Վալերի Պետրոսյանը՝ հոգով հարուստ, մտքով՝ պրպտուն ու ազգի համար մշտապես պատրաստակամ այդ անհատականությունը: Նա իր ընդգրկուն աշխարհայացքի և ճկուն մտածելակերպի շնորհիվ կյանքի առաջադրած ամենադժվար պահերին էլ վիճակից դուրս գալու և միջավայրում բարին գործելու ելքը գտել է: Նման դեպքերում դիմանկար կերտելը պատասխանատու է և պարտավորեցնող:

Վալերի Պետրոսյան. Ծնվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում,  1955 թվականին: Մանկության երազանքն էր դառնալ ֆուտբոլիստ՝ շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ: Սակայն մի քանի տարի հետո ուշադրությունը շեղվեց՝ հոգուն համահունչ: Միջին դասարաններից՝ դպրոցի տարբեր խմբակների շարքում, ընտրեց ֆոտոխմբակը, որին իր գործուն մասնակցությունն էր ապահովում և՝ մեծ սիրով: Դպրոցն ավարտելուց հետո Երևանում սովորեց խառատի մասնագիտությունը՝ կարմիր դիպլոմով։ Ծառայեց Գերմանիայում: Բանակից վերադառնալուց հետո աշխատեց հարազատ գյուղում 7 տարի: Աշխատելու տարիներին՝ 83-ին, ԼՂԻՄ-ի 60 ամյակն էր: Ինքը պատրաստեց ինքնաշեն տրակտոր: Դա եզակի էր Անդրկովկասում և լայնամասշտաբ քննարկումների տեղիք տվեց: 4 ամսում սարքեց, անվանեց §Ղարաբաղ¦: Այն երկար տարիներ ծառայեց իր նպատակին, և` գերազանց: Խառատի մասնագիտությունը շատ պետք եկավ տարիներ հետո՝ ինքնաշեն զենքեր պատրաստելիս: Պատրաստում էր նռնակներ, ատրճանակներ, հրացաններ, ու ամենակարևորըª ինքնաշեն թնդանոթ սարքեցին` 4 եղբայրներով: Հարկ եղած պահերին նաև Վալերին իր ձեռքով էլեկտրաեռակցումներ էր կատարում: Թնդանոթը սկզբնական շրջանում ծառայեց Խոջալուի կողմից եկած գնդակոծություններին հակահարված տալու համար:

- Ազերիները խուճապի մեջ էին՝ ի՞նչ հանելուկային զենքով ենք պատասխանում իրենց,- վերհիշում է զրուցակիցս:

... Լուսանկարիչ դառնալու որոշումը 15 տարեկանում էր ամրապնդել հոգում: Այդ ուղղությամբ հասավ իր նպատակին. §Սովետսկոյե ֆոտո¦ ամսագիր էր ստանումª համաշխարհային վարպետների տպագրմամբ, և ուսումնասիրում էր տառ առ տառ՝ միաժամանակ յուրացնելով ֆոտոնկարչության ամեն գաղտնիք: Հայտարարություն տեսավ և ընդունվեց Մոսկվայի արվեստի ժողովրդական հեռակա համալսարանի §Ֆոտոկինո¦ ֆակուլտետը: Սովորեց 4 տարի: 1980 թվականին այդ համալսարանի 50 ամյակին նվիրված ցուցահանդեսին մասնակցեց՝ հատուկ հրավերով. համալսարանի 2500 ուսանողներից 50 ընտրվածների կազմում էր: Այդ ցուցահանդեսին մասնակցության համար պատվոգրի արժանացավ:

1988-ի փետրվարի 13-ի առաջին հանրահավաքը Վալերի Պետրոսյանն է նկարել: Շարժման սկզբի լուսանկարները եզակի կադրեր են: Դրանց մի մասն այժմ զարդարում են ԱՀ ժուռնալիստների միության աշխատասենյակի պատերը: Այդ տարիներին արեց ամեն հնարավորը` գրավոր փաստագրությունների հետ նաև լուսանկարներով ապահովելու Շարժման առաջավորների կողմից արված յուրաքանչյուր ձեռնարկում: Այնուհետև, թեժ գծերում, նորագույն պատմության ժամանակագրությունն էր հնարավորինս կերտում՝ ֆոտոնկարներով: Տարածքի ընտրության հարցում սկզբունքային էր. ինքն այնտեղ էր, որտեղ թեժ մարտեր էին ընթանում:

-Աղդամի ազատագրման ժամանակ բազմաթիվ կադրեր եմ արել: Այդ թվում լուսանկարեցի ասկերանցի 17-18 տարեկան մի տղայի` Սամվել Գաբրիելյանին: 23 տարի անց` 2016-ի արյունոտ ապրիլին, երբ նա ՌԴ-ից կրկին եկել էր իր հող-հայրենին պաշտպանելու, հեռավոր դիրքերում` պատահականորեն, մարտում կրկին նկարեցի նրան: Այնուհետև, նկարները համադրեցի` կյանքն անբացատրելի¯ արարում է,- վերհիշում է Վալերին` հավելելով` 2016 թվականի ապրիլյան ահեղ օրերին ես այնտեղ էի, որտեղ զինվորը մաքառում էր մահին դեմհանդիման: Ես պարտավո՛ր էի այնտեղ լինել:

Եղել է, որ աշխատանքային իրավիճակում, դաշտում կոմբայնավարի հետ հարցազրույցի ժամանակ էլ, յուրահատուկ ընդունակություններով օժտված՝ խմբագիր - ֆոտոնկարիչը համապատասխան մասնագիտական խորհուրդներ է տվել կոմբայնավարինª կոմբայնի ոչ բարվոք վիճակը տեսնելով՝

-Ավելորդ հացահատիկի կորուստ ունեք, ձեր կոմբայնի փոկը կարգի բերեք…,- ու աշխատանքն առավել արդյունավետ է կատարվել…

Հայրենիքը Վալերիի համար սկսվում է ծննդավայրից:

-Եթե չսիրեցիր ծննդավայրդ՝ երկիրդ չես սիրի: Հայրենիքն ինձ համար ամեն ինչ է: Ես չեմ կարող ապրել առանց Արցախի, այն առավել ազատ երկիր է,-նշում է Վալերին, ում հայրական ընտանիքի բոլոր անդամները Նորագյուղում են ապրում՝ ամենքն էլ սիրում են սրբացած Հայրենիքը:

Վալերին հպարտությամբ է հիշում իր հայրիկին` Հակոբ Պետրոսյանին` սկզբում` գյուղի նվիրյալ բուժակին, այնուհետև` Նորագյուղի կուսկոմիտեի քարտուղարին` անշահախնդիր կերպով իր ժողովրդին նվիրված անձնավորությանը, ում աջակցությամբ 1988 թվականի փետրվարի 1-ին, երբ Շարժումն ընդհատակից դուրս էր գալիս,  Շարժման՝ Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանի առաջարկով, պատմական ժողովը տեղափոխեցին Նորագյուղ` այն անխափան կերպով նպատակին ծառայեցնելու համար: Ամենայն ջերմությամբ է խոսում նան տնային տնտեսուհի իր մայրիկի` Թամարայի վերաբերյալ, ում համարում է խաղաղության աղավնի:

Վալերիի կյանքի անխախտ սկզբունքն է՝ կիսատ-պռատ գործեր չանել՝ սկսած գործը պատվով ավարտին հասցնել: Չի սիրում միջակությունը: Եթե ամենազոր լիներ՝ աշխարհում վերջ կտար բոլոր տեսակի պատերազմները, որոնք չարիք են բերում, կոտորածություն ու մահ: Այն արհավիրք է, որը խախտում է մարդկանց բոլոր ծրագրերը, խաթարում` երազանքները: Բողոքը համամարդկային է:

-Ինչո՞ւ աշխարհի գերտերությունների ղեկավարները չեն կասեցնում արյունահեղ պատերազմները,-արդարացի կերպով հնչեցնում է նա բոլորի հոգիներից բխող ցանկալի հարցը,- չէ± որ կարո՛ղ են,- և, իհարկե, մնում անպատասխան, քանզի պատերազմները մշտապես են առաջադրում հավասարում` բազմաթիվ անհայտներով …

Շարժման գաղափարակիրների թվում, 1988 թ. փետրվարի 19-ին, Ղարաբաղից Երևան գնացած առաջին պատվիրակության կազմում էր:  Պատվիրակության առաքելությունն էր` Հայաստանի հանրության և իշխանությունների ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան հիմնախնդրին և խնդրել` սատարել սկսվող Շարժմանը: Ընդունեցին Իգոր Մուրադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վաչե Սարուխանյանը: Կազմակերպեցին, Կարեն Դեմիրճյանն ընդունեց պատվիրակությանը, խոստացավ օժանդակել:

Պատվիրակության ղեկավարն էր Ասկերանի §Կարմիր դրոշ¦ թերթի աշխատակից Սլավիկ Միրզոյանը, անդամները` ինքը` Վալերին, Ասկերանի կուսշրջկոմի աշխատակից Գագիկ Ասրյանը, ներկայիս համար 2 դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը, Շիրին Ասլանյանը, Աշոտ Մանգասարյանը:

Արցախյան գոյամարտի վերաբերյալ իր ուրույն բանաձևն ունի Վալերի Պետրոսյանը.

- Ես չեմ ընդունում գոյամարտ ձևակերպումը: Դա իմ ժողովրդի գոյատևման մարտը չէր, այն ազատամարտ էր, հերոսամարտ` հանուն հայրենիքի: Մեր հաղթանակի ֆենոմենը կամավոր սկզբունքով պայքարելու ակունքներում պետք է փնտրել, ժողովրդի հոգու պոռթկման մեջ: Արցախը տարածք չէ, հայրենի՛ք է, սրբությու՛ն: Թուրքերը նվաճողներ են,- համոզված է նա:

§Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է¦: Այս խոսքերի ճշմարտացիության մեջ համոզված է եղել Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Թերևս, երջանկության այդ ճանապարհով շարունակում է ընթանալ Վալերի Պետրոսյանը` արարման քարքարոտ ուղին մշտապես գերադասելով §լեռան գագաթին հանգրվանելուց¦, քանզի իմաստավորված վերելքը մշտապես է գերադասել թեկուզ և վեհանիստ` տեղում դոփելուց:

Վալերի Պետրոսյանն իր սեփական նախաձեռնությամբ շրջել է Ասկերանի 42 համայնքներում, լուսանկարահանել գյուղերի համայնապատկերը, հուշարձանները, աղբյուրները, խաչքարերը, եկեղեցիները, կազմել` գյուղերի պատմաաշխարհագրական քարտեզը: Որոշ գյուղերի մասին էլ տեսանյութեր է պատրաստել: Ասկերանի շրջանի քարտեզն է ստեղծել: Նպատակ ունի այն դարձնել ինտերակտիվ քարտեզ` Ղարաբաղից դուրս ապրողներին տրամադրելու գյուղի անցուդարձը: Այն նաև բարեգործության աղբյուր է համարում:

Վալերի Պետրոսյանը մինչև օրս արել է տասնյակ հազարավոր լուսանկարներ: Ստեղծագործական մոտեցում ունի լուսանկարների նկատմամբ՝ եթե բնանկար է, օրինակ, կամ արցախյան կախարդիչ տեսարան, սիրում է աշխատել դրանց վրա՝ առավել գեղարվեստական դարձնելու նպատակով:

§Բերդ¦ թերթի տպագրման վերաբերյալ ուրույն սկզբունքներ ունի 20 տարվա փորձ ունեցող խմբագիրը.

-Առաջին հերթին, թերթը պետք է անաչառ կերպով ներկայացնի իրականությունը: Ժողովրդի դարդ ու ցավի արտացոլողը պիտի լինի: Կարևոր է թերթի արտաքին տեսքի ճիշտ ձևավորումը: Չեմ ներում լեզվի աղավաղումները: Մեծ դեր եմ տալիս ներկայացվածի բարձր մակարդակին՝ գրված անաղարտ, անթերի հայերենով՝ առանց օտարաբանությունների:

Իսկ, առհասարակ, խիստ մտահոգված է լեզվի ոչ ճիշտ արտաբերումների և կիրառման վերաբերյալ՝ լինի թե՛ ՀՀ, թե՛ արցախյան հեռուստաեթերից հնչող, նաև՝ թերթերում տպագրված:

Վալերի Պետրոսյանի կինը` Անահիտ Պետրոսյանը, ով 20 տարի է, ինչ աշխատում է Վալերիի հետ և այժմ թերթի պատասխանատու քարտուղարն է, մշտապես եղել և մնում է ամուսնու ներշնչանքի աղբյուրը:

Էլեկտրոնային կայքէջում ավելի քան միլիոն ու կես դիտումներ գրանցած թերթի խմբագիրը ծրագիր ունի իրականացնելու՝ հնարավորության դեպքում.

-Ցանկալի կլիներ՝ խմբագրությունում լիներ նաև տեսագրելու, ձայնագրելու ստուդիա՝ համապատասխան նյութը թերթի կայքէջում տեղադրելու համար,-նշում է Վալերին՝ հավելելով՝ իմ երազանքն է՝ կահավորված արվեստանոց ունենալ՝ Արցախի տեսարաններով նկարների շարք պատրաստելու համար: Գյուղերի մասին ճանաչողական փոքրիկ ֆիլմեր եմ պատրաստում՝ ներառելով ուրույն տոհմածառեր, զոհված ազատամարտիկների վերաբերյալ տեղեկություններ, գյուղի կենսառիթմը պատկերող դրվագներ` ներկայացնելով նաև գյուղի խաչքարերը, եկեղեցիները… Արդեն Սզնեքի և Նորագյուղի վերաբերյալ պատրաստի ֆիլմեր կան, նպատակ ունեմ նկարահանել նաև Արցախի այլ շրջաններ` իրենց գյուղերով…

Վալերի Պետրոսյանը պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով։ Վերջերս էլ ԱՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Արցախի Հանրապետության Վաստակավոր լրագրողի կոչման։

§Ես երբեք չեմ նայում ժամացույցին, երբ աշխատում եմ¦,-համաշխարհային նորաձևության հսկաներից մեկի՝ գերմանացի ոճաբան և լուսանկարիչ Կարլ Լագերֆելդի խոսքերն են դրանք: Մեր դիմանկարի հերոսը նույնպես, համոզված ենք, չի նայում իր ժամացույցին, քանզի արարում է հնարավորինս`ժամանակի ու տարածության կտրվածքով ստեղծելով ակնթարթը հավերժացնող, ասել է թե` հայրենի՛քը հավերժացնող  գործեր` մշտապես լինելով այնտեղ, որտեղ իր կարիքը, իրոք, զգացվում է:

Եվ այսպես, մարդկային գիտակցությունը` հոգեբանական զտումով, մշտապես ամբարում է արժեքավոր հիշողություններ` հոգու գաղտնարաններում ուրույն առասպել հյուսելու համար, որի շնորհիվ կյանքում ամեն ոք կարողանում է քայլել այն ճանապարհով, որը միայն իրենն է:

Սոֆյա ՍԱՐԳՍՅԱՆ

§Ստեփանակերտ¦ թերթի գլխավոր խմբագիր

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter