ԹՈՂ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԻ...
27.12.2019 19:17

2019 թվականի վերջին օրեր ենք ապրում, որոնք թռչում են ակնթարթի պես։ Չնայած դեռևս Ամանորի շունչ չենք առնում, սակայն ավանդույթի ուժով ակնառու է նախատոնական տրամադրվածությունը, որն ավելի ակնհայտ է դառնում գիշերվա ժամերին, երբ վառվում են քաղաքը լուսավորող հազարավոր լապտերները, և կենտրոնական պուրակում շքեղ տոնածառի լույսերը խաղում են բազմապիսի գույներով։

Եվ վերջապես տոնի մասին մեզ հիշեցնում են ամենատարբեր մթերքներով ծանրաբեռնված խանութները։

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներն առանձնակի սիրելի և հոգեհարազատ են բոլորիս համար, որին սպասում ենք յուրահատուկ ջերմությամբ։ Հույս ու հավատով սպասում և հավատում ենք, որ Նոր տարին նոր հաջողություններ կբերի իր հետ։ Անկախ տարիքից դեռևս հավատում ենք հրաշքների, չէ որ ամեն - ոք իր բնագավառում կարող է հրաշագործ դառնալ՝ առանձնահատուկ վարվեցողությամբ, մարդկային կեցվածքով և կարեկցանքով։

Ասկերանի քաղաքապետարանն առաջնորդվելով՝ ամեն ինչ մեր երեխաների և հանուն նրանց նշանաբանով, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին պատրաստվել է տոնական բարձր տրամադրություն պարգևելու քաղաքի ամենակրտսեր բնակիչներին, ովքեր  առաջնահերթությունների առաջնահերթությունն են մեր բոլոր ձեռնարկումներում։

Օրեր առաջ մեկնարկել էր նախադպրոցական տարիքի երեխաներին Ամանորյա նվերների բաշխման գործընթացը։ Իսկ քաղաքային պուրակում շքեղ զարդարված տոնածառը բազում խորհուրդներ է պարունակում, այն մեր ամենանվիրական երազանքների իրականացման իմաստն է արտահայտում։ Ինչպես նշեց քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, քաղաքի բնակիչները կարող են երազանք պահել և պուրակը զարդարող լույսերից կախել իրենց խաղալիքները և այն իրականություն կդառնա։ Իսկ ի՞նչն է բոլորիս ամենանվիրական երազանքը՝ իհարկե, հարատև խաղաղությունն ու մեր սահմանների անխախտ անդորրը։

Դեկտեմբերի 27-ին Ասկերանի պուրակում հավաքվել էին Ամանորի նախատոնական տրամադրությամբ տոգորված ասկերանցիները։ Այստեղ էին շրջանի պատասխանատուները՝ վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ։

Միջոցառման հաղորդավար Արման Ավանեսյանը ներկաներին ողջունեց և Ասկերանի քաղաքապետարանի անունից քաղաքի բնակիչներին շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով անսահման երջանկություն, խինդ ու բերկրանք, որպեսզի անցյալում մնան բոլոր դժվարությունները, և Նոր Տարին ոտք դնենք նորանոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ։

Երգ ու պար, խինդ ու ծիծաղ՝ իրար հաջորդող երգերի գեղեցիկ կատարումներ։ Միջոցառման երաժշտական մասն ապահովեց Յուլյա Հայրապետյանը, ով կարողացավ իր երգեցիկ ձայնով հրաշալի ակնթարթներ պարգևել ներկաներին, ինչպես նաև կիսվեց նրանց հետ իր մտորումներով ու ցանկություններով։

Շուտով եկավ օրվա ամենասպասված պահը և երեխաների ուրախ կանչերի ուղեկցությամբ եկան Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթային հերոսները, և պուրակը վերածվեց հեքիաթային աշխարհի։ Մանուկներն արտասանեցին՝ արժանանալով Ձմեռ պապիկի գորովանքին ու նվերին։ Նվերներ ստացան տոնախմբությանը մասնակցած բոլոր երեխաները, ինչպես նաև նկարվեցին սիրելի մուլտհերոսների հետ։

Վերջում տեղի ունեցավ շքեղ հրավառություն։

Ի դեպ նշենք, որ Ամանորյա տոնահանդեսի կայացմանն աջակցել են Ասկերանի պատվավոր քաղաքացի Կարեն Շահրամանյանը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հարությունյանը, §Ադրիանա¦ ՍՊԸ տնօրեն Կարեն Բարսեղյանը և համայնքի ավագանու անդամները։

Ամանորի ու ընդհանրապես մեր ամենօրյա երազանքն ու ցանկությունը եղել և մնալու է հարազատ երկրի ներքին և արտաքին կայունությունը, մարտական հերթապահություն իրականացնող զինվորների անվտանգությունը...

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter