ԱՍԿԵՐԱՆԻ §ԲԵՐԴԸ¦ ԱՐՑԱԽԻ ՉԵՄՊԻՈՆ |
30.12.2019 11:58 |
Ասկերանում քաղաքային մարզադաշտ կառուցելու հետ մեկտեղ մեծ զարգացում է ապրել ֆուտբոլը։ Մարզադաշում անցկացվում են ինչպես քաղաքային, այնպես էլ միջազգային և համահայկական նշանակության խաղեր։ Երկրորդ տարին է, ինչ մեր հանրապետությունում ԱՖԼ շրջանակներում անցկացվում է ֆուտբոլի հանրապետական առաջնություն։ Առաջնությանը մասնակցում է նաև Ասկերանի շրջանի §Բերդ¦ թիմը, որի ֆուտբոլիստներն այս տարի բավականին բարձր ու պրոֆեսիոնալ խաղ են ցուցադրում։ Առաջնության ողջ ընթացքում §Բերդը¦ պահպանել է առաջատարի իր դիրքերը։ Չնայած մեր երկրում տիրող քաղաքական թեժ մթնոլորտին, ֆուտբոլի թիմի ամրագրած հաջողությունները չվրիպեցին §Ազատ Հայրենիք¦ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի ուշադրությունից։ Ինչն արտահայտվեց թիմին տարբեր հարցում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ։ Պարզվեց, թիմը մարզական հագուստի կարիք ունի։ Եվ ահա դեկտեմբերի 6-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը մարզական հագուստը հանձնեց թիմի անդամներին։ Թիմի ավագ Հայկ Շամիրյանը շնորհակալություն հայտնեց Ա. Հարությունյանին՝ ցուցաբերած մեծ ուշադրության համար, նշելով, որ ունեն համախմբված և ուժեղ թիմ՝ իր առջև դրված հստակ նպատակներով։ - Մենք, իսկապես զգում էինք ձեր օժանդակության կարիքը, այն ընդունելու ենք նաև որպես խրախուսական, բարոյա-հոգեբական աջակցություն և անելու ենք ամեն ինչ՝ շրջանի անունն ու պատիվը բարձր պահելու համար։ Հիրավի, տղա երեխաներից շատերն են մանուկ հասակում երազել հայտնի ֆուտբոլիստ դառնալ, նմանվել ֆուտբոլի աշխարհահռչակ այս կամ այն ֆուտբոլիստին։ Հուսանք, որ հարմարավետ մարզադաշտն ու օր-օրի մարզաձևի նկատմամբ ավելացող ուշադրությունը կօգնի ի կատար ածելու մեր երեխաների երազանքները։ Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ԱՖԼ առաջնության վերջին հանդիպումը՝ Ասկերանի §Բերդ¦ և Վանքի §Գանձասար¦ թիմերի միջև։ Հանդիպումն անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Չնայած խաղի ելքը վճռորոշ չէր, այնուամենայնիվ ասկերանցիները բավականին գեղեցիկ և գոլառատ խաղ ցուցադրեցին։ Առաջին խաղակեսն ավարտվեց 4։0 հաշվով, գոլերի հեղինակներ դարձան Էրիկ Վերդյանը, Էդգար Ավագյանը, Սերգեյ Օսիպյանը, Բամբան։ Երկրորդ խաղակեսում թիմի հաշվին երեք գոլ ավելացրեցին Դավիթ Հակոբյանը, Վադիմ Հայրապետյանն ու Սերգեյ Օսիպյանը։ Խաղն ավարտվեց 7։1 խոշոր հաշվով՝ հօգուտ §Բերդ¦-ի։ Աննկարագրելի էր բերկրանքը, որը տիրում էր Ասկերանի քաղաքային մարզադաշտում՝ խաղավարտից հետո։ ԱՖԼ տնօրեն Մհեր Ավանեսյանը շնորհավորելով ասկերանցիներին համոզիչ հաղթանակի և Արցախի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ՝ մաղթեց նրանց այսուհետ ևս շարունակեն ամրակուռ և համերաշխ թիմով գեղեցիկ խաղեր ցուցադրել։ Մ. Ավանեսյանը չեմպիոնի գավաթը հանձնեց թիմի ավագ Հ. Շամիրյանին։ Խաղի ընթացքին հետևող մեկ տասնյակի հասնող երկրպագուներից առաձնանում էր Ասկերանի քաղաքապետը։ Նա գրեթե բաց չէր թողնում թիմի խաղերը։ Թիմի հաղթանակն էլ տոնեց նրանց հետ՝ կիսելով վերջիններիս ուրախությունը՝ խոստանալով շարունակել աջակցել թիմի հերթական հաղթանակների կերտմանը։ Յուրաքանչյուր հաղթանակի հետևում տքնաջան, անդադրում, հաճախ նաև զրկանքներ են թաքնված։ §Բերդ¦ -ի ֆուտբոլիստներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին, Ասկերանի շրջվարչակազմի նախկին ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, ում նախաձեռնությամբ ու անմիջական ղեկավարությամբ կառուցվել է այս հոյակապ մարզադաշտը, նախկին մարզիչներ Սարգիս Աղաջանյանին և Սևան Պետրոսյանին, ներկայիս մարզիչ Վոլոդյա Սարգսյանին։ Թիմի անդամներն առանձնակի երախտագիտությամբ էին լցված §Բերդ¦ թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանի նկատմամբ, ով եղել և մնում է թիմի հուսալի երկրպագուն, նրա հաղթանակներն ու անկրկնելի պահերը հավերժացնողը՝ կերտելով յուրօրինակ պատմություն։ §Բերդ¦ թերթի անձնակազմը շնորհավորում է իր անվանակցին՝ §Բերդ¦ ֆուտբոլային թիմին` փառապանծ հաղթանակի, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց նորանոր բարձունքների նվաճում։ Մաղթում ենք նաև, որպեսզի նրանց խաղերն այսուհետ անցնեն բազմաթիվ երկրպագուների աջակցությամբ։ Եվ ինչպես կատակում էր §Բերդ¦ -ի սենեգալցի խաղացող Բամբան, եթե իմանար, որ այսօր երկրպագուներ չեն լինելու մարզադաշտում, ապա թիմին աջակցողներ կհրավիրեր իր հայրենիքից։ Կարծում ենք այս խոսքերն իրավասու մարմիններին լուրջ խորհելու տեղիք կտան։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|