ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
30.12.2019 11:01

Շատ շուտով մենք հրաժեշտ ենք տալու հին տարուն և դիմավորելու ենք նորին: Հետ ենք նայելու դեպի հին տարի և մեծահոգաբար ժպտանք, այդ ժպիտի մեջ լինելու է երախտագիտություն, սեր, ափսոսանք, ներողամտություն, իսկ նորին ժպտալու ենք մի առանձնակի ջերմությամբ: Չէ որ նրա հետ մեծ հույսեր ենք կապում, ակնկալում միայն ուրախությամբ լեցուն տարի…

Անշուշտ, նոր տարին դիմավորելիս մեզանից յուրաքանչյուրը խաղաղություն է խնդրելու, որն այնքա՜ն շատ է հարկավոր մեր ժողովրդին, քանզի դարեր շարունակ մեր ժողովուրդը հանուն խաղաղության պայքարել է թշնամիների դեմ և կարողացել հաղթահարել ցանկացած ոտնձգության: Արցախյան պատերազմում մենք վերստին ցույց տվեցինք մեր ուժը, ամուր կամքը և հաղթեցինք, իսկ ապրիլյան պատերազմում

մեր որդիները գերազանցեցին մեզ…

Այսօր այս խաղաղ և ազատ երկրի համար մենք պարտական ենք մեր այն տղաներին, ովքեր հանուն այս կյանքի զոհաբերեցին իրենցը:

Փառք ու պատիվ մեր զոհվածներին…

Մենք՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկներս տեսնում ենք նաև այն գնահատականը, որ տալիս է մեզ երիտասարդ սերունդը, և այդ վերաբերմունքն ինքնին երջանկացնում է յուրաքանչյուրիս:

Ես ցանկանում եմ, որպեսզի գալիք տարում բոլորի աչքերը շողան անսպառ երջանկու-թյունից, բարին ուղեկցի յուրաքանչյուրիս: Ցանկանում եմ, որպեսզի ավելի շատ հայ մանուկներ ծնվեն և նրանց ճակատին բոլորովին այլ գիր լինի գրված՝ ապրել միայն խաղաղ երկնքի տակ:

Ցանկանում եմ, որպեսզի ավելի հզորանա իմ Արցախ աշխարհը, շարունակենք արարել, կերտել, ստեղծագործել և հարստացնել նաև մեր հոգու գեղեցկությունը: Չէ որ հոգով գեղեցիկ մարդը կարող է միայն երջանիկ լինել…

Որպես մայր հորդորում եմ բոլոր մայրերին իրենց որդիներին դաստիարակել հայրենասի-րության ոգով, նրանց մեջ սերմանել հայի պատվախնդրություն և ոգու տոկունություն:

Տա Աստված, որ 2020 թվականը երջանկության, նորանոր ձեռքբերումների և խաղաղության տարի լինի…

Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ, Արցախյան պատերազմի վետերան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter