ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
30.12.2019 11:14

Թանկագին հայրենակիցներ.

Ավարտին է մոտենում 2019 թվականը, և շուտով պատմության գիրկը կանցնի ևս մեկ տարի։ 2019 թվականը բոլոր առումներով հաջողված է եղել շրջանի համար։ Ուզում եմ արժևորենք անցնող տարվա մեր հաջողությունները, ձեռքբերումները և կատարած այն աշխատանքները, որոնք իրենց դրական հետքն են թողնելու շրջանի կենսագրության մեջ։

2019 թվականին իրականացված միջազգային և համահայկական միջոցառումների միջոցով շրջանն ավելի ճանաչելի է դարձել հազարավոր զբոսաշրջիկների

համար, և այդ իրադարձությունների շնորհիվ ասկերանցիները ձեռք են բերել հարյուրավոր ընկերներ ու բարեկամներ։



2019 թվականին շրջվարչակազմի գործունեության առանցքում էին շրջանի բնակիչը և նրա կարիքները: Իրականացվել են բարեգործական, կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական և  բազմաթիվ այլ ծրագրեր։

Կատարված աշխատանքներում, իհարկե, մեծ էր ձեր դերը սիրելի հայրենակիցներ, և գիտակցում ենք, որ կան դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրներ, ուստի փնտելու և գտնելու ենք ուղիներ ու միջոցներ՝ դրանց լուծման համար։ Անցնող տարին, իր դժվարություններով հանդերձ, ևս մեկ քայլ եղավ միտված Արցախի պետականության ամրապնդման, երկրի զարգացման, հզորացման և հակառակորդին խաղաղության պահպանումը հարկադրելու գործում։

Խաղաղությունն ապահովվել է պետության, սահմանին կանգնած մեր որդիների նվիրվածության և ազգի միասնության շնորհիվ։ Փառք ու պատիվ մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին, երիցս փառք մեր հերոս նահատակներին։

Սիրելի՛ հայրենակիցներ.

Նոր տարին ընտանեկան տոն է: Իմ հարազատ շրջանն էլ մեծ ընտանիք է բոլորիս համար։  Ընտանիքի հարգելի՛ անդամներ։ Մենք մուտք ենք գործում 2020 թվական բազմաթիվ տնտեսական և սոցիալական ծրագրեր իրականացնելու և նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ։  Նոր տարում ունենալու ենք առաջընթաց շրջանի գործունեության բոլոր բնագավառներում, հատկապես բարեկարգման ու շինարարության ոլորտներում։ Համոզված եմ, որ 2020 թվականին շարունակելով համատեղել մեր ջանքերը, կունենանք նոր ձեռքբերումներ՝ գալիք սերունդների համար:

Գալիք տարին կարևոր է լինելու նաև քաղաքական առումով՝ անցկացվելու են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Արցախի Հանրապետության Նախագահի ընտրություններ։ Հավատում եմ, որ արձանագրելու ենք ակտիվ մասնակցություն, բարձր իրավագիտակցություն և կազմակերպվածություն։

Սիրելի՛ հայրենակիցներ.

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:  Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի բոլորիս ընտանիքներին, զինվորներին և մեր երկրին, ու լինի ուրախ և հրաշքներով լի տարի։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter