ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
06.01.2020 17:08

Սուրբ Ծնունդը կամ Աստվածահայտնությունը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի անշարժ տոներից է, որը նշվում է հունվարի 6-ին: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի սուրբ պատարագ, որից հետո բազմաթիվ հավատացյալներ իրենց հետ տուն տարան եկեղեցում վառած լույսը՝ հավատալով, որ աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը պահապան կլինեն իրենց

օջախներին և ողջ տարվա ընթացքում Աստծո խոսքը հաստատուն կպահպանեն:

Այսօր Ասկերանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ ծննդյան տոնը։ Եկեղեցին մարդաշատ էր։ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Պատարագ, իսկ վերջում կատարեց ջրօհներքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը: Օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալներին, ովքեր իրենց հետ տուն տարան այն՝ հիվանդների բժշկության, ընտանիքի անդամների մարմնական և հոգեկան ապաքինման համար։

Ինչպես ասաց Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը՝ Սուրբ Ծնունդն ամենագեղեցիկ տոներից է թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի համար, որի խորհրուրդն է մեկ անգամ ևս մարդկանց հիշեցնել բարի գործեր կատարելու, բարութան և բարյացկամության, Աստծո խոսքի մեջ ապրելու մասին։ Այն իր հետ բերում է սեր, ջերմություն, գթասրտություն, քնքշություն, ուրախության զգացումներ, պարգևելով հոգու հանդարտություն ու բարություն։

- Մեծ է տոնի խորհուրդը՝ Մեզ համար մի Մանուկ ծնվեց, մեզ մի Որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսերի վրա, և Նրա անունը կկոչվի  Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան։ Այս տարվա Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու խաչեղբայրը շրջանում մեծ հարգանք վայելող և Աստծո պատվիրաններով ապրող մի անձնավորություն է, ով սիրով է ստանձնել այդ սուրբ պարտականությունը։ Ասկերանի շրջանի հարկային տեսչության պետ Մարատ Հայրապետյանը միշտ էլ եղել է եկեղեցու կողքին, սատարել նրան, ինչպես նաև բազմաթիվ ասկերանցիների կնքահայրն է, - նշեց քահանան։

-Հիսուն Քրիստոս ծնվեց բոլորիս հոգիները նորոգելու, դարձի բերելու համար, որպեսի նրան հավատացողներն էլ ավելի ամրանան ոգով, իսկ անհավատները դարձի գան և փրկության հույս ունենան։ Տոնը, իսկապես, մեր եկեղեցու ամենասքանչելի տոնն է, քանզի Աստվածահայտնությունը հրաշալի առիթ է մեր հոգիների բժշկության, մերձավորի հանդեպ բարությամբ լցվելու, բարիք գործելու համար: Թող Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլորիս տներում ու զարդարի սքանչելի ավետիսով՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց եկեղեցու խաչեղբայր Մարատ Հայրապետյանը:

Շնորհավոր Սուրբ ծնունդ։ Թող Սուրբ Ծննդյան տոնը մեր գիտակցության մեջ ամրապնդի այն փաստը, որ Երկնային Թագավորության ամենամեծ ու վառ աստղը ծագեց մսուրում և խոնարհության ու առաքինության դաս հանդիսանա բոլորիս համար։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter