2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
08.01.2020 12:31

Հունվարի 8-ին Ասկերանի մշակույթի տան բակը մարդաշատ էր, 17 պատանի պատրաստվում էին համալրելու ԱՀ ՊԲ շարքերը: Այդ տղաներից յուրաքանչյուրը լցված էր ինքնավստահությամբ և քաջ գիտակցումով, որ Հայրենիքի սահմանների պաշտպանության վեհ գործն արդեն իրենց էր հասել, և նրանք պատվով են շարունակելու իրենց եղբայրների, հայրերի ու պապերի սուրբ գործը:

Նորակոչիկներին ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ Վլադիմիր Բալասանյանը, Արթուր Հարությունյանը, Ասկերանի շրջանը սպասարկող հովիվ տեր Մեսրոպ քահանա Խունոյանը, Արցախյան պատերազմի ազատամարտիկներ, նորակոչիկների հարազատներ:

Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը ողջունելով ներկաներին ՝ շեշտեց.

-Այսօր հերթական զորակոչն է, որը մեր երկրում համարվում է կարևորագույն միջոցառումներից մեկը: Մենք մեր տղաներին ճանապարհում ենք ԱՀ ՊԲ շարքերը՝ քաջ համոզված լինելով, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները:

Կոչ եմ անում լինել կարգապահ, միասնական, զգոն: Հիշեք, այստեղ ձեր վերադարձին են սպասում ձեր հարազատներն ու ընկերները:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հարությունյանը շնորհավորելով տղաներին օրվա առթիվ և բարձր գնահատելով դրա խորհուրդը՝ հորդորեց միշտ բարձր պահել Ասկերանի շրջանի պատիվը և միշտ հիշել, որ հայրենիքի պաշտպանը պետք է կարգապահ, ընկերասեր և պատասխանատու լինի և կարողանա անսխալ տիրապետել իրեն վերապահված զինատեսակին:

Ջերմությամբ էր լցված Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի սրտի խոսքը.

-Այսօր ձեր գիտակցական կյանքի ինքնադրսևորման առաջին քայլն եք կատարում, դուք զինվորագրվում եք Արցախի բանակին և դառնում մեր սահմանների պահապանները: Մենք վստահում ենք ձեզ, իմացեք, Արցախը Հայրենիք է, այլ ոչ թե տարածք, և դուք կոչված եք այն պաշտպանելու:

Նորակոչիկներին օրհնանքի խոսք ասաց Ասկերանի շրջանը սպասարկող հովիվ տեր Մեսրոպ քահանա Խունոյանը: Նա բարի ու անխոչընդոտ ծառայություն ցանկանալով տղաներին՝ նշեց, որ յուրաքանչյուր ոք սրտատրոփ սպասելու է նրանց վերադարձին, քանզի բոլորն են համարվում տղաների ծնողներն ու հարազատները:

-Թող Աստծո աջը լինի ձեր գլխավերևում, թող խաղաղության աղավնիները սավառնեն Արցախի երկնակամարում,- մաղթեց տեր Մեսրոպ քահանա Խունոյանը:

Սրտառուչ էր նորակոչիկի պապիկ, Արցախյան շարժման առաջամարտիկ Սլավիկ Առուշանյանի խոսքը:

-Այսօր ես իմ առաջին թոռնիկին եմ ճանապարհում դեպի մեր երկրի ՊԲ-ի շարքերը: Նրան և բոլոր տղաներին մաղթում եմ ծառայել խաղաղ երկնքի տակ, լինել բարեխիղճ, նպատակասլաց և հարգալից իրար հանդեպ: Եթե դուք լավ ծառայեք, ուրեմն մենք ապահով կզգանք մեզ և կհպարտանանք ձեզանով:

Մենք՝ հարազատներս  պետք է գիտակցենք, որ այս 2 տարիները դուք նվիրելու եք միայն հայրենիքի պաշտպանությանը, և դա պետք է լինի ձեր սուրբ առաքելությունը:

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր Ասկերանի <<Բերդ>> համույթի երգ ու նվագով, որն ավելի մեծ ուժ և կորով էր հաղորդում ներկաներին: Զորակոչիկների հարազատները, թեև հուզված էին և արդեն իսկ կարոտով լցված, հավատում էին, որ տղաները ծառայելու են հավուր պատշաճի, այնպես, ինչպես բնորոշ է իսկական հայորդուն, քանզի նրանք իրենց ապուպապերի արժանավայել զավակներն են և հետնորդները:

Սիրելի՛ տղաներ, բարի և անփարձանք ծառայություն բոլորիդ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter