ԲԱՔՎԻ ՄԵՋՔԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ, ԻՍԿ ԲԱՆԱՆՑԻ ՄԵՋՔԻՆ՝ ՈՉ-ՈՔ |
10.01.2020 17:10 |
Ես իմ թղթերի մեջ հանդիպեցի 2011 թվականի նոյեմբերի 16-ին տպագրած իմ մի հուշի: Ահա այն. <<Վերջին օրերին ինձ համար մի տխուր տեղեկություն իմացա, որ քանդել են Ռաֆայել Իսրայելյանի տունը: Իմ հոգին տակնուվրա եղավ. իմ առջև մանկության մի դրվագ կանգնեց: Պատահաբար Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում հայտնված Բանանցում 1969 թվականին Հայրենական մեծ պատերազմում զոհված բանանցեցիներին նվիրված աղբյուր-հուշարձանի ավերումն էր թուրքերի կողմից: Հուշարձանի հեղինակը մեծանուն վարպետ Ռաֆայել Իսրայելյանն է: Ես նորից զգացի մեր տան կողքերի քերծերին աճող ուրցի հոտն ու լսեցի օդում ճախրող խոսքերը. «Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ…»: Երիտասարդ կինը քերծից նստարանին դնում է փոքր բարձերը, նրանց վրա տեղավորվում են երեք երեխաներ, բացում են թղթիկը ու սկսում են երգել` «…Թնդացնում ես երկինք-գետին տենչավառ…»: Տունը ձորի զառիթափ լանջին էր, որտեղից պարզ երևում էին Դիմաց տեղում կանգնեցված հուշարձանի մնացորդները: Մայրամուտի շառագույն լույսի տակ մայրս մեզ տեղավորում էր քերծին, ու մենք սկսում էինք երգել, մեր հայացքները երգելու ողջ ընթացքում ուղղվում էին դեպի Դիմաց տեղ, որտեղ պետք է կանգնած լիներ վարպետի քանդակած Արծիվը, բայց մնացել էր միայն արծվի կոտրած թևը, որի մոտ էլ բանանցեցիներն էին հերթապահում, որ թուրքը գյուղ գիշերը չմտնի ու չգողանա-չտանի: Իմ ականջներում հնչում են գյուղի դպրոցում կախված եկեղեցու զանգի գիշերվա տագնապալից ղողանջները, որը հավաքում էր բանանցեցիներին դիմակայելու թուրքերի գիշերային հարձակումը: Թուրքը վախեցել էր վարպետի քանդակած Արծվի աչքերից, այնտեղ տեսել էր Անդրանիկի աչքերը: Գյուղում ամեն քայլի զգացվում էր նրա ոգու ներկայությունը: Մենք` 7-8 տարեկան երեխաներ, Բանանցի փողոցներում ու տների պատերից կախում էինք Արծվի մատիտանկարը, ու վստահ էինք, որ դա Անդրանիկի ներկայության խորհուրդն էր: Թուրքն իր հերթական ու միայն իրեն բնորոշ վայրագությամբ ոգեկոչել էր Անդրանիկին: Կրեմլի հերթական լուռ ու անտարբեր հայացքի տակ Բաքուն անպատիժ հաշվեհարդար էր տեսնում հայկական դարավոր փորձություններ տեսած Բանանցի հետ, այս փորձությունը ջլատեց Բանանցը: Բաքվի մեջքին Թուրքիան էր, իսկ Բանանցի մեջքին` ոչ-ոք: Բանանցը ընկրկեց այդ օրերին, բայց ոչ մի թուրք չհամարձակվեց ոտք դնել այնտեղ ապրելու, մինչև 1988-ի նոյեմբեր, երբ մի քանի տասնյակ հայկական գյուղերի հետ Բաքուն վերջնական հայաթափեց Բանանցը:
Արծվի կոտրելուց անմիջապես հետո` միայն 1969 թվականի օգոստոսին, 120 ընտանիք հեռացավ գյուղից: Իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ում տիրող թուրքական խորհրդային իշխանությունները կազմեցին Բանանցի ու հարևան հայաբնակ գյուղերի ակտիվիստների ցուցակները, որոնք առանձնակի աչքի էին ընկել բախումների օրերին, ու սկսվեց հաշվեհարդարը նրանց հանդեպ, մի հայ միլիցիոների, որն ակտիվ կապի մեջ էր եղել բանանցեցիների հետ, վառեցին մոտոցիկլետի վրա, քանի-քանիսը դարձան հաշմանդամ: Այո, Բաքվի մեջքին Թուրքիան էր, իսկ Բանանցի մեջքին` ոչ-ոք: Բանանցն ընկրկեց այդ օրերին, բայց ոչ մի թուրք չհամարձակվեց ոտք դնել այնտեղ ապրելու, մինչև 1988-ի նոյեմբեր, երբ մի քանի տասնյակ հայկական գյուղերի հետ Բաքուն վերջնական հայաթափեց Բանանցը: Հայրս վարում էր բեռնատար մեքենա, աշխատում էր Քարհատի երկաթի հանքում: Դե, իհարկե, Քարհատի անունը թուրքը փոխել էր, ուղղակի թարգմանել` Դաշքեսան, ինչպես և նսեմացրել Բանանցի վեհ անունը ու վերափոխել Բայանի: Մի օր հերթափոխի ժամանակ հորս ականջին է հասնում մի քչփչոց: Հայրս զգաստանում է, մի քանի շաբաթ էր անցել, երբ հայրս մեքենայի ուղևորախցիկում ( կաբինկայում) աշխատելուց հետո գլուխը բարձրացնում է ու տեսնում, որ թուրք աշխատողները ոհմակի նման շրջապատել են մեքենան: Հայրս լարվում է, փորձում է հասկանալ, թե ինչ են պատրաստվում իր հետ անել: Թուրքերը շարունակում են ուշադիր հետևել նրան: Հայրս նկատում է բարձրավոլտ լարման մալուխը մեքենայի դռանն ամրացրած: Հայրս վստահ էր, որ իր վաղամեռիկ մոր հոգին կողքին է. նա լուռ շարունակեց նստած մնալ: Թուրքերից մեկը մոտեցավ մեքենային և դռան բռնակից մալուխը հեռացրեց, հայրս իջավ մեքենայից: Այդ օրից հայրս ավելի քան լարված ու ուշադիր էր, նա գիտեր, որ թուրքն իրեն չի ների ոչ Անդրանիկի հայացքով Արծվի փրկված թևի համար, և ոչ էլ հայկական թուրի համար. երբ բուլդոզերի շերեփը պոկեց հողաթումբը, հողի տակից թուր հայտնվեց: Թուրքը վրա քշեց, թե սա թուրքական է: Հայրս մի ակնթարթում բարձրացրեց թուրը ու ասաց. <<ձերը յաթաղանն է, իսկ սա տես, որ խաչ է ու մյուս կողմից էլ թուր>>: Այո, հայրս գիտեր, որ իր հայ լինելը չի ներվի թուրքի կողմից: Ու նրա ողջ մարմինը որսում էր շրջապատում հյուսվող ծուղակները: Ու նրան քչփչոց հասավ, նա կանգ առավ ու հստակ լսեց, որ բրիգադի պետը հանձնարարում է իր աշխատողին, ով հենց պետի եղբայրն էր, որ <<տար ու վերացրու Ավոյին>>: Հայրս արագ հեռանում է և գնում հերթափոխի պետի մոտ, պատմում իր լսածի մասին ու խնդրում նրանից, որ թույլ տա գիշերել կաբինետում՝ պայմանով, որ առավոտյան հայրս վերջնական կհեռանա Դաշքեսանից, ու ոչ միայն… 1971 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան հայրս հնարավորինս բեռնում է բեռնատարը, մեզ էլ` երեք երեխաներիս ու մորս, չեմ հիշում ինչպես, տեղավորում է որին թափքում, որին էլ ուղևորախցիկում՝ վարորդի մոտ, ու մենք ուղղություն ենք վերցնում դեպի Հայաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Երևան: 1974 թվականի ամառն էր, հայրս թեև ամեն օր էր պատմում Բանանցի, Մուռուտի, Ոսկեպարի, Պանդասարի, Խաչակապի, Քարհատի ու իր շատ սիրած քաղաք Գանձակի մասին (այդ օրերին Կիրովաբադն էր, հիմա պարսկական անունով` Գյանջա), բայց ասաց. << կարոտս կառնեմ, գնանք գյուղ, այցելենք մեր տունը, մի անգամ էլ շոշափենք ուրցով ծածկված քերծերը>>: Գնացինք գյուղ: Երևանում մորս թողեցինք մեկ տարին չլրացած նորածին եղբորս հետ: Ես արդեն 7-րդ, քույրս 4-րդ, իսկ լուսահոգի եղբայրս 2-րդ դասարանի աշակերտներ էինք, իսկ լուսահոգի հայրս էլ 42 տարեկան տղամարդ էր: Մեր երկհարկանի քարե տան դիմաց էլ հենց Դիմաց տեղն էր, ու եթե Դիմաց տեղն ուղղաձիգ միացնեինք երկնքին, ես այդպես էի պատկերացնում, ապա այդ գիծը կանցներ մի լեռան սպիտակ, անչափ սպիտակ գագաթով: Հայրս պնդում էր, որ լեռան գագաթը սպիտակել է արծիվների ծերտից: Իսկ մենք` երեք երեխաներս, անչափ զարմացած, թե ո՞նց կարող է արծիվն այդքան վերև բարձրանալ, ու այդքա՞ն էլ սպիտակ ծերտ: Հայրս որոշեց ցույց տալ այդ գագաթը: Ու մենք մի առավոտ արթնացանք, ճանապարհվեցինք դեպի այդ լեռ: Հայրս մեզ տարավ Հունուտով, անցանք ջրվեժի մոտով, հասանք Հարսնաքարերին: Դրանք շուրջպար բռնած քարեր էին, ըստ ավանդույթի հարսանքավորներն են այդպես քարացել: Տարավ Նահատակների քարերի մոտով, որոնց տակ թաղված էր սիրահարված զույգը, որը համարձակվել էր խախտել ադաթն ու աբուռը: Հասանք լեռան գագաթին ու զարմացած նայում էինք ոչ միայն ծերտի թմբի տակ թաղված գագաթին, այլև մեր գլխավերևում պտտվող բազում արծիվներին: Չեմ մոռանա երբեք այդ պահերը, երբեք… Բռնել էինք դեպի գյուղ հետդարձի ճամփան: Ասեմ, որ այդ ամբողջ տարածքը` թե լեռն ու նրա գագաթը, թե անտառը, Հունուտը, բոլորը համարվում էր գյուղի տարածքը: Մենք վերևում էինք, Դիմաց տեղից էլ վերև ու անտառից նայում էինք գյուղին, նրա կարմրագորշավուն տանիքներին, վեր խոյացող Եկեղեցու գմբեթին: Մեկ էլ հայրս մի ակնթարթում երեքիս էլ առավ գրկի մեջ ու պառկացրեց հողի վրա ասելով. <<սը՜սը՜սը՜սը՜ս>>: Մենք ծառերի ետևում թրքական խոսակցություն լսեցինք: Շնչներս պահած չգիտեմ ինչքան երկար մնացինք այդպես հողին կպած: Հետո երբ հայրս մեզ բարձրացրեց, իմ առաջին հարցն էր, թե ի՞նչ կլիներ մեզ հետ: Հայրս, երևի տագնապից, ուղիղ պատասխանեց. <<Մեզ կմորթեին, … չգիտեմ>>: Չեմ մոռանա երբեք այդ պատասխանը, երբեք… Եկանք գյուղ, հայրս համագյուղացիներին զարմացած պատմեց, որ թուրքը ոտք է դրել Բանանցի հողին, համագյուղացիներին դա անհանգստացրեց: Դա արդեն 1974 թիվն էր: Հայրս չէր սիրում պատմել իր հետ պատահած փորձանքների մասին: Բայց մի օր, երբ արդեն <<երևանցի>> էինք, պատմեց. <<Ինձ տարան թուրքերում (թուրքերում ասում էին թրքական բնակավայրին) մեքենա նորոգելու: Պառկած եմ բեռնատարի տակ, աշխատում եմ, ինձ գործիք է պետք, մտածում եմ մեքենայի տիրոջը ասեմ, որ փոխանցի, որպեսզի մեքենայի տակից դուրս չգամ: Տեսնեմ մեքենայի մոտ կանգնած ու իմ աշխատանքին հետևող տղամարդկանցից և ոչ ոք չկա: Ստիպված էի դուրս գալ, որ գործիքը վերցնեմ, ու ի՜նչ տեսնեմ. մի քանի մետր մեքենայից հեռու մի փափախավոր բիձու կողքերին շարվել են ու լսում են բիձու պատմությունները, թե դա որ ճամփին ու որ տարածքում քանի հայ է մորթել ու թաղել, որոնք իրեն հանդիպել են պատահական` ճանապարհին: Ես սառը քրտինքի մեջ կանգ առա. տանը թողել էի կնոջս` երեք երեխաների հետ, ու ոչ մեկը չգիտեր, թե որ գյուղում եմ, բոլոր բնակավայրերն էլ թուրքերում էին կոչվում մեզ համար, և ի վերջո ինչ կարևոր է, եթե նույնիսկ իմանային: Ես կանչեցի մեքենայի վարորդին, ասացի, որ մեքենայի մի մաս է կոտրված, շտապ պետք է գնամ շուկա, գնեմ ու հետ դառնամ: Ու վերջ: Ես փրկվեցի…>>:
Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող |