ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ, ԵՐՋԱՆԻԿ…
10.01.2020 17:16

Դեկտեմբերյան օրերից մեկն էր, սովորական ձնեռային մի օր՝ ցրտաշունչ, խոժոռ: Ասկերանի փողոցներն այնքան էլ մարդաշատ չէին, ձյան պակաս էր զգացվում, մաքրամաքուր ձյան…և հանկարծ լռության մեջ կնոջ ձայն է հնչում, ով, հավանաբար, մոռացել էր իմ անունը և ուղղակի լրագրո՜ղ էր կանչում…Կանգ առա և հետ շրջվեցի, դեպի ինձ էր գալիս բոլորիս քաջածանոթ Թամարա Նազարյանը, որին գիտենք որպես Զինվոր Թամարա…

Նա ասես ցանկանում էր վայրկյան առաջ հասնել ինձ ու շուտ ասել իր ասելիքը: Խորշոմներով պատված կնոջ դեմքն այդ րոպեին լուսապայծառ էր դառել, դժվարին կյանքից հոգնած նրա աչքերն ամբողջովին փոխվել էին, անսքող ուրախություն կային այդ աչքերում: Դե, իսկ զինվորական համազգեստն անպակաս է նրա հագից, խոսք էր տվել մինչև կյանքի վերջին վայրկյանը նրանով մնալ, անմահացած իր մարտական ընկերների պես…

<<Այնքա՜ն էի ուզում տեսնել ձեզ, ախր սրտումս քանի ամիս է բան ունեմ պահած, ես այնքա՜ն երախտապարտ

եմ, այնքա՜ն երջանիկ>>,-իր խոսքն սկսեց Արցախյան պատերազմի ազատամարտիկը:

Անմիջապես հասկացա, որ 2019 թվականի մարտի 15-ը մնացել էր նրա հիշողության մեջ, և նա ցանկանում էր իր հիշողություններով շնորհակալության խոսք ասել:

Չէ որ այդ օրը 80-ը բոլորած կնոջ համար զարմանքի, հաճելի անակնկալի և, ինչու չէ, նաև մեծարանքի օր էր:

Ինչպես ինքն է ասում, չէր սպասում այդպիսի անսպասելի այցելության:

<<Առավոտյան ասացին, որ հյուրեր են լինելու: Նախ զարմացա, հետո անչափ՝ լացելու աստիճան զգացվեցի…Չէի սպասում… Պատրաստվում էի գնալ իմ հարազատ գյուղիս անտառներն ու ձորերը, շրջել այնտեղ, զգալ մաքրության և անաղարտության շունչը, խոսել բնության կուսական աշխարհի հետ, դժգոհել անարդարություններից, մարդկանց անտարբերությունից: Այնտեղ՝ այդ ոչնչի հետ չհամեմատվող ազատության մեջ, ես իմ խոսքը կուղղեի Տիրոջը և Արցախի ու ժողովրդիս համար խաղաղություն կաղաչեի, կպաղատեի տեր կանգնել ազգիս և չթողնել, որ կրկնվի այն արհավիքրը, որ Արցախյան պատերազմ է կոչվում:

Անկեղծ, չէի սպասում, որ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը պիտի այցելեր ինձ և հատուկ շնորհավորեր իմ ծննդյան հոբելյանը: Ինչպիսի՜ շնորք, ինչպիսի՜գնահատանք…

Ձեր անակնկալ հարգանքը խոր հետք թողեց իմ այրված հոգում՝ իմաստավորելով հետագա իմ օրերը: Եվ մարտական ուղուց իմ այս պատառիկը, որն անգնահատելի պատմություն է, ես գրի առա ձեր այցելությունից ոգևորված:

…1992 թվականի հուլիսի 12-ն էր: Ռուդիկ Պետրոսյանի հրամանատարությամբ 39 հոգանոց մեր վաշտը շրջապատված էր թշնամու կողմից: Կռվում էինք անմռունչ և մտածում միայն գերի չընկնելու մասին (մեկական գնդակ անպայման պահելու էինք մեզ համար): Հասանք մինչև Պղնձաձորի անտառների սկիզբը: Պիտի հետախուզեինք, ինչը շատ դժվար էր, և այնպես անեինք, որ ոչնչացնենք թշնամու ուժերը: Հանկարծ երեք տղաներ կապի մեջ մտան մեզ հետ, ով կհավատար, որ հայեր էին…Բայց ինչպես էին նրանք կենդանի մնացել համատարած թշնամիների մեջ, ովքեր գրավել էին հայկական մեր հինգ գյուղերը: Միթե դա չի նշանակում, որ մենք ուժեղ ենք, անպարտելի և խելացի: Համոզված եմ, եթե մեր վաշտը բավական զենք ու զինամթերք ունենար, ապա անմիջապես դուրս կշպրտեինք թշնամուն:

Մենք հզոր ենք մեր գիտակցությամբ և իմացությամբ, առավել ևս մեր իմացածն ի գործ դնելով…

Կապի միջոցով ուղեցույց եղա տղաներին և բացատրեցի, թե որտեղ սպասեն մեզ: Ապա անտառի միջով բոլորս միասին հասանք Քյաթուկ գյուղի <<Սրբեր>> կոչվող տեղամաս: Այդ շրջակայքի ամեն մի անկյունն անգիր գիտեի և ինձ հաջողվեց ողջ անձնակազմով ներկայանալ հրամանատարությանը>>:

Պատմում էր զինվոր Թամարան, երբեմն էլ լռում՝ հավանաբար հիշում էր այդ օրվա ամեն մի պահը, որն իր համար սրբություն էր և անմոռանալի հուշ:

Զինվոր Թամարան երախտագիտությամբ էր լցված նաև <<Բերդ>> թերթի խմբագրության և ինչպես ինքն է ասում՝ իր համար պատվարժան այդ օրը լուսաբանող լրագրողի հանդեպ:

<<Գիտեք, մարտական իմ հիշողությունները շատ-շատ են, որոնք ես մտադիր եմ թղթին տալ, քանզի նոր սերունդները պետք է իմանան իրական պատմությունը, իրենց հայրերի ու պապերի արածն ու թողածը:
Շատ դեպքեր են գլխովս անցել, քանի՜ քանի՜ անգամ եմ անթարթ նայել մահվան աչքերին, օգնել ծերերին, փոքրերին ու զինվորներին: Աստված մի արասցե, այսօր էլ պետք լինի, էլի կանեմ՝ առանց վայրկյան անգամ երկմտելու:

Երբ ամիսներ առաջ շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ եկաք ինձ շնորհավորելու, ես շատ հուզվեցի: Ծաղիկներն ու նվերներն այնքան չհուզեցին ինձ, որքան ուշադրությունը շարքային զինծառայողիս հանդեպ: Գնահատանքը մեծ բան է հասկացող մարդու համար, չէ որ փլատակ-մոխրակույտ դարձած ծննդավայրիցս բացի թիկունքում ոչինչ չունեի՝ ոչ ընտանիք, ոչ երեխա:

Ասել է թե, հիշվեցի, որին տարիներ շարունակ սպասում էի: Ցավալին այն է, որ ինձ նման չհիշվողներ շատ կլինեն, որոնք այնքա՜ն բան են արել մեր երկրի ազատության համար:

Հիշեցե՛ք նրանց, մարդիկ, ապրեցրե՛ք նրանց…>>,-ասում է ծեր կինը և խոր հոգոց հանում:

Թամարա Նազարյանը յուրահատուկ անձնավորություն է, և բոլոր իր քայլերը, ասես թե, տարբերվում են մյուսներից: Իր շնորհակալությունն էլ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդին, <<Բերդ>> թերթի խմբագրակազմին և բոլոր իրեն հիշողներին, ուրույն ներկայացրեց:

Հիրավի, նա այն մարդկանցից է, ով անմնացորդ նվիրվել է Արցախյան ազատամարտին և իր ողջ էությամբ պայքարել Հայրենիքի ամեն մի մասնիկի համար: Իսկական հայուհուն վայել՝ նա և՛ զինվոր էր, և՛ մայր, և՛ գթության քույր, և՛ ուսուցիչ: Իր խիզախությամբ և պատվախնդրությամբ չէր զիջում տղամարդկանց և օրինակ էր ծառայում շատ շատեր համար: Օժտված հոգու արիությամբ և կամքի մեծագույն ուժով՝ նա երբևէ չդադարեց հավատալ հաղթանակի օրվան, փափագեց հարազատ գյուղի ազատագրումը և չսխալվեց…

Եվ այսօր, երբ նա իր շնորհակալությունն է հայտնում իրեն մեծարելու համար և այս ամիսների ընթացքում իր մեծ սրտի մի անկյունում պահել է այդ զգացմունքը, մեր մոտ հարց է ծագում. միթե մենք չենք շնորհակալ նրան՝ երբեմնի ազատամարտիկին, այսօրվա միայնակ մարդուն…

Խորհենք, զգանք, գնահատենք….

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter