ԹՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑԵՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ |
13.01.2020 12:30 |
Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղը շրջանի, ինչպես նաև հանրապետության խոշորագույն և զարգացող բնակավայրերից է: Գյուղը հիմնադրվել է 1966 թվականին, երբ հին Նորագյուղից և Սարդարաշենից բնակչությունն իջել և բնակություն է հաստատել հարթավայրային տեղամասում՝ <<Հաղթանակ>> կոլտնտեսության նախագահ Արշավիր Գալստյանի նախաձեռնությամբ: Նորագյուղը գտնվում է Ասկերանից՝ 7, իսկ Ստեփանակերտից 17 կմ հեռավորության վրա: Ունի 2297.7 հա տարածք, որից 1559.14 հա գյուղատնտեսական նշանակության, 372.0 հա անտառային հողեր: 346 տնային տնտեսությամբ և 1550 բնակիչների ընդգրկմամբ այսօրվա Նորագյուղն օրեցօր ծաղկելու և շենանալու ձգտում ունի: Այս գյուղում ակնհայտ աշխատասիրությունը ցանկացած այցելուի աչք է շոյում: Ոչ մի նորագյուղցու չես կարող պարապ տեսնել, յուրաքանչյուրն զբաղված է օրվա հացը վաստակելով և իր երեխայի համար ավելին ստեղծելու մեծ ավյունով: Գյուղում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանակիր Վիտալի Պետրոսյանի անունը կրող միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, Ասկերանի արվեստի դպրոցի և ՄՊՍԿ-ի մասնաճյուղեր: Միջնակարգ դպրոցում սովորում է 247 աշակերտ, դասավանդում է 33 ուսուցիչ: Դպրոցը լրիվությամբ ապահովված է համապատասխան բանիմաց մասնագետներով, ինչի մասին են վկայում դպրոցականների բազմաթիվ հաջողություններն ու ձեռքբերումները: 2017 թվականից համայնքում գործում է 4 խմբից բաղկացած մանկապարտեզ, որտեղ հաճախում է 93 երեխա: 25 աշխատողներ պատշաճ մակարդակով կազմակերպում են մանկապարտեզի աշխատանքները և անում ամեն ինչ, որպեսզի մանուկների դաստիարակությունը սկսվի ամուր հիմքերով: Նորագյուղի բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ՝ դրանք իրականացնելով ինչպես գյուղում, այնպես էլ գյուղից դուրս: Գյուղում մեծ ակտիվությամբ են զբաղվում նաև ջերմոցային տնտեսությամբ, ինչի տարածքները կազմում են համարյա 15000 քառ. մետր: Աշխատասեր և հեռատես նորագյուղցին սեփական արտադրանքն իրացնելու խնդիր չունի, դրա համար նա կարողանում է ստեղծել համապատասխան պայմաններ: Մեծ է նորագյուղցիների ավանդը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում: 256 երիտասարդ մասնակցել է Մեծ հայրենականին, 92ը՝ վերադարձել հուշարձան դարձած: Արցախյան ազատամարտին Նորագյուղը նվիրվել է լիովին, հարյուրավոր ազատամարտիկներ մասնակցել են ազատագրական պայքարին՝ իրենց ապուպապերից ժառանգած հայրենասիրությունը և ուժն ի հայտ դնելով: Ցավոք, 33 նորագյուղցիներ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն սուրբ գործի, հանուն այսօրվա խաղաղության: Իմանալու, թե ինչպես է ընթանում կյանքը Նորագյուղի համայնքում, որոշեցինք այցելել գյուղապետարան և զրուցել համայնքի նորընտիր ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ: Ծնվել է 1959 թվականի հուլիսի 2-ին՝ Նորագյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի <<Ճանապարհաշինարարական մեքենաներ և սարքավորումներ>> բաժինը: Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում: Զորացրվելուց հետո վերադարձել է հարազատ գյուղ և աշխատանքի անցել Ստեփանակերտի Ճանապարհաշինարարական վարչությունում, որպես ինժեներ-մեխանիկ: 1986 թվականին իր մասնագիտությամբ աշխատանքի է անցել Նորագյուղի <<Հաղթանակ>> կոլտնտեսությունում: Արցախյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակից է: 1992 թվականին եղել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը: Պատերազմն ավարտվելուց հետո սկսել է զբաղվել ձեռներեցությամբ, տարիներ շարունակ ընտրվել է Նորագյուղի ազատամարտիկների միության նախագահ: Ծնվելով մի այնպիսի ընտանիքում, որտեղ ամենակարևոր տեղը տրվում էր ազնվությանն ու հայրենասիրական դաստիարակությանը և ծնողները՝ Հակոբ և Թամարա Պետրոսյանները միայն հարազատ հողում ապրելու գաղափար էին արմատավորում իրենց 6 զավակների մեջ, Վլադիմիր Պետրոսյանը երբեք չլքեց հարազատ գյուղը: Նա ընտանիք կազմեց և մշտական բնակություն հաստատեց Նորագյուղում և այսօր, կյանքի ընկեր Անահիտի հետ միասին, նույն ոգով դաստիարակում է իր երկու դուստրերին… Նորագյուղի համայնքի ղեկավարը, ով 4 ամիս է, ինչ ղեկավարում է համայնքը, լցված է լավատեսությամբ և մեծ ծրագրեր իրականացնելու անթաքույց մտադրությամբ: Նա շեշտեց, որ 2019 թվականին լրիվությամբ լուծվել է գյուղի փողոցային լուսավորության հարցը՝ պետական միջոցներով, ինչպես նաև բարեգործական հիմունքներով: <<Սոցիալական աջակցության ծրագրով դեկտեմբեր ամսում բարեկարգվել է հին գյուղի վերևում գտնվող <<Վերին ջուր>> կոչվող աղբյուրը, կառուցվել է նաև շվաքարան: Այդ աշխատանքներին մասնակցել է գյուղի ակտիվ երիտասարդությունը: Ողջունելի է այն փաստը, որ համայնքի երիտասարդությունը կազմակերպել է շաբաթօրյակ խաղահրապարակում, իրականացրել է նաև ծառատունկ: Պետք է շեշտեմ, որ շատ ակտիվ երիտասարդներ ունենք, որոնք անտարբեր չեն հարազատ գյուղի հանդեպ, ունեն հետաքրքիր գաղափարներ>>,-ասաց Վ.Պետրոսյանը: Մեր զրույցի ընթացքում խոսեցինք նաև Նորագյուղի մշակութային հագեցած կյանքի մասին: Համայնքի ղեկավարը ոգևորությամբ և, ինչու չէ, նաև հպարտությամբ ներկայացրեց կատարված աշխատանքները: Համայնքի մշակութային առօրյան բազմաբովանդակ ու հետաքրքիր է: Բոլոր հիշարժան և տոն օրերը համայնքում նշվում են բարձր մակարդակով: Կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց մեջ աչքի են զարնվում մատաղ և երիտասարդ սերունդների մեջ հայրենասիրությունն ավելի ամրապնդող միջոցառումները: Ակտիվորեն իրականացվում են շաբաթօրյակներ, էքսկուրսիաներ, ինտելեկտուալ խաղեր: Մշակույթի տան տնօրեն Լիանա Հայրիյանն ամենայն պատասխանատվությամբ է կատարում իրեն վերապահված աշխատանքները, և պատահական չէ, որ համայնքը միշտ էլ հաջողություններ է արձանագրում շրջանային և հանրապետական մշակութային տարաբնույթ մրցույթներում և փառատոններում: Ամուր հիմքերի վրա է նաև համայնք-դպրոց կապը: Մեծ դերակատարություն ունի Ասկերանի արվեստի դպրոցի և ՄՊՍԿ-ի մասնաճյուղերի առկայությունը համայնքում, որի արդյունքում երեխաների մեջ ավելանում է սերը դեպի ազգային արվեստն ու մշակույթը: Համայնքի ղեկավարը խոսեց նաև մարզաշխարհում Նորագյուղի երտասարդների մասնակցության և հաջողությունների մասին: Ցավոք, համայնքն այսօր չունի պատշաճ մարզադաշտ, որտեղ երիտասարությունը կկարողանար ինչպես հարկն է զբաղվել սպորտով: Հիրավի, թափով բարգավաճող Նորագյուղի համայնքն ունի նաև դեռևս չլուծված խնդիրներ: Ցավոք սրտի գյուղում չկա զոհվածների հիշատակը հավերժացնող արժանի հուշակոթող: Այս հարցը Նորագյուղի համայնքի ղեկավարի համար ամենաառաջնահերթն է: <<Նախատեսում եմ համագյուղացիներիս ուժերով և միջոցներով հուշարձանը վերակառուցել, բարեկարգել շրջակա տարածքը և այնպես անել, որպեսզի այն դառնա սիրված մի վայր նորագյուղցիների համար: Մտածում ենք նաև գյուղի խաղահրապարակի մոտ գեղեցիկ պուրակ կառուցել, ստեղծել մանուկների և մեծերի համար հաճելի ժամանցի վայր: Նախատեսում ենք իրականացնել գյուղի փողոցների բարեկարգում, վերջնականապես լուծել աղբահանության հարցը: Խնդիրներ ունենք խմելու և ոռոգման ջրերի լրիվությամբ կարգավորման հարցում: Կապիտալ վերանորոգման է ենթակա համայնքի հանդիսությունների տան շենքը: Ուրախությամբ եմ շեշտում, որ գյուղից արտահոսք ընդհանրապես չկա, յուրաքանչյուր ոք՝ ընտանիք կազմելով, ցանկանում է բնակություն հաստատել այստեղ: Ունենք 10-ից ավելի դիմումատուներ, որոնք տուն կառուցելու համար տնամերձ հողամաս են ցանկանում ձեռք բերել, ինչը դեռևս հնարավոր չէ բավարարել: Գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում մտադիր ենք լուծել այդ խնդիրը, բնակելի նոր թաղամաս կառուցել՝ հողամասը մարդկանց տրամադրելով անվճար>>,-նշեց Վ.Պետրոսյանը: Հարյուր տոկոսով համայնքային բյուջեն կատարած համայնքի ղեկավարը շեշտեց, որ նորագյուղցիներն ամենայն բարեխղճությամբ են կատարում իրենց հարկային պարտականությունները՝ դրանով հեշտացնելով համայնքապետարանի աշխատանքները: Մեր զրույցի վերջում, իմ այն հարցին, թե, ինչ կմաղթի համայնքի ղեկավարը գյուղի բնակչությանը՝ Վլադիմիր Պետրոսյանն ասաց. -Նախ և առաջ խաղաղություն եմ մաղթում Արցախ աշխարհին, թող կապույտ երկնքում ուրախ սավառնեն խաղաղության աղավնիները թող ոչ մեկն այլևս պատերազմ չտեսնի: Հարազատ գյուղս ցանկանում եմ ավելի շենացած ու հզոր տեսնել, իսկ դրան հասնելու համար ակնկալում եմ բոլորիս սրտացավությունն ու համագործակցությունը: Անտարբեր և անուշադիր չլինենք, միմյանց հանդեպ տածենք հոգատարություն, փոխադարձ հարգանք… Ինչ խոսք, Նորագյուղի համայնքի ղեկավարի հետ մեր զրույցն անցավ անկեղծ և հաճելի մթնոլորտում: Այս համայնքում աշխատելու, ավելիին հասնելու մեծ ցանկություններ կան, կարծում եմ՝ դրանք անպայման իրականություն կդառնան, քանզի նորագյուղցին միշտ էլ հենվել է իր սեփական ուժերին և նախնիներից ժառանգած աշխատասիրությանը: Ասում են՝ նորագյուղցիների մեջ նկատվում է նաև առողջ մրցակցություն: Հիրավի, այդպես է…Սակայն անհերքելի է, որ այդ մրցակցությունը բերում է ավելի բարեկեցիկ պայմաններ, ենթադրում ապահով ապագա… Թող հաջողություններն ուղեկցեն համայնքի բնակչությանը և իրականություն դառանան բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսում է համայնքի նորընտիր ղեկավարը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|