ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ...
14.01.2020 17:26

1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր: Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ, ինչը հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ, ասել է... §Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ կառավարման հատուկ կոմիտեն և շատ

ուրիշներին¦: Այս ամենը տպագրվել է նաև մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում:

1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այս ամենը շարունակվել է 6 օր: Եվ միայն հունվարի 19-ին կարգուկանոնը վերականգնելու պատրվակով, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։

Քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները Բաքվի ջարդերի մասին գրել են վրդովմունքով: Բազմաթվի ռեպորտաժներ են հաղորդվել Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին: 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել Արտաքին գործերի նախարարների կոմիտեին և Եվրախորհրդին՝ պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:  Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Մ. Գորբաչովին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին:

1990-ի մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փակ նիստ` Բաքվում կատարված դեպքերի առընչությամբ: Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով՝ զորքը Բաքու մտցնելու և նրա գործողությունները հետաքննելու համար: Ի պատասխան հարցապնդման  ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջադերի այնպիսի մանրամասներ, որոնք չեն լուսաբանվել մամուլում: Փոխադարձ համաձայնությամբ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ հայերի ջարդերը մատնվել են մոռացության:

Մոռանալ գուցե կարող են ոմանք, բայց ոչ նրանք, ովքեր ենթարկվել են անմարդկային հալածանքների, ովքեր դարձել են անմարդկային բռնարարաքների զոհը, ովքեր ստիպված թշնամուն են թողել իրենց տարիների արդար քրտինքը, ովքեր դատապարտված են ցմահ հիշել վայրագությունները՝ ինտերնացիոնալ մի քաղաքում, որտեղ անցել են, թերևս, իրենց կյանքի լավագույն տարիները...

Երբեք չմոռանալ, այլևս երբեք թույլ չտալ, որպեսզի պատմությունը կրկնվի երկրագնդի և ոչ մի ծայրում։ Սա ողջախոհ մարդու մտածողություն է, մարդու, ով անցնելով արհավիրքների միջով, տեսել է մահվան աչքերը, բայց չի քարացել, ատելությամբ չի լցվել, այլև հային վայել բարյացկամությամբ ու վշտակցությամբ քողարկելով իր մեջ աշխարհի հանդեպ անվստահությունն ու ուսահատությունը՝ շարունակել է ապրել ու ապրեցնել։ Այդպիսի ճակատագրով բազմաթիվ փախստականներ են ապրում մեր շրջապատում, ովքեր ապրում են իրենց բախտակիցների հետ հաշտ ու համերաշխ ընտանիքի պես՝ ուրախանալով մեկը մյուսի ուրախությամբ և կիսելով մեկը մյուսի դժբախտությունն ու վիշտը։

Արցախի փախստականների միության Ասկերանի շրջանի ներկայացուցիչ Նոնա Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր Ասկերանի §Ազատ հայրենիք¦ կուսակցության գրասենյակի պատասխանատուներն ու մի խումբ փախստականներ այցելել են Սուրբ Աստվածածին եկեղեցի և մոմեր վառել՝ ի հիշատակ 1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում զոհ գնացած հազարավոր հայերի։ Մոմավառության մասնակցներից յուրաքանչուրի մոտ բազմաթիվ հարցեր են ծագում ու մարում՝ մնալով անպատասխան։ Մի՞թե հնարավոր է այդքան անվերապահ հավատ ունենալ մի ազգի հանդեպ, որը մեկ հարյուրամյակի ընթացքում երեք անգամ ջարդ է իրականացրել հայերիս հանդեպ միայն այն պատճառով, որ հայ ենք ու աշխարհի հնագույն ժողովուրդներից ենք՝ մեր յուրահատուկ այբուբենով, գիր ու գրականությամբ, հավատքով ու մշակույթով, ինքնատիպ ազգային մտածելակերպով ու հայրենասիրությամբ, նաև անմնացորդ նվիրվածությամբ։

-Այս օրերին ամբողջ աշխարհի հայերը հիշում և խնկարկում են Բաքվի անմեղ զոհերի հիշատակը։ Սարսափելի է բառերով փոխանցել բոլոր այն վայրագություններն ու անմարդկային արարաքները, որոնք թույլ են տրվել հայերի նկատմամբ միայն նրա համար, որ հայ են ծնվել։ Եվ ինտերնացիոնալ քաղաքի մասին առասպելը ցրվեց տակավին... Սումգայիթյան դեպքերից հետո՝ 1989թ. մեր ընտանիքն անվարան լքեց Բաքուն, քանի որ հասկացել էինք, որ Խորհրդային Միությունը մեր անվտանգությունը չի ապահովելու։ Այսօրվա պես հիշում եմ, ինչպիսի իրավիճակ էր տիրում Բաքվում։ Աշխատանքի արդեն չէի գնում, քանի որ ազգությամբ ռուս մեր տնօրենը պարզ հասկացրել էր, որ դրությունը լուրջ է, և իմ անվտանգության համար չեն կարող պատասխանատվություն ստանձնել։ Մինչ այդ փոստարկղերում հաճախ էինք սպառնալից նամակներ հայտնաբերում։ Չնայած հարևանները շարունակում էին մեզ հետ լավ հարաբերություններ պահպանել, այնուամենայնիվ այդպիսով նրանք իրենց կյանքն ու անվտանգություն էլ էին վտանգի տակ դնում։ Մեզ հաջողվեց փոխանակել բնակարանը Հայաստանի Կրասնոսելսկ  (այժմ՝ Ճամբարակ) քաղաքում բնակվող ադրբեջանցի ընտանիքի հետ, ինչը չնայած ոչ համարժեք, բայց համեմատաբար մեծ փրկություն էր։ Հիշում եմ, ինչպես եմ այդ մեր նոր բնակարանում երկարատև անհանգիստ ու տանջալից գիշերներից հետո առաջին անգամ հանգիստ քուն մտել։ Արդեն Հայաստանում տեղեկացանք ինչ բախտի արժանացան մեր հայրենակիցները, ովքեր մինչև վերջ անվերապահորեն հավատում էին Խորհրդային Միությանն ու ժողովուրդների բարեկամությանը,- խորը կսկիծով ու ափսոսանքով ասում է փախստականների միության Ասկերանի ներկայացուցիչ Նոննա Թովմասյանը։

Մարդկային առողջ բանականության մեջ չտեղավորվող արարքները, բազանաբարո վարքն ու վայրագությունները, որոնք կատարվում էին Բաքվի իշխանությունների թելադրանքով և Մոսկվայրի լուռ համաձայնությամբ՝ տևեցին 6 օր, խլելով հազարավոր կյանքեր... Իսկ ողջ մնացածներից յուրաքանչյուրի դեմքին դաջվեց անհուն ցավ ու վիշտ, անսքող տառապանք...

- Արցախում բնակվում է շուրջ 5000 փախստական ընտանիք։ Եվ ես մեծապես կիսում եմ իմ բոլոր բախտակիցների վիշտը։ Նրանք, փաստորեն անցել են երկու արհավիրքների միջով, սակայն տոկուն են մնացել, մնացել լավատես։ Նրանցից ամեն մեկն ինձ համար հարազատ հոգի է, իմ մտերիմը։ Եվ իմ իրավասությունների ու կարողությունների սահմաններում փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ, փոքր-ինչ թեթևացնելու նրանց՝ առանց այն էլ ծանր կացությունը։ Պետական առումով փախստականների հարցը դեռևս լուծված չէ, և մենք մեծ հույսեր են կապում կայանալիք նախագահական և ԱԺ ընտրությունների հետ։ Լիահույս եմ, որ նոր իշխանությունները վերջնական լուծում կտան փախստականներին հուզող հարցերին։ Նաև հույս ունեմ, որ երբևէ մեզ կտրվի միջազգային կարգավիճակ։ Ինչ վերաբերում է տեղական իշխանությանը, կարող եմ միայն գովեստի խոսքեր ասել ինչպես վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի, այնպես էլ քաղաքապետ Սամվել Աղաջանյանի հասցեներին, ովքեր միշտ պատրաստակամ են օգնության ձեռք մեկնել,- անթաքույց երախտագիտությամբ ասում է Նոնան։

Իհարկե ժամանակն ի զորու չէ բուժելու բոլոր այն վերքերը, որոնք կրում են իրենց սրտերում բազմաթիվ փախստականներ։ Սակայն մեզանից յուրաքանչյուրը կարող է իր մի խոսքով ու բարի կամքով նրանց վիշտը կիսողն ու թեթևացնողը դառնալ։ Չէ որ Սումգայիթն ու Բաքուն համաժողովրդական, համազգային ցավ է...  Կարծում եմ, նաև ժամանակն է, որպեսզի մեր իշխանությունները փախստականների հարցերով ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեն։ 30 տարի է անցել, սակայն ընտանիքներ կան, ովքեր ապրում են բնակարանային անբավարար, ես կասեի, խղճուկ պայմաններում, ապրում են վարձով, հանրակացարաններում։ 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter