ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՏԱՂ ՍԵՐՈՒՆԴՆ Է
17.01.2020 17:13

Այսօր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը հանդիպեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին վարչակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Առստամյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ուսուցիչներ։

Ողջունելով դպրոցականներին վարչակազմի ղեկավարը նախ անդրադարձավ նախորդ տարվա առաջին

հանդիպմանը՝ նշելով, որ նպատակ ունի հաճախակի նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպել դպրոցականների հետ, քննարկել նրանց հուզող հարցերը, քանի որ նրանք են մեր ապագան կերտողներն ու սահմանների հուսալիությունը երաշխավորողները։

Դպրոցական առօրյայի, աշակերտների զբաղվածության, հետաքրքրասիրությունների մասին ամփոփիչ զեկույցով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը։ Ավագ դպրոցում սովորում է 44 աշակերտ։ Գրեթե չկան վատ սովորողներ, կան իրենց գիտելիքներն ու ներուժը ոչ լիարժեք օգտագործող աշակերտներ։ Դպրոցի տնօրենը խոսեց նաև առարկայական օլիմպիադայի մասին, որն այս տարի ի տարբերություն նախորդ տարիների շատ շուտ է մեկնարկել։ Աշակերտներից շատերն էլ արդեն թերահավատորեն են մոտենում օլիմպիադաներին մասնակցելուն, քանի որ նրանց ամրագրած բարձր արդյունքները հետագայում՝ ԲՈՒՀ ընդունվելու պարագայում հաշվի չեն առնվում, ինչի արդյունքում բավականին նվազել է մասնակիցների թիվը։ Խոսվեց բարդ ծրագրերից, կրկնուսույցի ծառայություններից օգտվելու մասին։ Իհարկե, ոչ բոլոր աշակերտներն են դիմում կրկնուսույցի օգնությանը, կան աշխատասեր աշակերտներ, ովքեր գիտակցում են, որ դպրոցական տարիները հենց գիտելիքների պաշարը հարստացնելու համար են։

Վարչակազմի ղեկավարը կարևորեց, մեկ անգամ ևս ի գիտություն դպրոցականների հայտարարեց, որ ուշադրության կենտրոնում են լինելու բարձր առաջադիմություն գրանցած աշակերտները, որոնց համար կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ։ Հ. Ղահրամանյանը բացելով փակագծերը, նշեց, որ այս տարի դպրոցում բարեկարգման բավականին աշխատանքներ են իրականացվելու։ Շինարարության առումով տարին նշանակալից է լինելու նաև քաղաքի համար, քանի որ այս տարի մեկնարկելու են մշակույթի տան շինարարության աշխատանքները, և Ասկերանը վերջապես ունենալու է միջազգային չափորոշիչներին համապատասխանող մշակույթի պալատ՝ բոլոր ենթակառույցներով։

Երիտասարդությանը հնարավորինս ընդգրկել հարազատ քաղաքի զարգացման աշխատանքներին, անմիջապես մասնակիցը դարձնել իրենց ապագան կերտելու գործին, ինչպես նաև հեռանկարներ ունենալ կապված հայրենի ծննդավայրի հետ, կառուցել այնպիսի քաղաք, որտեղ ուզում է ապրել և արարել ինքը՝ այս նպատակներն էին հետապնդում հանդիպման կազմակերպիչները։ Ուստի և ի մի բերելով նախորդ հանդիպման արդյունքները՝ վարչակազմի ղեկավարը հարցեր առաջադրելու, նոր առաջարկներ անելու հնարավորություն տվեց դպրոցականներին։ Դպրոցականների փոխարեն հիմնականում արտահայտվեցին ուսուցիչները։ Ի տարբերություն նախորդ հանդիպման աշակերտներն ավելի պասիվ էին։

Դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը շնորհակալություն հայտնեց վարչակազմի ղեկավարին՝ ջերմ և անմիջական մթնոլորտում հանդիպման, աշակերտների հետ երկխոսության պայմաններում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն ընձեռնելու համար։

-Նախորդ հանդիպման ժամանակ աշակերտների վեր հանած խնդիրները գտել են իրենց լուծումները, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, ինչպես նաև ակնկալում, որ դրանք շարունակական բնույթ կկրեն։ Մենք մեծ սիրով և պատրաստակամությամբ կցանկանայինք համագործակցել ՀՀ ցանկացած մարզի, ցանկացած դպրոցի հետ, որպեսզի փոխայցելությունների շրջանակներում մեր երեխաները կարողանան ճանաչել իրենց հասակակիցներին, համեմատության եզրեր գտնեն, մեր աշակերտներին դասավանդեն քույր դպրոցի ուսուցչիները, մենք՝ դասավանդենք նրանց աշակերտներին,  ինչը կնպաստի փորձի փոխանակմանը, լավագույնի ընդօրինակմանը,- նշեց Ա. Գյանջումյանը։

Ի պատասխան դպրոցի փոխտնօրենի՝ քույր դպրոց ունենալու առաջարկի, քաղաքապետ Ս. Աղաջանյանը նշեց, որ քաղաքը բարեկամական ամուր կապեր ունի հաստատած Երևանի Կենտրոն վարչական շրջանի հետ, ինչը կարող են ծառայեցնել նաև դպրոցներին ևս ներգրավելով այդ գործընթացներում, պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցություն հաստատելու, ինչպես նաև աշակերտների հնչեցրած ողջախոհ առաջարկներին ընդառաջելու հարցերում։

Դպրոցի ուսմասվար Մելանյա Սարգսյանի մտահոգությունն աշակերտների առողջությանն էր վերաբերում։ Նա առաջարկեց դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցել և օգտագործել որպես ճաշարան, որտեղ աշակերտները կկարողանան լիարժեք սնունդ ստանալ։ Ի պատասխան Հակոբ Ղահրամանյանը նշեց, որ հիշյալ մասնաշենքերում ընթացիկ տարում վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու, ուստի հիշյալ առաջարկի ուղղությամբ քննարկումներ կանցկացվեն՝ խնդրին դրական լուծում տալու համար։

Հաջորդ խնդիրը կապված էր դպրոցում առկա աստղադիտակը համապատասխան վայրում տեղադրելու հետ, ինչը թույլ կտա, որպեսզի աշակերտները կարողանան դիտարկումներ կատարել։ Քանի որ տարին հայտարարված է որպես ֆիզիկայի տարի, ուստի դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ռուզաննա Հայրապետյանը խնդրեց վարչակազմի ղեկավարին միջնորդել դպրոցի բնագիտական առարկաներով հետաքրքրված աշակերտների համար էքսկուրսիա կազմակերպել դեպի Բյուրականի աստղադիտարան։

Հակոբ Ղահրամանյանը խոսելով հեռանկարային ծրագրերից՝ խոստացավ դրանցում ընդգրկել նաև դպրոցականներին, բարձրացնել վերջիններիս դերը սեփական քաղաքի զարգացման գործում, հնարավորություն ընձեռնել հանդես գալ առաջարկողի և լուծողի դերում՝ բարձրացնելով նաև վերջիններիս պատասխանատվությունն ու սեփականը գնահատելու ինքնագիտակցությունը։

Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում, ինչն ավարտվեց կրկին հանդիպելու, իրականացված աշխատանքներն ամփոփելու և անելիքների մասին բարձրաձայնելու ակնկալիքներով։

Նախորդ հանդիպման ժամանակ դպրոցականների մարզահրապարակ ունենալու խնդիրը ևս լուծվել է, իսկ կենտրոնական պուրակում տեղադրվել է նրանց մշակած լոգոն, սակայն պուրակի որոշ հատվածներում տեղադրված լոգոտիպի մասին հիշեցնող վահանակներն անհետացել են։ Անշուշտ, երիտասարդության նոր մտահղացումներին ավագ սերունդը ձեռնամուխ է լինում հնարավորինս կարճ ժամանակամիջոցում իրագործել, իսկ դրա պահպանությունն ու հետագա խնամքը իրենք՝ երիտասարդները պետք է ստանձնեն։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter