ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ 60-ԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁԸ… |
20.01.2020 17:01 |
Հիրավի, կան մարդիկ, որոնց մասին գրելիս՝ ակամա ցանկանում ես ամենանուրբ երանգներով համեմել ասելիքդ, ազատություն տալ մտքերիդ, որոնք այնքա՜ն, այնքա՜ն շատ են… Այո՛, իզուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են և ազնիվ ու շիտակ մարդու հոգում եղածը չի կարող չարտացոլվել նրա աչքերում: Այդպիսի իսկական հայուհուն հատուկ աչքերով է օժտված հոդվածիս հերոսուհին՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Միրա Հայրապետյանը: Մի անձնավորություն, որը մեծահոգի է բոլորի հանդեպ, օժտված է կարեկցելու հատկությամբ, ինչին մեր օրերում այնքան էլ չես հանդիպի, գիտի անշահախնդիր ընկերություն անել, 3 զավակների հոգատար մայր է, 10 թոռների սիրասուն տատիկ, շնորհաշատ մանկավարժ և ամենակարևորը՝ լավ մարդ: Միրա Հայրապետյանը, ում ես ճանաչում եմ դեռևս իմ դպրոցական տարիներից, միշտ էլ ուշադրություն էր գրավում իր առանձնահատուկ մարդասիրությամբ, բարություն անելու, մարդկանց օգնելու առաքելությամբ: Յուրահատուկ մարդ է նա և իր ապրած 60 տարիների ընթացքում արել է ամենահնարավորը, որպեսզի վաստակի բարի համբավ, սեր ու հարգանք, ինչպես աշակերտների, գործընկերների, այնպես էլ ժողովրդի կողմից: Միրա Հայրապետյանն ընտրել է ամենադժվար և պատվաբեր մասնագիտությունը՝ մանկավարժությունը: Եվ այսօր, երբ բազում սերունդներ է թողարկել, հոգու թեթևությամբ է հետ նայում և մեծ հպարտությամբ թվարկում իր սիրելի աշակերտների անունները, որոնցից շատ-շատերն իրենց կայուն տեղն են գտել կյանքում և մեր երկրի պետականաշինության գործում: Փորձառու դասվար Միրա Հայրապետյանը սիրում է աշխատել մանուկների հետ, որոնց անհոգ աշխարհի մի մասնիկն է համարում նաև իրեն: Իսկ կա արդյոք ավելի քաղցր բան, քան երեխաների անարատ, անմեղ և հետաքրքիր աշխարհը, ահավասիկ՝ ոչ: Ինչպես սիրված դասվարն է ասում՝ եթե ուզում ես, որ երեխան սիրի ու վստահի քեզ, պիտի կարողանաս նրան տալ մայրական գորովանք, պատասխանես նրա բազմաթիվ հետաքրքասիրությամբ լցված հարցերին, քանզի երեխայի համար աշխարհում ամեն ինչ գրքի չբացված մի էջ է: Երեխան ամեն ինչ զգում է. թե՛ սերը, թե՛ բարությունը, թե՛ հոգատարությունը: Միրա Հրաչիկի Հայրապետյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 17-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: 1967-77թթ. սովորել է հարազատ գյուղի կրթօջախում և միջնակարգն ավարտել գերազանց գնահատականներով: 1978 թ. ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի <<Մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա>> բաժինը: 1981 թ. աշխատանքի է անցել Ասկերանի միջնակարգ դպրոցում՝ որպես ավագ ջոկատավար, ապա՝ պիոներ տան տնօրեն: Ինչ խոսք, հենց այդ տարիներին արդեն ակնհայտ էր բազմաթիվ մարդկային արժեքներով օժտված նրա տեսակը: Միրա Հայրապետյանին սպասվում էր մանկավարժական երկար ճանապարհ, քանզի նա արդեն իսկ նվաճել էր դպրոցականների համակրանքը… 1985 թ. ընդունվել է Բաքվի կոմերիտմիության բարձրագույն դպրոցը և 1987թ. ավարտել այն: Ունենալով կազմակերպչական և ղեկավարչական ձիրք՝ 1993-95թթ. ստանձնել է Ասկերանի շրջանային մշակույթի և կենտրոնացված գրադարանների բաժնի վարիչի պաշտոնը, միաժամանակ կատարել է կրթության բաժնի վարիչի տեղակալի պարտականությունները: 1993-97թթ. եղել է կրթության նախարարության կոլեգիայի անդամ: Սակայն նրանը մանկավարժությունն էր, երեխաների հետ աշխատանքը, և 1996 թվականից Միրա Հայրապետյանն աշխատում է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար: Ասկերանի կրթության բաժնի, դպրոցի տնօրինության, Ասկերանի շրջվարչակազմի կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի: Անհերքելի է, որ նրա աշակերտները միշտ էլ առանձնանում են, քանզի նրանց մեջ ավելի ցայտուն են հայրենասիրական, ազգասիրական գաղափարները, որոնք ստանալով սիրելի դասվարից, իրենց մեջ արմատավորում են հավիտյան: Միրա Հայրապետյանը մեծ տեղ է տալիս ազգային երանգներով դաստիարակությանը և երեխաների մեջ սերմանում սերը հայրենի հողի, սահմանում կանգնած զինվորի հանդեպ: Նա անընդհատ պատմություններ է պատմում մեր ժողովրդի անցած ճանապարհի, Արցախի հերոս տղաների մասին: Համարձակությունը, սկզբունքայնությունը նրա բնավորության կարևորագույն գծերն են, և պատահական չէ, որ նրա աշակերտները ևս աչքի են ընկնում այդ հատկանիշներով: <<Կարևոր եմ համարում աշակերտին սովորեցնել աշխատել և այնպես անել, որպեսզի այն երկրորդ բնավորություն դառնա նրա համար: Աշակերտը պետք է զգա, որ սեփական ուժերով կարող է հասնել ամեն ինչի, նա պետք է ինքնուրույնաբար կարողանա մտածել, զարգացնել իր բոլոր ուժերը: Մանկավարժական իմ գործունեության ընթացքում միշտ էլ առաջնորդվել եմ Կլյուչևսկու հետևյալ խոսքերով.-<<Լավ դասատու լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչ դասավանդում ես, և սիրել նրանց, ում դասավանդում ես>>: Կարծում եմ՝ դա ինձ հաջողվել է, և այսօր իմ ողջ հպարտությունն իմ ցանած սերմերի աճն է>>.-ասում է մեզ հոբելյարը: Իրավմամբ, Միրա Հայրապետյանը հպարտանալու իրավունք ունի նաև իր երեխաների դաստիարակության համար: Նրա 3 զավակներն այսօր ծառայում են ԱՀ ՊԲ-ում, նրանց մեջ անթաքույց հայրենասիրություն կա, որը ժառանգել են մանկավարժ մորից և Արցախյան պատերազմի մասնակից հորից: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների անունից շնորհավորենք Միրա Հայրապետյանի 60-ամյա հոբելյանի առթիվ և մաղթենք ամենակարևորը՝ առողջություն և խաղաղություն: Համոզված ենք՝ նա իր անսպառ էներգիան դեռևս երկար տարիներ ծառայեցնելու է մատաղ սերնդի դաստիարակության և Արցախ աշխարհի համար իսկական քաղաքացիներ կերտելու գործում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|