ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՎ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
23.01.2020 17:20

Հայաստանում գործում է <<Մարզերի երեխաները մարզերում>> սոցիալական ծրագիր, որի շրջանակներում մարզաբնակ երեխաները հնարավորություն են ստանում ծանոթանալ և ընկերանալ այլ մարզերի երեխաների հետ: Փոխադարձ այցելությունների արդյունքում երեխաների մոտ բացահայտվում են նոր հետաքրքրություններ ու ունակություններ, հնարավորություն է ընձեռնվում ինքնադրսևորվելու և օգտագործելու իրենց ներուժը: Իսկ դա իրականացնելու համար կազմակերպվում են դասընթացներ, հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ:

Վերջերս այդ ծրագրի շրջանակներում Ասկերանում ևս կազմակերպվեց հանդիպում ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի  և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցների բարձր դասարանցիների աշակերտների միջև: Հայաստանից ժամանել էին նաև մի խումբ երիտասարդներ տարբեր մարզերից և հինգ կամավորներ՝ ծրագրի նախաձեռնող խմբի անդամներ Մայիս Մարգարյանի և Արման Յարալյանի գլխավորությամբ: Երվանդաշատի  15 դպրոցականներին ուղեկցում էր պատմության ուսուցիչ Սուրեն Խաչիկյանը:

Հանդիպումը տեղի ունեցավ Ասկերան քաղաքի <<Մայրիկ>> սրճարանում, որտեղ երեխաներին սպասվում էր մայրական ջերմություն և սրտացավ ընդունելություն: Համակարգողն Ասկերանի շրջանի ՊՄՊ պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանն էր: Հաճելի ծանոթությունից և հյուրասիրությունից հետո հատուկ մշակված օրակարգով միջոցառում էր նախատեսվում դպրոցականների համար:

Նրանք նախ այցելեցին Ասկերանի Բերդը, զմայլվեցին գեղեցիկ տեսարաններով, ապա երեկոյան ուղևորվեցին Ստեփանակերտ: Արցախի քաղաքամայրը գիշերային իր ողջ շքեղությամբ հյուրերին էր սպասում: Խումբը շրջեց քաղաքում, երվանդաշատցիները, որ առաջին անգամ էին Արցախում, չէին կարողանում զսպել իրենց հիացմունքը: Հաղթական Ստեփանակերտն աննկարագրելի գեղեցիկ, մաքուր և լույսերով էր ողողված, իսկ <<Մենք ենք, մեր սարերը>> հուշարձանն իր հպարտ կեցվածքով դիմավորեց հյուրերին՝ խորհրդանշելով, որ արցախցին ամուր է կանգնած իր մայր հողին:

Դպրոցականների ուրախությանը չափ չկար, նրանք երգելով և ասմունքելով վերադարձան Ասկերան, որտեղ սպասվում էին հաճելի անակնկալներ:

Լեռնագնաց Աղասի Մարտիրոսյանն անցկացրեց սեմինար՝ արշավների և լեռնագնացության թեմայի շուրջ, իսկ Ասկերանի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը պատմեց դպրոցի, աշակերտների հետաքրքրությունների մասին՝ հերոսական Ասկերանի պատմությունը ներկայացնելով առանձին հպարտությամբ:

Զրույցն անցավ հետաքրքիր, անկեղծ և սիրով համեմված մթնոլորտում, ապա հյուրերը գիշերեցին ասկերանցի իրենց հասակակիցների տներում, ինչն ավելի մտերմացրեց նրանց:

Հաջորդ օրը նորից հավաքվեցին և մեկնեցին պատմական Տիգրանակերտ և ոտքով բարձրացան Վանքասարի եկեղեցին: Ասկերանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի դասղեկ Ռուզան Հայրապետյանը ծանոթացրեց եկեղեցու պատմությանը և պատասխանեց աշակերտների հարցերին:

Ինչ խոսք, բավականին գեղեցիկ և անմոռանալի տպավորություններով ավարտվեցին երկօրյա միջոցառումները, Երվանդաշատի աշակերտներն ու հյուրերը մեկնեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով …

Նշենք, որ միջոցառմանը համագործակցել և իրենց աջակցությունն են ցուցաբերել Ասկերանի ԱԱԾ տնօրեն Իվան Հարությունյանը և Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter