ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
23.01.2020 17:44

Ազնվորեն կատարված ամեն մի աշխատանք օգտակար է, հետևաբար՝ արժանի է հարգանքի…

Ստենդալ

Մարդու համար ամենագեղեցիկը, ամենաթանկը դա հենց նրա կյանքն է, իսկ կյանքը պահպանվում է անխոնջ աշխատանքով: Բավական է կանգ առնի մարդու աշխատանքը՝ կսկսի կանգ առնել նաև նրա կյանքը:

Ինչ խոսք, հարկավոր է սիրել աշխատանքը: Եվ ոչ միայն սիրել, այլև ազնվորեն վերաբերվել քո կատարած աշխատանքին, անկախ այն բանից, թե ինչ տեսակի աշխատանք ես կատարում դու…

Ինչքան իրեն հիշում է ասկերանաբնակ Խանում Վարդանյանը՝ միշտ աշխատանքի մեջ է, իսկ վերջին 40 տարիներին նա Ասկերանի կոմունալ տնտեսության, այսօր արդեն <<Խաչենշին>> ՓԲԸ-ի տքնաջան աշխատողներից է:

Երբ Հայաստանից հարս եկավ Ասկերան, Խանում Վարդանյանն անմիջապես մերվեց նոր բնակավայրին և դարձավ նրա մի մասնիկը: Ոչ մի աշխատանքից չխուսափեց երիտասարդ հարսը, նրա համար ամոթալի չէր մաքրել քաղաքի փողոցները, քանզի ընտանիքում դաստիարակվում էր 5 երեխա, որոնց ոտքի կանգնեցնել էր պետք:

Դեռևս մանկությունից իմանալով, որ աշխատանքը կյանքի օրենք է, իսկ երիտասարդ հասակից հասկանալով, որ հացը ձեռք է բերվում միայն քրտինքով՝ Խանում Վարդանյանն այդպես էլ ապրեց իր ողջ կյանքը և Ասկերանում ձեռք բերեց ազնիվ, աշխատասեր և առաքինի մարդու համբավ: Մեզանից յուրաքանչյուրի աչքերի առաջ է նրա անբասիր աշխատանքը, որի արդյունքում մենք տեսնում ենք միշտ մաքուր և կոկիկ փողոցներ: Նա այնպես է նվիրված իր աշխատանքին, որ երբեք չի նայում, թե տարվա որ եղանակն է և անտրտունջ կատարում է իր գործը:

Ինչպես ինքն է ասում, մեծ պատասխանատվություն է դրված իր ուսերին և այն թերի կատարել չի կարող: Նա գիտի հարգել և՛ իր գործը, և՛ իր ղեկավարությանը:

<<Յուրաքանչյուր մարդ ծնվում է մի գործի համար և ունի ի վերստ գրված իր ճակատագիրը: Ուրեմն, ես ծնվել եմ հենց այս գործի համար, որն անում եմ մեծ հաճույքով: Ես հպարտանում եմ, որ իմ հարազատ քաղաքն այսքան կոկիկ է, ուրախանում եմ, որ երեխաները քայլում են մաքուր փողոցներով: Կարծում եմ՝ ցանկացած աշխատանք հարգի է, լինես շինարար, մանկավարժ, բժիշկ, թե հասարակ բանվոր, պետք է քո գործն անես սիրով և պատրաստակամությամբ>>,-ասում է Խանում մայրիկը:

40 երկար տարիներ միևնույն հիմնարկում աշխատելու և հարազատ քաղաքի մաքրության պահպանման գործում ունեցած նվիրվածության համար <<Խաչենշին>> ՓԲԸ-ի տնօրինության կողմից Խանում Վարդանյանն արժանացավ պատվոգրի, հուշանվերի և գեղեցիկ ծաղկեփնջի:

Անհնար է նկարագրել այն ուրախությունն ու հույզերը, որոնք պատել էին նրան, երջանկությամբ ողողված նրա ծերունական դեմքը շնորհակալանք էր  արտահայտում: Խանում մայրիկը գիտակցում էր նաև, որ կյանքն ապրել է իր ընտրած ճանապարհով և այն անցել է ուղիղ ու միայն բաց ճակատով…

Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է նախևառաջ գնահատել աշխատավոր մարդուն, հարգել նրա գործը և միշտ հիշել. մեր երկրի բարգավաճման և հզորացման համար ամեն մեկիս մասնակցությունը յուրովի է և անչափ կարևոր…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter