ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎՆԵՐԸ |
27.01.2020 19:20 |
Ասկերանի շրջանում մեկնարկել են համայնքների ղեկավարների 2019 թվականին կատարած աշխատանքների ամփոփիչ հաշվետու ժողովները։ Հունվարի 27-ին հաշվետու ժողովներ տեղի ունեցան շրջանի Աստղաշենի, Այգեստանի, Դահրավի, Պատարայի, Խանցքի, Հովսեփավանի, Լուսաձորի համայնքներում, որոնց ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի կողմից լիազորված ներկայացուցիչներ։ Աստղաշենի և Պատարայի համայնքների ղեկավարների հաշվետու ժողովներին վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի ուղեկցությամբ ներկա էին նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ու ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը։ Երկու համայնքում էլ 2019 թվականին բավականին աշխատանքներ են իրականացվել բոլոր ուղղություններով, սակայն ձեռքբերումների հետ միասին կան նաև բացթողումներ և բավականին անելիքներ։ Ըստ համայնքների ղեկավարների խորին համոզմունքի, գյուղի յուրաքանչյուր բնակիչ պետք է մտահոգություն ունենա սեփական համայնքը զարգացած տեսնելու, վաղն ավելի բարգավաճ ու ծաղկուն բնակավայր տեսնելու ցանկություն ունենա։ Իրենք էլ միշտ պատրաստ են անել հնարավոր ամեն ինչ, կազմակերպչական աշխատանքները համակարգելու, նախաձեռնություններով հանդես գալու, հարկ եղած դեպքում շրջանի ղեկավարության օգնությանը դիմելու։ Այսպես ասած, համայնքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կենտրոնացված մտածելակերպ ու հոգածություն ունենա իր համայնքի, ինչպես իր սեփական տան մասին։ Աստղաշենում բավականին աշխատանքներ իրականացվում են բարերաների կողմից։ Կարապետյանների ընտանիքի կողմից գյուղում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, ինչպես սոցիալական, այնպես էլ կապիտալ շինարարության գծով։ Շուտով շահագործման կհանձնվի մանկապարտեզի շենքը՝ նախատեսված 30 երեխայի համար։ 2015-19թթ. ծնված 43 երեխա ստացել է 1000-ական ԱՄՆ դոլար օգնություն, իսկ 36 երեխայի տրամադրվել է հեծանիվ։ Կարապետյանների ընտանիքի կողմից է ֆինանսավորվում արվեստի դպրոցի կանոնավոր աշխատանքը։ Ի դեպ, արվեստի դպրոցը լուրջ ձեռքբերումներ ունի ոչ միայն շրջանային, այլև հանրապետական մրցույթներում և փառատոններում։ Գովասանքի է արժանի նաև Ժան Անդրյանի անունը կրող միջնակարգ դպրոցի անձնակազմի կատարած աշխատանքը։ Դպրոցում մշտապես բարձր հիմքերի վրա է դրված աշակերտների հայրենասիրական ու արժանի սերունդ դաստիարակելու դրվածքը։ Նույն ոգևորությամբ և ազգային մշակույթն ու հարուստ ժառանգությունը պահպանելու, տարածելու պատասխանատվությամբ է աշխատում մշակույթի տունը՝ երիտասարդ սերնդին մասնակիցը դարձնելով կազմակերպված բազմապիսի միջոցառումներին։ Խոսելով համայնքում իրականացված աշխատանքների մասին՝ համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ԱՀ կառավարության կողմից համայնքի 14 ընտանիքի տրամադրվել է 4 միլիոն ՀՀ դրամին համարժեք օգնություն՝ շինանյութի տեսքով։ Բարերար Վիլհելմ Կարապետյանի ֆինանսավորմամբ և ԱՀ կառավարության օգնությամբ շարունակվել են գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները։ Կառուցվել է ժամանակակից պահանջներին համապատասխան մանկական նոր խաղահրապարակ, լիովին վերանորոգվել ու կահավորվել է հանդիսությունների սրահը։ Բարեկարգվել է գյուղի հոգևոր կենտրոնը՝ Սուրբ Գևորգ եկեղեցին՝ շրջակա տարածքով։ Ու այս ամենի համար համայնքի ղեկավարն իր շնորհակալությունն ու երախտիքը հայտնեց ԱՀ կառավարությանն ու Կարապետյանների ընտանիքին։ Յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի, որ համայնքային բյուջեի կատարողականը կախված է իրենից։ Այսինքն՝ ժամանակին կատարված պարտավորությունները խթանում են համայնքապետարանի աշխատանքը։ Իրավագիտակից քաղաքացիներից է կախված ցանկացած բնակավայրի առաջընթացի ապահովումը։ Այս առումով համայնքի ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ համայնքային բյուջեն կատարվել է 105.9 տոկոսով։ Ինչը չի կարելի ասել Պատարայի համայնքի մասին, որտեղ բյուջեի կատարողականը չի ապահովվել։ Ինչպես նշեց համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանը՝ բյուջեի սեփական եկամտուների հավաքագրման մասով բացթողումները կապված են նախատեսված պլանի և համայնքում առկա գույքի ոչ ճիշտ արտացոլմամբ։ Համայնքի ղեկավարը նշեց, որ անհրաժեշտ հստակեցումներն արդեն կատարվել են և վստահեցրեց, որ 2020 թվականին համանքային բյուջեն կկատարվի 100 տոկոսով։ Պատարայում ևս քիչ չեն կատարված աշխատանքները, որոնք հիմնականում կատարվել են պետական ֆինանսավորմամբ։ Աշխատանքներ են իրականացվել նաև գյուղի հոգսերով մտահոգ քաղաքացիների օժանդակությամբ, ինչպիսիք են Սիմոն Առստամյանը, հայր և որդի Հակոբյանները, ինչի համար համայնքի ղեկավարը երախտագիտություն հայտնեց բարեգործներին՝ գյուղի հոգսերով ապրելու համար։ -Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, Աստղաշենի արվեստի դպրոցի մասնաճյուղ՝ երգի, պարի դհոլի խմբակներով, բուժամբուլատորիա, մշակույթի տուն, որոնք գտնվում են համայնքապետարանի աշխատակազմի հետ սերտ փոխհամագործակցության մեջ, ինչն էլ հանդիսանում է գյուղում առաջընթացի ապահովման գրավականը,- նշեց համայնքի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ ինքը մտահոգված լինելով հարազատ բնօրրանի զարգացման ուղղությամբ, խնդրի դրական լուծումը և գյուղի ապագան տեսնում է զբոսաշրջության զարգացման մեջ։ Չէ որ Պատարան Արցախի այն եզակի բնակավայրերից է, որն ունի ավելի քան 200 պատմամշակութային արժեք ունեցող վայր, հարուստ է կուսական անտառներով, ինքնատիպ լեռներով և վերջապես հյուրասեր բնակիչներով։ Ուստի համայնքի ղեկավարը կոչ արեց համագյուղացիներին սիրել, պահել, պահպանել Աստծո կողմից յուրահատուկ պարգևը՝ ինքնատիպ բնությունը։ Միաժամանակ օգտվելով նրա տված բարիքներից՝ ստեղծել նպաստավոր պայմաններ էկոտուրիզմի զարգացման համար։ Զբոսաշրջության զարգացման գործում երկու համայնքներում էլ ակնկալիքները երիտասադրության շրջանում պետք է փնտրել։ Երկու համայնքներում էլ կան պրպտուն երիտասարդներ, ովքեր իրենց նախաձեռնություններով կարող են նպաստել ոչ միայն սեփական համայնքի զարգացմանը, այլև մեծ եկամուտներ ապահովել մի քանի ընտանիքների համար։ Հիշյալ ծրագրերի, զբոսաշրջության և մշակույթի նախարարության կողմից առաջարկվող ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդեց ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, պատրաստակամություն հայտնելով ընդառաջել ցանկացած հարցում, որը միտված կլինի համայնքների զարգացմանը։ Աստղաշենն ու Պատարան ի բնե ունեն այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք չունեն բազմաթիվ բնակավայրեր։ Եվ գնահատելին այն է, որ համայնքների ղեկավարները հստակ պատկերացնում են համայնքների խնդիրներն ու անելիքները, պարզապես որևէ ղեկավար միայնակ ի զորու չէ ոչինչ անելու։ Հետևապես, համայնքը պետք է նրանց օգնի, աջակցի։ Ուստի, այստեղ մեծ ասելիք և անելիք ունի երիտասարդությունը։ Խոսելով համայնքների քաղաքաշինության ոլորտում իրականացվող խնդիրների և անելիքների, հետագա ծրագրերի մասին՝ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշեց, որ կառավարության ֆինանսավորմամբ և բարեգործական տարբեր աղբյուրների ներգրավմամբ համայնքներում համընդհանուր նշանակության շինություններից միայն Պատարայի միջնակարգ դպրոցի շինարարությունն է մնացել, որի մեկնարկի համար արդեն համապատասխան միջոցները հայթայթված են և շուտով մեկնարկելու են շինարարական աշխատանքները։ Կ. Շահրամանյանի մտահոգությունը կրկին գյուղերում կյանքն աշխուժացնելուն էր վերաբերում, տարբեր միջոցառումներ նախաձեռնելու և կազմակերպելու համար երիտասարդների նախաձեռնողականությանը։ Մտահոգության լուրջ տեղիք է տալիս հանրային սեփականության նկատմամբ վերաբերմունքը, ինչն առկա է համարյա բոլոր համայնքներում։ Նախարարի պահանջն է փոխել անտարբեր վերաբերմունքը հանրայինի նկատմամբ, սրտացավորեն մոտենալ համընդհանուր սեփականություն հանդիսացող օբյեկտներին, քանզի կառավարությունը հնարավորության սահմաններում անում է հնարավոր ամեն ինչ՝ համայնքներում կյանքն աշխուժացնելու, գյուղաբնակների համար բավարար պայմաններ ստեղծելու համար, իսկ այն պահելու, պահպանելու խնդիրը յուրաքանչյուր սրտացավ բնակչի համար պետք է պատվախնդրության հարց լինի։ Երկու համայնքում էլ ղեկավարների 2019 թվականին կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար։ Հաշվետվության ընթացքում բազմաթիվ հարցեր և առաջարկություններ են հնչել բնակիչների կողմից, որոնց վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը հանգամանալից պատասխաններ և պարզաբանումներ է տվել։ Ղեկավարը գոհունակություն է հայտնել Աստղաշենի բյուջեի կատարողականի մասով՝ նշելով, որ համայնքների պատասխանատուներից պահանջվելու է փոխհամագործակցության շրջանակներում աշխատանքների իրականացում՝ ի բարօրություն համայնքի բնակիչների։ Իսկ համայնքներում ակնառու աշխատաքներ իրականացնելու համար յուրաքանչյուր տարի ընտրվելու է նշանաբան։ Այս տարվա նշանաբանն արդեն ընտրված է՝ համակարգված աղբահանություն և սանիտարական մաքրման աշխատանքների տարի։ Ուստի, Հ. Ղահրամանյանը կոչ արեց անել հնարավոր ամեն ինչ՝ կարգախոսին համահունչ աշխատանքներ իրականացնելու գործում, մանավանդ, որ հիշյալ համայնքներում բավականին աշխատանքներ բարերարների միջոցներով են իրականացվում։ Աստղաշենի և Պատարայի համայնքների ղեկավարներին առաջարկվել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել համայնքային բյուջեի եկամտային մասի կատարման, գյուղի բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքները, հետևողական աշխատանքներ տանել համայնքներում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և փողոցային լուսավորության աշխատանքները։ Հաշվետու ժողովների ավարտից հետո կառավարության ներկայացուցիչները և վարչակազմի ղեկավարը դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ եղել են Աստղաշենի նորակառույց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև Պատարայի դպրոցում, որտեղ նախատեսվում է դպրոցական նոր շենք կառուցելու պարագայում ներկայիս դպրոցական շենքը վերակառուցել և օգտագործել որպես մանկապարտեզ։ Պետական միջոցներով իրականացվելիք ծրագրեր շատ կան համայնքներում, որոնք անխուսափելիորեն իրականություն կդառնան։ Մնում է փոխել իրավագիտակցությունը սեփական համայնքի նկատմամբ, և գիտակցել, որ յուրաքանչյուր բնակիչ ամբողջ կյանքում պետք է ունենա և ուղղորդվի մեկ նշանաբան-կարգախոսով՝ §Իմ համայնքն իմ տունն է¦... Ի դեպ Աստղաշենի եկեղեցին Արցախի այն եզակի սրբավայրերից է, որտեղ այցելել է Խրիմյան Հայրիկը։ §Կլինի՞ մի օր, - մտորում էր Խրիմյան Հայրիկը,- երբ մեր գյուղացին հանգիստ վայելե իր հայրենյաց ագարակին արդյունքը, մեր երկրում տիրե արդարություն և խաղաղություն, ունենանք հեռագիր, դպրոցներ, համալսարան¦: Խրիմյան Հայրիկի՝ որպես ճշմարտության անդուլ որոնողի, գաղափարի և ազատության ջահակրի կանխատեսումներն այսօր, կարծես թե, իրականություն են դարձել, մնացյալ մանր՝ ներհամայնքային խնդիրները, կարծում ենք, կլուծվեն միահամուռ ուժերով, միաբանությամբ։ Քանզի վարչակազմի ղեկավարը հստակ հանձնարարական է իջեցրել բոլոր համայնքների ղեկավարներին՝ լինել նախաձեռնող, ներկայացնել հստակ ծրագրեր, որոնք բխում են համընդհանուրի շահերից և շրջանի պատասխանատուները ձեռնամուխ կլինեն դրանց լուծմանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |