ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
27.01.2020 16:46

Հունվարի 27-ին Ասկերանի քաղաքապետարանում կազմակերպվեց միջոցառում, որն ուներ անգնահատելի խորհուրդ:

Ներկա էին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը, ազատամարտիկներ , հյուրեր:

Սամվել Աղաջանյանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հայոց բանակի օրվա առթիվ՝ շեշտեց, որ Արցախյան պատերազմի ազատամարտիկները միշտ էլ գտնվում են Արցախի ազատամարտիկների միության ուշադրության կենտրոնում, քանզի նրանց շնորհիվ է արցախահայությունն ազատվել թշնամու լծից և նրանց շնորհիվ է կերտվել այսօրվա երկիրը, որով միայն հիանալ ու հպարտանալ կարելի է:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը շնորհավորական իր խոսքում նշեց.

-Հարգելի մարտական ընկերներ, մենք տոնում ենք ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, միության սեփական միջոցներով Արցախյան պատերազմի առաջին կարգի 142 հաշմանդամներին կտրամադրվի դրամական օգնություն:

Մեզանից յուրաքանչյուրն է կանգնած Հայոց բանակի ստեղծման ակունքներում և տոնը բոլորինս է: Եկեք շնորհավորենք միմյանց և մաղթենք կայուն խաղաղություն Արցախ աշխարհին:

Այս տարիների ընթացքում ԱԱՄ-ն արել է ամեն մի հնարավորը, որպեսզի Արցախյան պատերազմի ազատամարտիկների կապն իրար հետ ամուր լինի: Մեր ամենաառաջին խնդիրն է կամավորականներից կազմավորված հայոց աշխարհազորը կազմ ու պատրաստ պահելը, նրա անկոտրում կամքն ու հաղթական ոգին պահպանելը: 2016 թվականն ապացուցեց դա, երբ մեր կամավորականներն անվարան ոտքի ելան՝ անտեսելով տարիք ու առողջական խնդիրներ:

Միության խնդիրներից է նաև ազատամարտիկների սոցիալ-տնտեսական բարելավման ուղղությամբ հետևողական աշխատանքները, որը միշտ էլ կմնա ուշադրության կենտրոնում:

Հանդիսավոր պայմաններում Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արշավիր Ղարամյանը շնորհավորեց շրջանի առաջին կարգի յոթ հաշմանդամների և միության կողմից նրանց հանձնեց 150000-ական դրամ ֆինանսական աջակցություն:

Ինչ խոսք, Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկներն անչափ հուզված էին ուշադրությունից:

Արտյուշա Հայրապետյանը, Սամվել Մեժլումյանը, Դավիթ Հակոբյանը, Գավրուշա Դավթյանը, Էդվարդ Յերամիշյանը, Արարատ Բարսեղյանը և Կամո Միրզոյանը, ովքեր բազմաթիվ անգամ են նայել մահվան աչքերին, հաշմվել պատերազմում,այսօր կրկին պատրաստ են կանգնելու զինվորի կողքին և ատամներով պաշտպանելու մեր երկրի ամեն մի թիզ հողը:

Փառք ու պատիվ բոլոր մեր ազատամարտիկներին, փառք ու պատիվ այսօր մեր սահմաններն անառիկ պահող զինծառայողներին:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter