ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎՆԵՐԸ |
30.01.2020 18:20 |
Ասկերանի շրջանում շարունակվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 2019 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետու ժողովները։ Հունվարի 30-ին տեղի ունեցան Խրամորթի, Խնապատի, Նախիջևանկի, Վարդաձորի, Սառնաղբյուրի և Ուղտասարի համայնքների ղեկավարների հաշվետու ժողովները, որին մասնակցել են կառավարության անդամներ, շրջվարչակազմի պատասխանատուներ։ Նախիջևանիկի համայնքի ղեկավարի հաշվետու ժողովին ներկա էին վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հարությունյանը, գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը։ Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Հակոբ Ղահրամանյանի առաջարկով հյուրերը եղան հանդիսությունների տանը և ծանոթացան ընթացող նորոգման աշխատանքներին։ Ժողովի նախագահ և քարտուղար ընտրելուց հետո հաստատվեց օրակարգը, որի առաջին հարցը համայնքի ղեկավարի 2019 թվականին կատարված աշխատանքների մասին մանրամասն հաշվետվությունն էր։ Սևակ Պետրոսյանը 2019թ. սեպտեմբերի 9-ին Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընտրված ղեկավարներից է, ուժ ու ավյունով լեցուն երիտասարդ՝ հայրենի բնօրրանում առկա հիմնախնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու և համագյուղացիներին ծառայելու պատրաստակամությամբ։ Գաղտնիք չէ, որ ցանկացած համայնքի առաջնահերթ խնդիրներից է սեփական եկամուտների հավաքագրումն ու համայնքային բյուջեի կատարումը։ Այս առումով Նախիջևանիկը միշտ էլ եղել է շրջանի բյուջեի կատարողականը գերազանցողների շարքերում։ 2019-ին համայնքային բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 117 տոկոսով։ Գյուղատնտեսությունը ցանկացած գյուղական բնակավայրի առաջատար ճյուղերից է, որով զբաղված են գրեթե բոլոր նախիջևանիկցիները։ Գյուղին ամրագրված 1303.7հա հողատարածքներից 180 հա աշնանացան է կատարվել, 250 հեկտարի հայտ է ներկայացվել գարնանացան աշխատանքներ իրականացնելու համար։ Առկա 33.75հա նռան, թթենու և խաղողի այգիներին 2019-ին ավելացել է ևս 27.5հա նռան այգի։ Անասնապահության դրվածքը, ինչպես և շրջանի գերակշիռ բնակավայրերում ոչ բավարար հիմքերի վրա է։ Շինարարության բնագավառում Նախիջևանիկում իրականացված աշխատանքները պետական աջակցության ծրագրի շրջանակներում են։ Այսպես, հաշվետու ժամանակաշրջանում 3 միլիոն 151 հազար դրամ արժողությամբ շինանյութ է տրամադրվել 6 ընտանիքի՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով։ Սոցիալական այլ խմբին պատկանող մեկ ընտանիքի տրամադրվել է 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ գյուղում բնակարան ձեռքբերելու նպատակով։ Հանդիսությունների սրահի վերանորոգման նպատակով տրամադրվել է 800 հազար դրամ արժողությամբ շինանյութ։ Պետության կողմից տրամադրված գիշերային 15 լուսատուին համայնքի կողմից ավելացվել է ևս 5 էներգախնայող լուսատու։ Համայնքի ղեկավարը նշեց, որ ընթացիկ տարում նախատեսվում է լուսատուների թիվն ավելացնել ևս 25-ով։ ԱՀ գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորմամբ վերակառուցվել է Տնջրե կոչվող աղբյուրը, իսկ բարերաների միջոցներով Նահատակ կոչվող տեղամասում կանգնեցվել է լուսավորված Բերդախաչ։ Բարերար Գրիգորի Գաբիրելյանցի հովանավորությամբ գործող ՙՙԱպագա սերունդ՚՚ հիմնադրամի կողմից դպրոցում կահավորվել է համակարգչային կաբինետ՝ 6 համակարգչի, 1 նոութբուքի և օժանդակ սարքավորումների առկայությամբ։ Տրամադրվել է նաև խելացի գրատախտակ, էկրան։ Կաբինետը ապահովվել է նաև գույքով։ Ինչի համար Ս. Պետրոսյանն իր գոհունակությունն ու երախտագիտությունն է հայտնել բարերարներին։ Համայնքում բավականին աշխատանքներ իրականացվում են շաբաթօրյակների տեսքով, որին մեծ ակտիվություն են ցուցաբերում բնակիչները։ 2019-ին գյուղում ծնվել է 6 երեխա, մահացել՝ 2 հոգի։ Համայնքի ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ գյուղը զարգանում է և ակնառու է բնական աճը։ Երիտասարդներն այստեղ մեծ հեռանկարներ ունեն գյուղի զարգացման հետ կապված։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ ժողովին ներկա գտնվողների գերակշիռ մասը գյուղի համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով մտահոգված երիտասարդներ էին։ Բարձր հիմքերի վրա է դրված միջնակարգ դպրոցի, մշակույթի տան և բուժկետի հետ փոխհամագործակցությունը։ Բոլոր ենթակառույցները համախմբված են գյուղի զարգացման հրատապ հարցերի շուրջ։ Ինչպես նշեց Ս. Պետրոսյանը՝ 2019 թվականին բավականին բարձրացվել է փոխհամագործակցության աստիճանը շրջանի վարչակազմի, իրավապահ և օրինապահ մարմինների, զինկոմիսարիատի, արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ, ինչը բավականին օգնում է ժամանակին և պատասխանատվությամբ իրագործել ԱՀ կառավարության և շրջանի վարչակազմի կողմից կայացրած որոշումները և տրված հանձնարարականները։ Համայնքի ղեկավարը համայնքի առջև ծառացած խնդիրներից կարևորագույնն ու առաջնահերթ լուծում պահանջողներից է համարում բնակիչներին խմելու ջրով ապահովելը, դպրոցական շենքի հիմնանորոգումը, մանկապարտեզի բացակայությունը, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը, տասնամյակներով անլուծելի և օդում կախված մնացած սեփականաշնորհված հողերի վկայականների տրամադրումը՝ ակնկալելով կառավարության և շրջանի ղեկավարության սրտացավ վերաբերմունքն ու ըստ առաջնահերթության հիշյալ խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելը։ Հաշվետվության շուրջ ելութ ունեցավ Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը, ով և հանդիսանում էր ժողովի նախագահը։ Նա փաստեց, որ մտահոգիչ խնդիրներ շատ ունի համայնքը, և միայն սպասել պետության միջամտությանը ներհամայնքային խնդիրների լուծման համար, ճիշտ չէ։ Մանավանդ, երբ նախիջևանիկցիները նման փորձ ունեն՝ հանգանակության շնորհիվ կառուցված՝ զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրն ասվածի վառ ապացույցն է։ Ա. Գաբրիելյանը կոչ արեց համագյուղացիներին լինել նախաձեռնող, հատկապես, երբ շրջանի ղեկավարության կողմից ուշադրության կենտրոնում է Նախիջևանիկն իր հիմնահարցերով։ Վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը նախիջևանիկցիներին ներկայացրեց գյուղատնտեսության բնագավառում պետության կողմից առաջարկվող ծրագրերը, որոնք վերաբերում էին բուսաբուծությանն ու անասնապահությանը, այգեգործությանը, ջերմոցային տնտեսությանը, պարապուրդի մատնված հողատեսքերի փոփոխությանը։ Բազմաթիվ և բազմապիսի շահավետ ծրագրեր է առաջարկում պետությունը գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, որոնց մասին առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար գյուղբաժինը մշտապես պատրաստակամ է քննարկելու և առաջարկներ ներկայացնելու ցանկացած բնակչի։ Ինչ վերաբերում է սեփականաշնորհված հողերի վկայականների տրամադրմանը՝ Ա. Ղուլյանը խոստացավ հնարավորինս կարճ ժամկետներում հարցը լուծել, սակայն այստեղ մեծ պետք է լինի նաև նախիջևանիկցիների մասնակցությունն ու ակտիվ համագործակցությունը։ Բավականին ակտիվ և բուռն քննարկումներ ծավալվեցին համայնքում առկա հիմնախնդիրների շուրջ, յուրաքանչյուր նախիջևանիկցի մտահոգ է համայնքային նշանակության խնդիրներով։ Ինչի կապակցությամբ տեղին էր ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի խորհուրդ-առաջարկը՝ յուրաքանչյուր տարի սահմանել գյուղի օր և Արցախից դուրս բնակվող համագյուղացիներին հրավիրել։ Այն կլինի յուրօրինակ և ջերմ մթնոլորտում համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի քննարկում։ Իսկ ինչպես հայտնի է, նման միջոցառումների ժամանակ են ի հայտ գալիս ամենատարբեր և ամենահետաքրքիր լուծումները։ Վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը մանրամասն ներկայացրեց շրջանում և հանրապետությունում գյուղական բնակավայրերի զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերը՝ հավելելով, որ նրա ուշադրության կենտրոնում են լինելու ակտիվ համայնքները, որտեղ կլինեն սեփական նախաձեռնություններ։ Հ. Ղահրամանյանը պատասխանեց բնակիչներին հուզող հարցերին, տալով մանրամասն և բովանդակալից պատասխաններ։ Նախիջևանիկի համայնքի ղեկավարի 2019 թվականին կատարած աշխատանքը գնահատվեց բավարար։ Նարինե Աղաբալյանը, ով սիրով է արձագանքել վարչակազմի ղեկավարի առաջարկին՝ Նախիջևանիկում ներկա գտնվել համայնքի ղեկավարի հաշվետու ժողովին, լավ լուր ուներ հայտնելու նախիջևանիկցիներին։ 2020 թվականին մեկնարկելու են դպրոցական շենքի հիմնանորոգման աշխատանքները։ Նախարարը կարևորել է գյուղի առջև ծառացած խնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու ռազմավարությունը։ Դպրոցական հարմարավետ շենք ունենալն այդպիսի խնդիրներից է, որի լուծմամբ վճռվում է նաև նախակրթարան ունենալու հարցը։ Չէ որ դպրոցը սպասարկում է երեք բնակավայրերի՝ Նախիջևանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր։ Մյուս կողմից էլ պակաս կարևոր խնդիր չէ նաև խմելու ջրի հարցը։ Հենց դրա բացակայության պատճառով են դատարկվում գյուղերը։ Ն. Աղաբալյանն առաջարկեց համայնքի ղեկավարին պատրաստել և ունենալ ծրագրեր, որոնք մի օր անպայման լուծում կստանան։ Նախարարը խոսեց նաև երիտասարդներին տրամադրվող դրամաշնորհների մասին, տեղեկացնելով Արցախում գործող ՕՍՄ ծրագրի մասին։ Ծրագիրը, որի թիմի կազմում է նաև տիկին Աղաբալյանը՝ յուրաքանչյուր ամիս 1000 դոլարին համարժեք դրամ է տրամադրում տվյալ ամսվա հաղթող նախագծին: Այսպիսով, ՕՍՄ թիմը հնարավորություն է ընձեռնում երիտասարդներին՝ իրականացնել սեփական մտահղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության կյանքի բարելավման գործընթացին: Ամփոփելով հաշվետու ժողովի արդյունքները՝ Հակոբ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հետաքրքիր և իմաստալից ժողով անցկացնելու, ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար՝ հույս հայտնելով, որ հաջորդ հաշվետուին բավականին հարցեր իրենց լուծումները գտած կլինեն։ Վարչակազմի ղեկավարի ուշադրության կենտրոնում եղել և մնալու են նախաձեռնողականություն ցուցաբերող համայնքները։ Այնպես որ, ինչպես ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանն է ասել՝ ՂՈՉԱՂ ԿԱՑԵՔ... Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |