ԾԱՆՐ ՈՒ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ |
02.02.2020 13:02 |
Սամվել Մարդիի Աղաջանյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 14-ին Ասկերանում: 1977 թվականին հաճախել է Ասկերանի միջնակարգ դպրոցը և ավարտել այն 1988 թվականին: 1988 թվականի փետրվարի 22-ին, երբ Աղդամից ազերիների հրոսակախումբը հարձակվեց Ասկերանի ուղղությամբ, մասնակցել է Ասկերանի մատույցների պաշտպանությանը: 1988 թվականին ընդունվել է ՀՀ Կիրովականի պոլիտեխնիկական տեխնիկումը և ավերիչ երկրաշարժի ժամանակ մասնակցել փլատակներում մնացած մարդկանց օգնելու աշխատանքներին: 1988-1990թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում: Ծառայությունն ավարտելուց հետո ուսումը տեղափոխել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը և միաժամանակ կամավոր ընդգրկվել Ասկերանում գործող ինքնապաշտպանական կամավորական ջոկատում: Այդ ջոկատի կազմում 1992 թվականին մասնակցել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի պաշտպանական թեժ մարտերին, որտեղ էլ ծանր վիրավորվել է թնդանոթի ականի պայթյունից՝ վնասելով դեմքն ու կորցնելով զույգ աչքերի տեսողությունը։ Երկու ամիս բուժվելուց և աչքերի տեսողությունը մասամբ վերականգնելուց հետո վերադարձել է Արցախ և շարունակել ծառայությունը նույն ջոկատի կազմում: Մասնակցել է մի շարք բնակավայրերի մարտական գործողություններին: 1992 թվականին նշանակվել է դասակի հրամանատար։ 1993 թվականին մասնակցել է Աղդամի կրակակետերի ոչնչացմանը, իսկ հուլիս ամսում նշանակվել ՊԲ 34153 զ/մ-ի 2-րդ գումարտակի շտաբի պետ: Մարտական գործողություններին ակտիվ և խիզախ մասնակցության համար պարգևատրվել է Արցախի Հանրապետության §Արիություն¦, ՀՀ §Մարտական ծառայություն¦, §Մայրական երախտագիտություն¦ և ՊԲ մի շարք գերատեսչական մեդալներով: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է: 2006 թվականից հանդիսանում էր Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման խորհուրդի նախագահը: Նա մշտապես ապահովել է ակտիվ համագործակցությունը զորամասերի հետ, կատարել փոխադարձ այցելություններ զորամաս-դիրքեր, վետերան-ազատամարտիկների հետ միասին մասնակցել զորամասում կայանալիք ռազմահայրենասիրական դասընթացներին: 2014 թվականի օգոստոսին նրա անմիջական մասնակցությամբ մի խումբ ազատամարտիկներով իրականացրել են մարտական հերթափոխություն սահմաններում: 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ասկերանի շրջանից 1000-ից ավել ազատամարտիկներ Սամվել Աղաջանյանի հրամանատարության ներքո ակտիվ մասնակցել են զորամասի մարտական հենակետերի հերթապահությանն ու հերթափոխերին: 2007 թվականից անդամագրվել է §Ազատ հայրենիք¦ կուսակցության շարքերը՝ հանդիսանելով §Ազատ հայրենիք¦ կուսակցության խորհուրդի անդամ: 2015 թվականին ընտրվել և 2019 թվականին վերընտրվել է Ասկերանի համայնքի ղեկավարի պաշտոնում: 2019թ. նոյեմբերի 14-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացած Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական ամսագրի §Որակի նշան 2019¦ մրցանակաբաշխությանը §ԷՅ-ԷՅ-ԴԻ Փաբլիշինգ¦ ՍՊԸ-ի կողմից §Որակի նշան¦ անվանակարգում պարգևատրվել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը՝ համայնքի վերաբնակեցման, բարեկարգման և իրականացված մի շարք բարեփոխումների համար։ Ամուսնացած էր, ունի երեք զավակ, մեկ թոռ։ Սամվել Աղաջանյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում։ Նրա մասին ամեն քայլափոխի կհիշեցնեն նաև կատարված բազմաթիվ շինարարական, բարենորոգման և բարեկարգման աշխատանքները, որոնց ամբողջ հոգով ու սրտով նվիրված է եղել Ասկերանի քաղաքապետը։ |