ՀԱՄԵՍՏ, ԱԶՆԻՎ, ԱՌԱՔԻՆԻ…
07.02.2020 17:11

Ի՜նչ երանություն, որ այս տողերը գրելու իրավունք ունեցա, քանզի այն իսկական հայ կնոջ մի կերպարի մասին է, ով իր ողջ կյանքում ապրել ու ապրում է որպես նվիրված մայր ու կին, որպես հավատարիմ ընկեր և հայրենասեր մարդ: Նա սիրում է մաքուրը, պարկեշտությունը, ավանդականը և ընտանիքի բարեկեցությունն ու ամրությունը միշտ էլ ամենաառաջնահերթն է համարում իր կյանքում:

Լյուդմիլա Վարդանի Գրիգորյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 3-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում՝ մանկավարժների ընտանիքում:

1967 թվականին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան և նախապատրաստական դասընթացների մասնակցել Րաֆֆու անվան դպրոցում: Ապա ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի <<Կենսաբանություն և քիմիա>> ֆակուլտետը և 1973 թվականին ավարտել այն:

Ուսանողական տարիներին ծանոթացել է համերկրացի, ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ալյոշա Գաբրիելյանի հետ: Երկու երիտասարդների մեջ ծնվել է մի գեղեցիկ զգացմունք, որը, ինչպես իրենք են այսօր ասում, հավիտյան դրոշմվել է իրենց սրտերում՝ հավատարմության, սիրո մի անխախտ որոշմամբ:

1973 թվականի ամռանը Լյուդմիլա Գրիգորյանն ամուսնանում և ընտանիք է կազմում Ալյոշա Գաբրիելյանի հետ: Նորաստեղծ ընտանիքը վերադառնում է հարազատ բնօրրան, քանզի հայրենասիրության վեհ գաղափարներով տոգորված զույգը մտածում էր ստեղծել ու արարել միայն հարազատ բնակավայրում:

Նույն թվականին ամուսիններով աշխատանքի են անցնում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ Լյուդմիլա Գրիգորյանը դասավանդում էր քիմիա և կենսաբանություն: Նա կարողանում է անմիջապես վայելել խրամորթցիների սերն ու հարգանքը և իր նուրբ վարվելակերպով, հաճելի արտաքինով և, իհարկե, գործի իմացությամբ աչքի է ընկնում դպրոցում: Մանկավարժների ընտանիքում ծնված և դաստիարակված երիտասարդ ուսուցչուհու մեջ ակնառու էին իսկական մանկավարժի բոլոր տվյալները: Նա լավ գիտեր, որ դպրոցը արվեստանոց է, որտեղ ձևավորվում է աճող սերնդի միտքը և հարկավոր է այն ամուր պահել, որպեսզի բաց չթողնվի երեխայի ապագան: Աշակերտներին ուսուցանում և դաստիարակում էր՝ զուգակցելով իր բարոյական անաղարտությունը, հոգեկան հարստությունը:

1982-85 թվականներին Լյուդմիլա Գրիգորյանն աշխատել է շրջանի գրքասերների միությունում որպես պատասխանատու քարտուղար: Այնուհետև տեղափոխվել է կոմունիստական կուսակցության Ասկերանի շրջանային կոմիտե և նշանակվել կազմակերպական բաժնի հրահանգիչ՝ միաժամանակ դասավանդելով Ասկերանի հեռակա միջնակարգ դպրոցում:

1985 թվականին աշխատանքի է անցել Ասկերանի շրջժողկրթբաժնում որպես մեթոդիստ: Մանկավարժական փորձն ու կարողությունները, մասնագիտական պատրաստվածությունը և աշակերտների հանդեպ անմնացորդ սերն ու նվիրումն օգնել են նրան հետագայում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում դասավանդելու, որտեղ նա աշխատանքի է մտել Արցախյան պատերազմից հետո և աշխատել մինչև 2011 թվականը: Այդ տարիներին սիրված ուսուցչուհին կարողացել է աշակերտների մեջ ձևավորել նաև մարդկային բարձր արժեքներ, սովորեցրել նրանց սիրել ու գնահատել գեղեցիկը: Նրա մայրական գորովանքը, որով միշտ շրջապատում էր իր սաներին, օգնել է, որպեսզի անկեղծ և մաքուր լինեին ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները:

Լյուդմիլա Գրիգորյանի 70-ամյա տարեդարձը հաճելի առիթ էր հյուրընկալվել նրա հյուրասեր օջախում, զգալ ավանդական ընտանիքի ջերմությունն ու երբեք չմարող սերը:

Գաբրիելյանների համերաշխ գերդաստանը հավաքվել էր սեղանի շուրջ, որի վրա ընտանեկան ալբոմն էր, իսկ այն անքա՜ն խոսուն ու այնքա՜ն հետաքրքիր էր: Հոբելյարի 70 տարիներն էին այդտեղ ամփոփված, որից 47-ը նա այս օջախի նվիրված և օրինակելի հարսն էր: Ինչպես մեզ պատմեց նրա ամուսինը՝ Ալյոշա Գաբրիելյանը, Լյուդան անմիջապես մերվել է Գաբրիելյանների օջախին, ընդունել բոլոր ավանդույթները, իսկ դրանցից ամենակարևորը՝ հյուրասիրությունը, բարեկամասիրությունն ու մարդամոտությունն են: Օջախի հարսը միշտ առաջնորդվել է ամուսնու մոր՝ Թամարա մայրիկի տված խորհրդով. <<Տան զարդարանքն այնտեղ այցելող բարեկամներն են>>…

Անհերքելի է նաև, որ հոգատար մայրը մայրություն էր անում ոչ միայն իր զավակներին: Նրա ջերմությունն ու սերն այնքան շատ են, որ բաժին են հասնում իր որդիների ընկերներին նաև: Նրա բարի խորհուրդները, սրտացավ վերաբերմունքը քանի՜, քանի՜ երիտասարդների է օգնել կյանքում գտնել իրենց իսկական տեղը:

Երբ սկսվեց Արցախյան շարժումը և ոտքի ելավ ողջ արցախահայությունը, Լյուդմիլա Գրիգորյանն ամեն ինչով հենասյուն էր իր ամուսնուն, ով շարժման ակտիվիստներից էր: Միշտ լինելով նրա գաղափարակիցը՝ ամուսնու հետ կիսում էր ցանկացած դժվարություն և խնդիր, ուրախանում՝ հաջողություններով:

Պատերազմի տարիներին ընտանիքի ողջ հոգսն անտրտունջ իր վրա վերցրեց տիկին Լյուդմիլան, քանի որ ամուսինն ու ավագ որդին գտնվում էին Ասկերանում, իսկ ինքը երկու զավակների և ամուսնու տարեց ծնողների հետ գտնվում էր հայրական Շոշ գյուղում: Այդ ընթացքում Ալյոշա Գաբրիելյանը որպես շրջանի լիազոր-ներկայացուցիչ գտնվում էր Ասկերանում և ամիսներով կտրված էր ընտանիքից…

<<Ծանր տարիներ էին, ամեն օր վատ լուրեր էինք լսում և ցավում յուրաքանչյուր զոհի համար: Երբ լսեցինք, որ ինքնաթիռից ռմբակոծվել և լրիվությամբ այրվել է մեր տունը, շատ վատացանք: Առանձնապես դժվար էր ամուսնուս ծնողների համար, սակայն հետո կարողացանք հաղթահարել այդ դժվարությունը և նոր տուն կառուցել, քանզի այդպիսին է հայի ճակատագիրը:

Իհարկե, ինչպես բոլոր արցախցիները, դժվարությամբ անցանք հետպատերազմյան տարիները, վերստին ստեղծեցինք, սերունդներ դաստիարակեցինք, որոնցով միայն հպարտանալ կարող ենք այսօր>>,- ասում է հոբելյարը:

Լյուդմիլա Գրիգորյանն առանձին հպարտությամբ խոսեց իր զավակների, հարսների ու թոռների մասին: Նա մեծ գոհունակություն հայտնեց հարսներից և օրհնեց նրանց եկած ճանապարհը՝ ասելով, որ իրենց բարի և ավանդական ընտանիքի արժանի հարսեր են նրանք:

Մեր անմիջական զրույցին մասնակցում էին նաև ընտանիքի անդամները, կիսվում հիշողություններով, խոսում ապագայի մասին:

Մեր այն հարցին, թե ինչումն է կայանում ընտանիքի երջանկության գրավականը, Լյուդմիլա Գրիգորյանը պատասխանեց.-<<Կյանքի ընկերոջ ճիշտ ընտրության մեջ>>…

Հիրավի, անզեն աչքով էլ երևում էր, որ այս ընտանիքում մեծ երջանկություն և ներդաշնակություն կա: Հոբելյարն անթաքույց ջերմությամբ է հիշում, երբ երիտասարդ տարիներին կարողացավ ճիշտ ընտրություն կատարել և փոխադարձ հարգանքի ու սիրո վրա ընտանիք կառուցել:

-Իհարկե, ամենակարևորն այսօր խաղաղությունն է Արցախ աշխարհի համար: Ես ցանկանում եմ, որպեսզի մեր երկինքը միշտ կապույտ լինի, խաղաղություն ավետող աղավնիները ճախրեն երկնակամարում: Թող մեր երիտասարդները երջանիկ ընտանիքներ կազմեն, ավելի հզորացնեն մեր երկիրը, քանզի ամուր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիք:

Երիտասարդ սերնդին պատգամում եմ ապրել ազնվորեն, պատվով և լինել համբերատար, որովհետև բազում դժվարություններով է լեցուն այս կյանքը,- ասում է հոբելյարը…

Մեր մտերմիկ և անմիջական զրույցի ընթացքում Լյուդմիլա Գրիգորյանի հետ խոսեցինք մարդկային տարբեր արժեքների, բնավորությունների, երեխաների ճիշտ դաստիարակության ու նրանց կայացման մասին և հանդիպումն ավարտեցինք՝ հիշելով Պրիշվինի հայտնի խոսքերը. <<Մեծագույն երջանկություն է քեզ չհամարել առանձնահատուկ, այլ լինել այնպես, ինչպես բոլոր մարդիկ են>>…

Դե ինչ, շնորհավորենք, հիրավի, առանձնահատուկ կնոջ 70-ամյա տարեդարձը և գնահատենք այն, որ նա իրեն երբևէ չի տարբերել ոչ ոքից, պարզապես ապրել ու ապրում է ինչպես բոլոր մարդիկ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter