ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ ԳՈՐԾ |
10.02.2020 12:46 |
Արցախում զբոսաշրջությունը զարգացնելու մասին շատ է խոսվում։ Համապատասխան գերատեսչությունների կողմից տարբեր ծրագրեր են մշակվում և կյանքի կոչվում։ Եվ ուշագրավ է, որ Արցախի նկատմամբ տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին այցելություններն ակտիվացել են նաև այն պետություններից, որտեղից նախկինում շատ քիչ զբոսաշրջիկներ էին այցելում մեր երկիր։ Արցախ եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունները շատ տարբեր են: Ոմանք նախընտրում են վայելել բնությունը, գյուղական տուրիզմը, մի մասը պատմամշակութային վայրերը, որոշները գալիս են հենց միջոցառումային տուրիզմի հետքերով կամ նախընտրում ակտիվ հանգիստը: Ընդհանուր առմամբ, ամենաշատ այցելվող վայրերից են Ստեփանակերտը, Տիգրանակերտը, Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը: Արցախը գրավիչ դարձնելու համար տարբեր ծրագրեր են իրականացվում և առկա պահանջարկին համապատասխան և հետաքրքիր լուծումներ առաջարկվում, սակայն օտար երկիր այցելող ցանկացած զբոսաշրջիկի համար առաջնահերթություններից մեկը համապատասխան ցուցանակի, տվյալ բնակավայրի կամ տարածքի մատնանշման առկայությունն է։ Այս առումով Ասկերանի շրջանում դրական տեղաշարժեր են նկատվում։ Օրերս շրջանի վերին ենթաշրջանում Ջրաղացների համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի անմիջական նախաձեռնությամբ լուծվել է ենթաշրջանի խնդիրներից մեկը՝ Հյուսիս - Հարավ մայրուղու համապատասխան հատվածում տեղադրվել է Սղնախ, Ավետարանոց, Ջրաղացներ, Մոշխմհատ, Մադաթաշեն, Ակնաղբյուր գյուղերի մատնանշումով ցուցանակ։ Ինչպես նշեց Ա. Հայրապետովը՝ այն իրականություն է դարձել հարևան երկու համայնքների՝ Ջրաղացների և Ավետարանոցի համայնքների բնակիչների միացյալ ջանքերի և համախմբվածության արդյունքում։ - Ցուցանակ ունենալը մեր ծրագրերի մեջ էր մտնում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր։ Մյուս կողմից էլ պետական ծրագրով կամ համայնքային բյուջեի միջոցներով չէինք կարողանում նման խնդիր լուծել։ Քննարկելով Ավետարանոցի համայնքի ղեկավար Սևակ Բաղդասարյանի հետ՝ համաձայնության եկանք միանսական ուժերով հարցը լուծել։ Ուրախալի և ողջունելի է, որ հարցը լուծվել է մեր շրջանում։ Ցուցանակի պատրաստումը ստանձնեց §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը, հայրենասեր ու ազգասեր մի մարդ, ով քաջ գիտակցելով ցուցանակի տեղադրման անհրաժշտությունն ու մեր սուղ հնարավորությունները՝ հանձն առավ այն պատրաստել բավականին մատչելի գնով և ճաշակով։ Այն տեղադրելու համար ակտիվ մասնակցություն է ցուցաբերել երկու համայնքների երիտասարդությունը։ Օգնության ձեռք է մեկնել նաև ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Ենգիբարյանը։ Ամեն ինչ արվել է սպասվածից բարձր մակարդակով, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ։ Երախտապարտ ենք բոլորին,- նշել է Ջրաղացների համայնքի ղեկավարը։ Հուսանք, օրինակը վարակիչ կլինի, և շատ համայնքներ կունենան նմանատիպ ցուցանակներ, չէ որ նույնիսկ աննշան թվացող մանրուքները խոսում են մեր քաղաքակրթության, զարգացվածության աստիճանի մասին։ Ուստի, մեր երկիր այցելողները, անվերապահորեն կգնահատեն մեր ջանքերը՝ նրանց արժանավայել ընդունելու համար... Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|