ՇՐՋԱՆՈՒՄ ՆՇՎԵՑԻՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԵՎ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԵՐԸ
14.02.2020 12:16

Հայ Առաքելական Եկեղեցու սիրված և գեղեցիկ տոներից են Սուրբ Սարգիսն ու Տյառնընդառաջը, որոնք ամեն տարի նշվում են Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կողմից: Այս տարի սպասված այդ տոները կազմակերպվեցին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ երիտասարդաց միության համատեղ ուժերով:

Սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, որը հռչակվել է նաև որպես երիտասարդների օրհնության օր, Ասկերանում նշվեց փետրվարի 8-ին: Եկեղեցու բակը մարդաշատ էր, առանձնապես ոգևորված էին երիտասարդները, որոնք այս տոնին սպասում էին սրտատրոփ: Չէ որ Սուրբ Սարգիսը սիրո երազանքներ իրականացնող Սուրբ է, և նրա

միջնորդությամբ տեղի են ունենում հրաշքներ:

Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանն իր բարեմաղթանքներն ուղղեց բոլոր սիրահար երիտասարդներին՝ ներկայացնելով նաև օրվա խորհուրդը: Սուրբ Սարգսի տոնը հայերը նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Այսպես, օրինակ, Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկներն աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։

Այնուհետև, Ասկերանի ՄՊՍԿ-ի սաներն Արցախի բարբառով արտասանեցին օրվա խորհրդին նվիրված տաղիկներ, ապա երիտասարդ զույգերի մեջ անցկացվեց վիճակահանություն, և ընտրվեց տարվա զույգը: Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը նվեր և Երուսաղեմից բերած խաչ հանձնեց Աշոտ Ղազարյանին և Էլինա Հարությունյանին՝ օրհնելով նրանց ապագան: Վերջում Ս.Աստվածածին եկեղեցում անցկացվեց երիտասարդների օրհնության կարգ և բաժանվեց աղաբլիթ:

Հայ Առաքելական Եկեղեցու գեղեցիկ մյուս տոնը՝ Տյառնըդառաջը նշվեց փետրվարի 13-ին՝ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հարությունյանի և Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանի գլխավորությամբ Խնածախի եկեղեցու բակում հավաքվել էին մեծ ու փոքրով, հավաքվել էին տոնն արժանավայել նշելու համար: Այստեղ էին նաև Այգեստանի միջնակարգ դպրոցի աշակերտները:

Ծեսն ունի իր ավանդական կարգն ու կանոնը: Այդ օրն իրականացվում է նորապսակների օրհնության կարգ և ինչպես նրանք քավոր ունեն, այնպես էլ Տյառնընդառաջի ժամանակ, ըստ ժողովրդական ավանդության, խարույկը պետք է վառեն քահանան ու քավորը:

Ժողովուրդը ոգևորությամբ դիմավորեց Մեսրոպ քահանա Խունոյանին, ով սուրբ կրակը վառելուց հետո միջոցառման մասնակիցներին ներկայացրեց օրվա խորհուրդը՝ կարևորելով նրա ավանդական օրենքները:

Մեսրոպ քահանա Խունոյանը նշեց, որ տոնն առաջին հերթին հոգևոր խորհուրդ ունի: Տեառնընդառաջի տոնը ճշմարիտ լույսի տոնն է՝ Աստվածային լույսի: Լուսեղեն Մանուկը հետագայում քարոզչության ընթացքում պիտի հայտարարեր.<<Ես եմ լույսի աշխարհը>>…

Եվ նա, ով լուսավորեց ամբողջ տիեզերքը, նա, ով փարատեց խավարը և իր հավերժական սիրո լույսով կենդանացրեց մարդկանց հոգիները, նա, որ ծնվեց լույսի փառքերի մեջ, այսօր կրկին լուսավորում է բոլորիս:

Ապա Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը օրհնեց տոնական սեղանը: Տարվա Տյառնընդառաջի հյուրասիրությունը կազմակերպել էր Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու այս տարվա ջրօրհնեքի խաչեղբայր Մարատ Հայրապետյանը: Միջոցառման հաղորդավարը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց նրան և մաղթեց Աստծո օրհնությամբ լինել առողջ և երջանիկ՝ մշտապես շրջապատված լինելով ընտանեկան սիրով և ընկերական հավատարմությամբ ու ջերմությամբ:

Միջոցառումն ուղեկցվում էր Ասկերանի ՄՊՍԿ-ի սաների անզուգական պարերով: Համընդհանուր ուրախություն էր թևածում Խնածախում, խանդավառված երեխաները շուրջպար էին բռնել վեր խոյացող խարույկի շուրջը: Ակներև էր, որ բոլորն ուրախ և երջանիկ էին…

Հիրավի, մեզանից յուրաքանչյուրն այդ օրն ավելի մոտեցավ Աստծուն և գիտակցեց, որ միայն քրիստոնավայել ապրելու և Տիրոջն ընդառաջ գնալու դեպքում կարող ենք գտնել մեր ներքին խաղաղությունը…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter