ԱՐԱՄԸ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ |
17.02.2020 11:24 |
Հայրենիքի, որպես բացարձակ արժեք լինելուց շատ ենք խոսում։ Խոսում ենք նրա խաղաղ արշալույսների համար մատաղ կյանքեր զոհաբերած տղաների սխրագործություններից՝ վեհաշունչ հայոց լեզվի հարուստ բառապաշարի ընտրյալ հատիկներ օգտագործելով, բայց հաճախ անհաղորդակից մնում այն վշտին ու ցավին, որը կրում են իրենց հոգիներում ու սրտերում այդ անձնազոհ հերոսների հարազատները։ Արամ Նիկոլայի Տերզիկյանի մայրը՝ Նինա տատիկը, անսքող թախիծով ու դառը կսկիծով է խոսում իրեն բաժին հասած դառը ճակատագրից։ Իսկապես, ճակատագիր կոչվածը դաժան է գտնվել նրա նկատմամբ։ Ծանր պայմաններում է 5 երեխաներին մեծացրել, երիտասարդ տարիքում կորցել ամուսնուն, իսկ երբ զավակներն արդեն թևեր էին առել ու իրենց բազմաչարչար մորը կյանքի նոր երանգներ պիտի հաղորդեին՝ պայթեց Արցախյան ազգային-ազատագրական պայքարը։ Այդ սուրբ պայքարին կամավորագրվեցին Նինա տատիկի 4 որդիները և պայքարեցին արնախում հրեշի դեմ մինչև պարտադրված հրադադար, իսկ Արամն իր անունը փառքով պսակեց՝ բռնելով անմահության ճանապարհը։ Պատերազմի դառնագին օրերն իրենց ծանր հետքերը թողեց նաև Վովայի առողջական վիճակի վրա, ով տարիներ անց մահացավ։ Կյանքից անժամանակ հեռացավ նաև նրանց մինուճար քույրը՝ Իրինան, ով կարողանում էր որոշ չափով ամոքել մոր վիշտն ու դառնացած սրտին փոքր-ինչ մխիթարություն պարգևել... Փետրվարի 16-ին Արամը կդառնար 55 տարեկան... Ծնվել է 1965 թվականի փետրվարի 16-ին՝ Ասկերանում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն։ Ստեփանակերտի թիվ 21 պրոֆտեխուսումնարանում ստացել է դերձակի մասնագիտություն, ապա զորակոչվել խորհրդային բանակի շարքերում ծառայելու։ 1986-ին զորացրվելուց հետո աշխատանքի է անցել թիվ 12 մասնագիտացված շինմոնտաժային հիմնարկությունում, որպես փականագործ։ -Արամս երբեք չի դադարել իր սիրած գործով՝ դերձակությամբ զբաղվել։ Նա կարում էր ամեն ինչ, կարում էր ներքին մեծ բավականությամբ, նվիրումով։ Իմ բոլոր զավակների մատները ոսկի էին, ամեն աշխատանք էլ կատարում էին ջանասիրաբար։ Էս տան մեջ ինչ աշխատանք տեսնում ես, նրանց ձեռքի գործն է, մեր տանը երբեք այլ վարպետի մատ չի դիպչել,- ասում է Նինա տատիկը դողացող ձայնով և շարունակում,- արյունս ջուր եմ դարձրել, ոսկորներս՝ ալյուր, որ երեխաներս ոչնչի կարիք չունենան, որ ապահովված լինեն ամեն ինչով։ Կյանքում երբեք նպատակ չեմ դրել շքեղ տուն կառուցել, միշտ մտածել եմ միայն թե երեխաներիս ապահով պահեմ, լավ դաստիարակություն տամ և Հայրենիքի համար պիտանի զավակներ դաստիարակեմ... Անվարան հայացքով նայում եմ շուրջբոլորս, այստեղ ամեն ինչ վերանորոգման, փոփոխման կարիք ունի։ Անձրևաջրերն իրենց հետքն են թողել պատերին։ Այս սենյակում էին քնում տղաները, և այստեղ այժմ էլ ամեն ինչ անփոփոխ է, միայն նրանց կենդանի ներկայության փոխարեն մեծադիր նկարներ են։ Զարմանում ես, ինչպիսի՞ կամքի ամրություն պիտի ունենա մայրը, որ դիմանա անասելի դառնությանը... Եվ հասկանում, որ լռությունն այստեղ հաճախ զնգուն է՝ ասված բազում մխիթարիչ բառերի փոխարեն, իսկ Նինա տատիկի զավակները հավերժ ներկա... Արցախյան ազատամարտը որպես հրամայական էր իջել՝ ազգիս ապագան հարցականի տակ առնելով։ Սակայն դարավոր թշնամու դեմ արդար պատերազմի ելած մարտիկներն ընդմիշտ լռեցրեցին թշնամուն՝ ցույց տալով իրենց բազկի զորությունն ու կամքի տոկունությունը։ Արամը մոռացել էր ամեն ինչ, և սիրած մասնագիտություն, և հարազատ օջախ, և մոր թախանձանքները... Նա իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել էր Հայրենիքին։ Եվ նրանք այլևս անքակտելի էին... 1989-ին էր անդամագրվել պարտիզանական ջոկատին և մի խումբ տղաներով հավաքվում էին քննարկելու Ասկերանի սահմանամերձ բնակավայրերի հանրային ունեցվածքի պահպանության հարցը։ Գիշերային հերթապահություն էին իրականացնում՝ սատար կանգնելով Արանզամին, Աղբուլաղ, Դահրազ, Փառուխ գյուղերի բնակիչներին։ Իսկ երբ կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը՝ անվարան դարձավ նրա անվեհեր մարտիկը։ Հայրենիքի ազատությանն անվերապահորեն նվիրյալին շուտով վստահվեց Ասկերանի ՊՇ հետախուզական վաշտը։ Նրա հրամանատարությամբ վաշտն արժեքավոր տեղեկություններ էր բերում հակառակորդի վերաբերյալ։ Նրան շատ էր օգնում նաև խորհրդային բանակում ձեռք բերած հետախույզի և դեսանտայինի փորձը։ Արամը երբեք չընկրկեց հանձնարարված առաջադրանքներից, անգամ այն դեպքում, երբ գիտեր որ դիմացը մահն է։ Նա բաց ճակատով, վճռական ու աննահանջ կեցվածքով գնաց ճակատագրին ընդառաջ։ 1993թ. հունիսի 12-ի՝ Աղդամի կրակակետերը ոչնչացելու համար մղված ճակատամարտը վերջինը դարձավ Արամ Տերզիկյանի համար։ Աղդամի կրակակետերից հրթիռակոծվում էին Ասկերանն ու շրջակա բնակավայրերը։ Թշնամուն անհապաղ լռեցնել էր պետք, և հրամանատարությունը Ուղտին մեջքի կրակակետներն ընդմիշտ լռեցնելու պլաններ էր նախապատրաստում։ Այդ արյունահեղ մարտում Արամը դիմադրեց մինչև վերջ, մինչև կապահովեր մարտական ընկերների նահանջը, ինքն էլ վերջին անգամ հայացք ձգելով հարազատ եզերքին՝ գլուխը դրեց Հայրենիքի քաղցրաբույր հողին... Նա գնաց՝ միանալու հայրենի հողի ազատագրության համար նահատակված քաջազունների երկնային բանակին՝ կտակելով մեզ տեր կանգնել այս մի բուռ հողին... Անկատար մնացին Արամի բոլոր երազանքները։ Նա չճաշակեց հաղթանակի բերկրանքը, անկատար թողեց սիրած աղջկան տված երդումը, հուսախաբ արեց սիրասուն մորը, նրան խոստացած ապահով և բարեկեցիկ օր - ծերությունը։ Մինչդեռ ամեն ինչ պատրաստ էր հարսանքի համար... Նրանք պիտի ապրեին այդ տանը, ապրեցնեին մորը, պարգևեին Հայրենիքին նույնչափ ազգասեր ու հայրենասեր զավակներ, ինչպիսին ինքն էր... Ավա՜ղ... Մոր ճաքճքած սիրտ, սիրած աղջկա կոտրված երազ, տան անշունչ պատեր թողեց Արամը... Արամ Տերզիկյանը կատարած սխրագործությունների ու անձնազոհության համար հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանով, ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|