ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
19.02.2020 15:15

Իմ մեջ եղած ամբողջ լավի համար ես պարտական եմ գրքերին…

Մ. Գորկի

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Բարի այդ ավանդույթը շարունակվում է և տարեցտարի ավելի լայն արձագանք  գտնում հանրության շրջանում:

Հիրավի, միմյանց գիրք նվիրելը նախկինում էլ գեղեցիկ ավանդույթ է եղել և յուրաքանչյուրիս համար միշտ էլ ցանկալի էր լավ, արժեքավոր գիրք ստանալ, քանզի գիրքը լուսավորում է հոգին, ոգեշնչում ու զորացնում է մարդուն՝ նրա մեջ առաջացնելով լավագույն ձգտումներ, մեղմացնելով սիրտը: Չմոռանանք, որ գրքերը ծնում են նաև երազանքներ, մարդուն ստիպում խորհել և միայնակ չլինել…

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ինչպես Արցախի տարբեր կրթամշակութային օջախներում, այնպես էլ Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվեց հաճելի միջոցառում:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի գլխավորությամբ բաժնի աշխատողները եկել էին շնորհավորելու գրադարանի աշխատախմբին և հետաքրքիր գրքեր նվիրելու գրադարանին:

Ինչպես մեզ տեղեկացրեց գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանը, գեղեցիկ տոնի առթիվ գրադարանը հետաքրքիր ու բովանդակալից գիրք և նվերներ է ստացել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանից, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում գրադարանի գործունեությունը և անում ամեն ինչ, որպեսզի գրադարանի աշխատանքներն իրականացվեն պատշաճ մակարդակով:

Նունե Կարապետյանը նշեց, որ ողջունելի է նաև այն, որ գրադարանն ունի հավատարիմ և գրքասեր ընթերցողներ, իսկ գրադարանի աշխատողները կարողանում են իրենց պատասխանատու և բարյացակամ վերաբերմունքով արժանանալ ընթերցողների սիրուն ու հարգանքին:

Ինչ խոսք, գրքի նվիրատվությունը տարեցտարի մեծ հանդիսավորություն է ստանում, և ժողովրդի կողմից ավելի է իմաստավորվում դրա խորհուրդը:

Ասկերանի քաղաքապետարանի շենքի առջև դրված սեղանին հանդիսավոր և հպարտ շարվել էին գրքերը՝ սպասելով իրենց ապագա տերերին: Այստեղ էին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչները, ովքեր գրադարանի մշտական այցելուներն են և մեծ սիրով էին գրքեր ընդունում գրադարանի կողմից: Գրադարանի աշխատողները գրքեր էին նվիրում նաև պատահական անցորդներին՝ միաժամանակ ներկայացնելով նրանց օրվա խորհուրդը:

Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի մշտական հաճախորդ Ալլա Արզումանյանը սիրով իր տպավորությունները կիսեց մեզ հետ.

-Միշտ էլ սիրել եմ գրքեր կարդալ՝ առանձնապես ինձ գրավում են պատմական գրքերը, որոնց միջոցով մենք կարողանում ենք շփման մեջ մտնել պատմության տարբեր ժամանակաշրջանների լավագույն մտածողների հետ, գրքերի շնորհիվ դառնում ենք անցած դարերի մեծ իրադարձությունների մասնակիցը:

Մեր քաղաքային գրադարանում աշխատում են բանիմաց, սիրալիր և հաճելի մարդիկ, որոնց հետ շատ հետաքրքիր է նաև համագործակցել և այսօրինակ միջոցառումները ողջունելի ու կարևոր են բոլորիս համար:

Դե ինչ, հուսանք, որ կվերականգնվի գրքի երբեմնի դերն ու նշանակությունը, և գրքի նվիրատվության օրվա խորհուրդը ավելի կմեծանա…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter