ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ |
21.02.2020 11:25 |
Արցախի հանրապետության ԿԸՀ- ն հանրապետության շրջաններում կազմակերպում են մասնագիտական դասընթացներ՝ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար: Հաստատված ժամանակացույցի համաձայն Ասկերանի շրջանում դասընթացներն անցկացվեցին երեք փուլով. փետրվարի 14-ին՝ Շոշի համայնքում, փետրվարի 18-ին՝ Իվանյանի համայնքում և փետրվարի 20-ին՝ Ասկերան քաղաքում: Դասընթացների նպատակն է ընտրությունների անցկացման համար համապատասխան գիտելիքների ուսուցանումը, ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների աշխատանքային ունակությունների կատարելագործումը, ինչպես նաև նոր ընտրական օրենսդրությանն ու ԱՀ ԿԸՀ 2020թ. ընդունված նոր որոշումներին և կարգերին ծանոթացնելը: Որակավորմանը մասնակցում էր 187 հոգի: Դասախոսությունները վարում էին ԱՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը և Ասկերանի ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանը: Ներկա էին նաև Ասկերանի ՏարԸՀ անդամները և դիտորդներ: ԱՀ ԿԸՀ նախագահի տեղակալը կանգ առնելով առաջիկա համապետական ընտրությունների կազմակերպչական հարցերի վրա՝ շեշտեց, որ ՏԸՀ-ում ընդգրկված հանձնաժողովների անդամներին սպասվում է լարված աշխատանք, սակայն նա համոզմունք հայտնեց, որ կկարողանան հավուր պատշաճի կազմակերպել ընտրությունները: Դիմումատուների մեջ կային ինչպես փորձառու, այնպես էլ նոր մարդիկ: Եղիշե Արզումանյանը նախ նշեց, որ բոլոր դիմումատուները ընդամենը տեղամասային ընտրական հանձնաժողովների հավակնորդներ ու թեկնածուներ են: Մասնակցելով դասընթացներին՝ դեռևս չի նշանակում, որ պարտադիր ընդգրկվելու են հանձնաժողովների կազմում, սակայն դրական հանձնելով ստուգարքը՝ ստանալու են որակավորման վկայականներ: ԱՀ ԿԸՀ նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրեց ընտրությունների անցկացման կարգը, հանձնաժողովների անդամների անելիքները՝ ծանոթացնելով նրանց այն փոփոխություններին, որոնք նախատեսված են նոր ընտրական օրենսգրքով: Նա հատուկ շեշտեց, որ անկախ ունեցած քաղաքական դիրքորոշումից, ընտրական հանձնաժողովների անդամների համար կարևոր նախապայման է անկողմնակալ ու կարգապահ լինել, և բարձր մակարդակով կազմակերպել մեր երկրի համար կարևոր համապետական այս ընտրությունները: Ասկերանի ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանն իր խոսքում նշեց. -Տեղամասային ընտրական հանձնաժողովներն այն մարմիններն են, որոնք անմիջականորեն են ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը: ՏԸՀ-ն ընտրողներին ամենամոտ կանգնած հանձնաժողովն է և նրանց հետ ամենաշատ շփվող մարմինը: Վերջապես հենց տեղամասերում են տեղի ունենում ընտրությունները և այնտեղ էլ ամփոփվում արդյունքները: Հետևաբար, շատ կարևոր և մեծ նշանակություն ունի այս դասընթացների կազմակերպումը: Դասախոսություններից հետո անցկացվեցին ստուգարքներ և դրական արդյունքներով գնահատվեցին ընտրական հանձնաժողովների մասնագիտական դասընթացներին մասնակցած 187 դիմումատուներ, ովքեր կստանան 3 տարի ժամկետով որակավորման վկայականներ և հնարավորություն՝ ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում: Նշենք, որ ԱՀ ԿԸՀ ժամանակացույցի համաձայն արդեն կազմավորվել են շրջանի 42 համայնքների տեղամասային կենտրոնները և սահմանվել ընտրական տեղամասերի հերթական համարները: Դե ինչ, կարծում ենք՝ մարտի 31-ի համապետական ընտրություններին ընդառաջ մեր շրջանում կձևավորվեն այնպիսի տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որտեղ կընդգրկվեն բանիմաց, պատասխանատու անդամներ և իրենց վերապահված բարդ ու դժվարին գործը կկատարեն ամենայն պատասխանատվությամբ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |