ԲԱՑԱՌԵՆՔ ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒՄԸ…
21.02.2020 15:29

Ինչպես տեղեկացանք Ասկերանի շրջանային Հակահամաճարակային բաժնի պետ Իրադա Խաչատրյանից, Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվել է վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճ և համաճարաբանական լարված  իրավիճակով պայմանավորված երեխաների առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով փետրվարի 21-ին  և 22-ին դադարեցվել են հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների պարապմունքները:

Շրջանային ՀՀ բաժնի պետը շեշտեց, որ ամեն տարի նոյեմբերից մինչև ապրիլ ամիսները ծառայության կողմից իրականացվում է ամենօրյա մոնիթորինգ՝ կապված սեզոնային գրիպի և ՎՇՈՒ-ի հիվանդությունների հետ, ինչպես նաև վերահսկվում է բոլոր կրթօջախների ջերմային ռեժիմը: Բժշկի խոսքերով պետք չէ խուճապի մատնվել, քանի որ իրավիճակը վերահսկելի է, և ամեն ինչ գտնվում է նրանց մշտական հսկողության տակ։

-Նախորդ տարիների համեմատ Ասկերանի շրջանում հիվանդների աճ չի արձանագրվել: Հորդորում եմ բոլորին անել ամեն ինչ, որպեսզի խուսափենք սեզոնային հիվանդություններից: Անհրաժեշտ է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, իսկ հիվանդանալու դեպքում՝ մնալ տանը: Հատկապես հիվանդ երեխաներին չպետք է թույլ տալ հաճախել դպրոց ու մանկապարտեզ, և անպայման հետևել բժշկի խորհդատվությանն ու համապատասխան բուժում ստանալ: Պետք է բացառել ինքնաբուժումը, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,-նշեց Իրադա Խաչատրյանը:

Նա բնակչությանը հորդորեց հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, ինչքան հնարավոր է հեղուկներ օգտագործել և հետևել անձնական հիգիենային:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter