ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ |
22.02.2020 12:59 |
Փետրվարի 22-ը ասկերանցիներս նշում են որպես հարազատ քաղաքի Վերածննդի օր, քանզի այդ օրը ճակատագրական էր մեզ համար: 1988 թվականի փետրվարի 22-ին ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ մեր դարավոր թշնամու բազմահազարանոց ամբոխին և ետ շպրտել Ասկերանի մատույցներից: Այդ օրը պատմական նշանակալից օր էր, և Ասկերանը դառնալով որպես անառիկ մի դարպաս՝ հիմքը դրեց մեր հետագա բոլոր հաղթանակների, հաջողությունների ու անկախ պետականության: Հավատարիմ մնալով ստեղծված ավանդությանը՝ փետրվարի 22-ին ասկերանցիները վերստին հավաքվել էին նշելու քաղաքի Վերածննդի օրը: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Շամիրյանը, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Մեսրոպ քահանա Խունոյանը, Ասկերանի շրջանի Արցախյան Շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Սլավա Առուշանյանը, նախաձեռնող խմբի անդամներ, ազատամարտիկներ, ասկերանցիներ: Միջոցառման մասնակիցները թարմ ծաղիկներ դրեցին Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը: Մինչ հանդիսավոր միջոցառումն սկսվելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև կյանքից անժամանակ հեռացած Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի հիշատակը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Շամիրյանը. -1988-ի փետրվարի 22-ը մեր հիշողություններում մնաց որպես անջնջելի մի օր, և պատահական չէ, որ Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ այն հռչակվեց Ասկերան քաղաքի Վերածննդի օր, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ հեռավոր 88-ին առաջին անգամ բռունցքվեցին ասկերանցիները, կոչվեց Փետրվարի 22-ի հրապարակ: Այսօր մեծ հպարտությամբ ենք փաստում, որ 1988-ը մեր կյանքում շատ բան փոխեց: Մենք երախտապարտ ենք մեր ավագ սերնդին, որոնց անձնուրացության շնորհիվ այսօր ապրում ենք ազատ և անկախ երկրում: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Արցախյան շարժման տարեգրության մեր առաջին և փայլուն հաղթանակի կապակցությամբ և գլուխ խոնարհում բոլոր մեր հերոս տղաների հիշատակի առաջ, որոնց շնորհիվ կերտվեց այսօրը: Ելույթով հանդես եկավ Ղարաբաղյան շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալյոշա Գաբրիելյանը. -Այսօր պատմական օր է բոլորիս համար, օր, որն ունի անգնահատելի խորհուրդ: Փետրվարի 22-ին Ասկերանն իր դարպասները մեկընդմիշտ փակեց ոսոխի դեմ, կարողացավ պահպանել իր դեմքը, թշնամուն ցույց տվեց իր կամքը, ուժեղ ոգին: Բոլորս ենք տեղյակ, որ միշտ էլ տարբեր ազգեր ցանկացել են տիրանալ մեր հողին և պատահական չէ, որ թուրքը ցանկանում էր գրավել հենց Ասկերանը, որպեսզի տիրանա Հայոց բերդաքաղաք Շուշիին: Սակայն նա երևի լավ չգիտեր հայի տոկունության, քաջության և միասնական ուժի մասին: Մենք մեր առաջին հակահարվածը տվեցինք այդ օրը, կարծում եմ՝ հենց այդ օրն էլ որոշվեց Արցախի ճակատագիրը: Անցել են 32 տարիներ, այսօր ունենք հրաշալի սերունդ, ով մեծ պատասխանատվությամբ է շարունակում ավագ սերնդի գործը: Այս սերունդն ունի բացահայտ հայրենասիրություն, ամուր կամք ու ողջամտություն: Կոչ եմ անում, խնդրում և պահանջում. մտքից հանել այս սուրբ հողի հանձնման ամեն մի գործընթաց: Այն մերն է եղել դարեր շարունակ և պարտավոր ենք պահել ու պահպանել ամենայն սրբությամբ: Փա՜ռք մեր բոլոր նահատակներին, փա՜ռք Արցախի պետականությանը… Ասկերանի շրջանի Արցախյան Շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Սլավա Առուշանյանի խոսքը լի էր վճռականությամբ. -Պետք է միշտ հիշենք, որ երբեք այլազգիները, նամանավանդ թուրքերը մեծամասնություն չեն կազմել, երբեք չեն կարողացել ծնկի բերել ղարաբաղցիներին: Ասկերանի շրջանը բազմաթիվ անգամ կարևոր նշանակություն է ունեցել հայ ազգի պատմության մեջ: Նշեմ, որ 1810 թվականի Գյուլիստանի պայմանագրի առաջին մշակումը իրականացվել է հենց մեր բերդում: Անդրադառնալով 1988 թվականի փետրվարի 22-ին՝ շեշտեմ, որ Ադրբեջանը տեսավ, որ այլևս չի կարողանում ոչինչ անել և մեզ ոչ ոք չի կարող համոզել հետ դառնալ մեր մտադրությունից: Նրանք փետրվարի 21-ին ոստիկանության միջոցով բազմաթիվ ադրբեջանցիների տարհանեցին Աղդամ, որպեսզի 22-ին գային, իբր, մեզ դաս տալու: Ինչպես նախկինում էին անում, նրանք որոշել էին ահաբեկել մեզ, վախեցնել, որպեսզի հետ դառնանք մեր բռնած ճանապարհից: Սակայն ղարաբաղցին վախեցողը չի, մենք կարողացանք արժանի հակահարված տալ և պաշտպանել մեր հայրենիքը, մեր հռչակագիրը: Մենք պաշտպանում էինք ոչ միայն Ասկերանը, այլև՝ Հայաստանը և ողջ հայ ազգի պատիվը: Ի պատիվ ասկերանցիների՝ պետք է ասեմ, որ մեր ամբողջ գործունեությունը, փաստորեն, փրկեց հայ ազգին և հիմք դրվեց նոր պետականությանը: Ասկերանի թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանն իր շնորհակալությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ հանձին Ասկերանի քաղաքապետարանի: -Այդ իրադարձությունները երիտասարդության և դպրոցականների կողմից պիտի ընկալվեն որպես ճանաչողության դաս, փորձառության դասագիրք՝ ապագայի համար: Չափազանց անհրաժեշտ է իմանալու համար այն ամենը, ինչ անցյալում և ներկայում են տեղի ունենում: Փետրվարի 22-ի ասկերանյան միջադեպը բախտորոշ և ճակատագրական նշանակություն ուներ Ղարաբաղի հայության համար, որովհետև այդ օրը կանխվեց Ադրբեջանի կողմից նախօրոք ծրագրավորված արցախահայության նոր ցեղասպանությունը: Ասկերանի հյուսիս-արևելյան ծայրամասում արժանի հակահարված տրվեց ոսոխին, որից հետո սկսվեց ինքնապաշտպանական ուժերի կազմավորման գործընթացը և սանձազերծված պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակների տարեգրության պատմությունը>>,-շեշտեց Վիգեն Գաբրիելյանը: Իրավմամբ, հպարտությամբ ենք հիշում 1988-ի փետրվարի 22-ի նշանակալից իրադարձությունները և համոզմունք հայտնում, որ մեր ժողովուրդը կկարողանա պահպանել երբեմնի միասնական ուժը և համերաշխությունը, որը նորանոր հաջողությունների և հաղթանակների կտանի մեզ: Փա՜ռք ու պատիվ Շարժման առաջամարտիկներին, փա՜ռք ու պատիվ մեր ժողովրդին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |