ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԱՐՑԱԽԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
22.02.2020 13:10

Փետրվարի 21-ին Արցախի ժուռնալիստների միությունում տեղի ունեցավ Արտաշես Վրույրի ՙԱնիում՚ գրքի երրորդ հրատարակության և անգլերեն հատորների շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին լրագրողներ, գրողներ, պատմաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ Երևանից, Ստեփանակերտից, Շուշիից, Ասկերանից, Հադրութից:

Բացման խոսքով հանդես եկավ ԱրԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը, նշելով, որ գիրքը վերահրատարակվել է հայտնի լրագրող-հետազոտող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի շնորհիվ՝  արժևորելով նրա կատարած աշխատանքը։

Մտորումներով կիսվեցին, գնահատանքի խոսք ասացին ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան Մհեր Հարությունյանը, գրող, լրագրող Դավիթ Միքայելյանը, ՙՍտեփանակերտ՚ թերթի գլխավոր խմբագիր Սոֆյա Սարգսյանը, ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։

-Անի կենտրոնն ու մասնավորապես Թաթուլ Հակոբյանը մեծ նախաձեռնություն են իրականացնում՝ վերահրատարակելով մեր մտավոր ժառանգության գեղեցիկ նմուշները, որոնք նաև ունեն արդիական հնչեղություն և նշանակություն։ Դրանք մեզ ոչ միայն հետ են տանում դեպի անցյալ՝ մեր պատմական հուշարձանների, երևույթների վերաբերյալ նորովի դատելու, վերաիմաստավորելու առումով, այլև արթուն են պահում մեր պատմական հիշողությունը։ Քանզի ինչպես ասում են՝ պատմությունը մեզ օգնում է ճիշտ ապրել ներկան և կանխատեսել ապագան։ Այս համատեքսում Թաթուլ Հակոբյանի նախաձեռնությունները ողջունելի են, մանավանդ, որ նրան հաջողվում է այդ վերահրատարակությունները համեմել նոր նյութերով՝ լուսանկարների, ծանոթագրությունների տեսքով՝ անմիջական կապ ստեղծելով մեր անցյալի և ներկայի միջև-, նշեց Մհեր Հարությունյանը։

ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց  գիրքը՝ արժեքավոր տեղեկություններ հաղորդելով Անիիում ապրած վերջին բնակիչների մասին, որոնց մասին խոսվում է գրքում։ Թ. Հակոբյանի խոսքերով, գրքի առաջին շնորհանդեսն Արցախում անցկացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ Անիի վերջին բնակիչներից մեկը՝ վանահայր Հայր Միքայելն արցախցի էր...

Գրքի հեղինակը՝ Արտաշես Վրույրն իր մանկության և պատանեկության տարիներին (1901-1917թթ.) եղել է Անիում, որտեղ նրա հայրը՝ Արամ Վրույրը Նիկողայոս Մառի գիտարշավի հետ տարիներ շարունակ մասնակցել է հնամենի քաղաքի պեղումներին։ Հետագայում ինքը՝ Արտաշես Վրույրը դառնում է գիտարշավի խանդավառ աշխատակիցներից մեկը և ակտիվորեն մասնակցում Բագրատունիների մայրաքաղաք  Անիի և շրջապատի վանքերի ու հուշարձանների ուսումնասիրության և նկարահանման գործին։ Պատմական Անին իր հոյակապ հուշարձաններով, վանքերով և եկեղեցիներով, բերդերով ու պարիսպներով խորը, անջնջելի տպավորություն են թողել մանուկ Արտաշեսի վրա, ինչն էլ հիմք են հանդիսացել գրքի համար։

Նշենք, որ գիրքն ընթերցվում է մեկ շնչով և հեղինակն իր մանկա-պատանեկան վառ տպավորություններով և հուշերով, չթուլացող հետաքրքրությամբ այնպես է պատմում, որ ընթերցողի առջև ուրվագծվում են 1000 ու մի եկեղեցիների քաղաքի կիսակործան շենքերը, բերդերը, պարիսպները, շրջակա ձորերն ու բլուրները, Անիի ոտքերի տակ հավիտյան թավալվող Ախուրյանը։ Գրողը հպարտությամբ է նշում, որ նրան վիճակվել է կրել կրտսեր անեցու պատվավոր անունը, իսկ Անիիում ապրած տարիներն իր մեջ ազնիվ զգացումներ և վսեմ գաղափարներ են պատվաստել...

Դավիթ Միքայելյանին Թաթուլ Հակոբյանը միշտ հիացրել է իր խիզախ և համարձակ հրապարակումներով։ Մարդ, ով կարողանում է հանրությանը ներկայացնել մեր իրական պատմությունը, և  իր աննախադեպ աշխատասիրության շնորհիվ հարուստ ժառանգություն կտակում գալիք սերունդներին։

Թ. Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ մենք առանց ամաչելու մեր պատմության բոլոր էջերը պետք է բացենք մեր առաջ և սովորենք մեր պատմության սխալներից և առաջ գնանք։ Նա վերջում շնորհակալություն հայտնեց գրքի շնորհանդեսի կազմակերպիչներին, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին, խոսեց նաև կենտրոնի հետագա անելիքների մասին։

Շնորհանդեսի ավարտին Արցախի Ժուռնալիստների միությունը ներկաներին հյուրասիրեց Արցախի գինի և ժենգյալով հաց:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter