ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
24.02.2020 20:31

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց Ասկերանում, որին ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, շրջանի ուժային կառույցների ղեկավարներ, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ։

Ողջունելով ներկաներին՝ Նախագահը կարևորել է շրջանի

ղեկավարության հետ փոխհամագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, որոնք նպաստել են մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը, ինչպես նաև   պատրաստակամություն հայտնեց պատասխանելու ներկաների հարցերին։

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը՝ մինչ 2019 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելը, ներկաների ուշադրությանը հրավիրեց 1988-ի փետրվարյան իրադարձությունների և փետրվարյան խորհրդի վրա՝ փաստելով, որ 88-ի փետրվարի 22-ին մեր միասնականության շնորհիվ  կարողացանք դիմագրավել թշնամուն, և փետրվարյան ձեռքբերումները մեր ազգի համար դարձան հետագա բոլոր հաջողությունների հիմքը։ Ղեկավարի առաջարկով ներկաները մեկ րոպե հոտնկայս լռությամբ հարգեցին Հայրենիքի ազատությաննն ու անկախությանն իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը։

Ապա վարչակազմի ղեկավարը հանդես եկավ համառոտ հաշվետվությամբ՝ 2019 թվականի շրջանի ձեռքբերումների, ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի ու տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին՝ կանգ առնելով դրանցից յուրաքանչյուրի վրա։

2019թ. անց են կացվել շրջանի խորհրդի 12 նիստեր, որոնցում քննարկվել և ընդունվել են թվով 172 որոշումներ և 56 կարգադրություններ:

Նշված ժամանակահատվածում վարչակազմի ղեկավարը անց է կացրել 84 խորհրդակցություններ և հանդիպումներ, այդ թվում 15-ը՝ արտագնա։

Շրջվարչակազմի ղեկավարի կողմից կատարվել է քաղաքացիների 822 ընդունելություն։ Քննության են առնվել 555 դիմումներ: Օրենքի ուժով ձևավորված երկու հանձնաժողովները քննարկել և ընթացքավորել են շինանյութերի տրամադրման 709 և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու կամ նորոգելու 106 դիմումներ:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջների կատարման նպատակով աշխատանքներ են տարվել համայնքների ավագանու նիստերի հրավիրման ժամկետների պահպանման, ընդունված որոշումները օրենքով սահմանված ժամկետում շրջվարչակազմ ներկայացնելու և  ընդունված իրավական ակտերի հրապարակայնության ապահովման ուղղությամբ:

Շրջանի  համայնքներում կայացվել են 357 ավագանու նիստեր և 51 ընդհանուր ժողովներ, որոնցում քննարկվել են 1284 հարցեր:

Բոլոր համայնքներում իրականացվել է վարչական հսկողություն:

2019-2020թթ. անց են կացվել համայնքների ղեկավարների հաշվետու ժողովները, որոնց մասնակցել են նաև պատասխանատու աշխատողներ շրջվարչակազմից։

Առայսօր Ասկերանի շրջանի բնակչության զգալի մասը ընդգրկված  է գյուղատնտեսական  արտադրության  տարբեր  ճյուղերում:

2019թ. նախորդ տարվա համեմատ 1000 հա-ով ավելացել են հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները` կազմելով 16154 հա: Գերակա ճյուղը մնում է հացահատիկի արտադրությունը, ստացվել է 25130 տոննա համախառն բերք, միջին բերքատվությունը կազմել է 19.2 ց/հա:

Գյուղատնտեսական մթերքների արտադրության ակնկալվող արդյունքերին խոչընդոտել են բնական աղետները, տուժել են ցանքատարածությունների 34 տոկոսը կամ 5361 հա:

ԱՀ Կառավարության կողմից 80-100 տոկոսով տուժված հողօգտագործողներին աջակցություն է ցուցաբերվել 46 մլն 148500 ՀՀ դրամի չափով և փոխհատուցվել է նաև բնական աղետներից վնաս կրած հողօգտագործողների հողի հարկերն ու վարձավճարները՝ 29 մլն 233808 ՀՀ դրամ, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում։

Նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել են գարնանացան սերմերի պահանջարկի հայտերը, իսկ փաստացի ցանքերը կազմել են 6337 հա: Հողօգտագործողներին բացի անհատույց ստացած սերմերի, տրամադրվել են նաև 94.1-ական տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր:

Բանջարանոցային մշակաբույսերով զբաղվող 67 հողօգտագործողների 121,85 հա ցանքեր կատարելու համար տրվել են 22 մլն 797 500 ՀՀ դրամ դրամաշնորհ:

Նույն ծրագրով շրջանի բնակչությանը ըստ ներկայացված հայտերի անհատույց տրամադրվել են նռան տնկիներ, հիմնադրվել են 158.5 հա նոր այգիներ: Ներկա դրությամբ նռան այգիների տակ հողատարածքները   հասցվել են 860 հա-ի, որից՝ 412 հա-ը արդեն բերքատու է: Նռան արտադրությունը ավելացել է 543 տոննայով, կազմելով 2388 տոննա։ Ունենք ևս 203 հա նռան այգիներ հիմնադրելու համար տնկիներ ձեռք բերելու հայտեր:

2019թվականին արտադրվել է 758.8 տոննա խաղող, 927 տոննա կարտոֆիլ, 348 տոննա արքայանարինջ, 3539 տոննա ձմերուկ և սեխ:

Մեկ այլ ծրագրով շրջանի բարձրադիր գոտում գտնվող 12 համայնքների 30 բնակիչներին անհատույց տրամադրվել են 17459 հատ 8 տարբեր տեսակի պտղատու ծառերի տնկիներ՝ 44,7 հա խառը այգիներ հիմնադրելու համար: Միջին բարձրության գոտում գտնվող համայնքների համար արդեն ունենք 200 հա-ից ավել խառը տնկիների հայտեր: Գործում են նաև այլ ծրագրեր, որոնցից օգտվելու չափորոշիչների մասին բնակչությունը տարբեր ձևաչափերով իրազեկվում է։

Հաշվետու ժամանակաշրջանում որոշակի աշխատանքներ են տարվել ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ: Եթե 2017թ. ոռոգվել է 3915 հա, 2018թ 4040 հա, ապա 2019թ. այն կազմել է 5040 հա։ 2019թ.մաքրվել է 71.4 կմ ջրանցք։ Ունենք շրջանի 22 համայնքներից 32 խորքային հորերի, 3 պոմպակայանների և մեկ  քահրիզյան հորի նորոգման հայտեր: Նախատեսվել էր 8 խորքային հորերի, 3 պոմպակայանների և քահրիզյան հորերի առաջնայնություն, սակայն փաստացի աշխատանքներ են տարվել միայն Խրամորթի, Խնապատի և «Ակնա» թաղամասի խորքային հորերի և Սառնաղբյուրի քահրիզի մաքրման ուղղությամբ: Հուսով ենք, որ ներկայացրած հայտերը գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ 2020 թվականին կբավարարվեն։

Կաթիլային ոռոգման համակարգերը գործել են 390 հա այգիներում և 32 հա սոխի,ինչպես նաև եգիպտացորենի ցանքատարածություններում:

Ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու, երաշտներից չտուժելու և արդյունքում բարձր բերքատվություն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել արտեզյան հորերի փորումը, ջրամղիչ պոմպերի տեղադրումը Կարկառ գետի հովտում, ֆինանսական հնարավորության դեպքում կառուցել նաև ջրամբարներ և բնագավառում իրականացնել համակարգային փոփոխություններ։

Շրջանում ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է կենդանիների գլխաքանակի որոշակի աճ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը ավելացել է 822 գլխով, կազմելով 8588, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 11 076, նախորդ տարվա համեմատ 627 գլխով ավելի, խոզ՝ 6409 գլուխ, 135 գլխով ավելի, գրանցվել է 97 285 թև թռչուններ, 5304 թևով ավելի:

Միաժամանակ, անասնագլխաքանակի մասնատված և անկանոն պահվածքի, հոտում բարձր մթերատու անասունների ցածր տեսակարար կշռի, կերարտադրության նկատմամբ պատշաճ ուշադրության բացակայության և այլ թերացումների հետևանքով ցածր է մնում մթերատվությունը: Նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը նվազել է 3 տոկոսով, կազմելով 6232.9 տոննա, ձուն` 1 մլն 63 000 հատով, մեղրի արտադրությունը`  23.9 տոննայով: Առաջընթաց ունենք միայն մսի արտադրությունում, արտադրվել է 860.3 տոննա միս (կենդանի քաշով): Հիվանդությունների և վարակների պատճառով կորուստները անասնապահության բնագավառում նորմայի շրջանակներում են։

2019թ. վարչակազմի աշխատակազմի պահպանման և շրջանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններին պետական բյուջեից փաստացի ֆինանսավորումը բոլոր ուղղություններով կազմել է 2 մլրդ. 184 մլն. 106 հազար դրամ,որը նախորդ տարվա համեմատ աճել է 588 մլն 467 հազար դրամով:

Շրջանի 2019թ. բյուջետային տարում համայնքային բյուջեի  ընթացիկ եկամուտների ճշտված պլանի կատարողականը կազմել է 161564200 դրամ կամ առաջադրանքը կատարվել է 101.7տոկոսով` նախորդ տարվա  98.3 տոկոսի համեմատ:

Համայնքային  բյուջեի ճշտված պլանի ծախսերը 344913900 դրամի դիմաց կատարվել  է 287766300 դրամ կամ 83.4 տոկոս, նախորդ տարվա 89.4 տոկոսի փոխարեն:

Շրջանի  տարածքում  2019թ  ԱՀ կապիտալ շինարարության պետական պատվերի  ծրագրերով   իրականացված ներդրումները կազմել են 1381.4 մլն դրամ: Այդ թվում կրթություն 155.5մլն դրամ, մշակույթ և սպորտ 65.0 մլն դրամ, հասարակական և վարչական նշանակության օբյեկտներ` 86.77 մլն դրամ, ջրամատակարարում ` 310.2 մլն. դրամ,  ավտոճանապարհների վերանորոգում և պահպանում 354.0 մլն դրամ, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում և փորձաքննություն` 38.3 մլն. դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ այլ օբյեկտներ՝ 131.2 մլն. դրամ։

Ընթացիկ տարում զոհված ազատամարտիկների, 1-ին կարգի  հաշմանդամների  ընտանիքների  համար  վերանորոգվել է 6 բնակելի  տուն, զոհված ազատամարտիկի մեկ և  սոցիալական այլ  խմբերում ընդգրկված  2     ընտանիքների  տրամադրվել փոխհատուցում, Բերքաձոր և Սղնախ համայնքներում բազմազավակ և այլ սոցիալական խմբերում  ընդգրկված մեկական բնակելի տների կառուցում:  Բազմազավակ  ընտանիքների  համար  Նորագյուղ և Աստղաշեն  համայնքներում  գնվել են  բնակելի 3 տներ:  Ընթացքի մեջ է  բազմազավակ ընտանիքների համար Բերքաձոր  և Ուղտասար   համայնքներում  2 բնակելի տան շինարարությունը: Այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների համար Ուղտասար,      Սղնախ և Այգեստան գյուղերում  կառուցվում  է մեկական  բնակելի տներ:

Կառուցվել և շահագործման է հանձնվել  Շոշ  համայնքի մանկապարտեզի շենքը,  Խնձրիստանի համայնքային  կենտրոնը,  աշխատանքներ են տարվել  Ավետարանոցի  միջնակարգ  դպրոցի և Ակնաղբյուրի սպորտդահլիճի,  Հիլիսի  հանդիսությունների սրահի, Ասկերան քաղաքի բազմաբնակարան շենքի տանիքների  վերանորոգման  ուղղությամբ: Բարեկարգվել և նոր հանդերձարաններ է կառուցվել Ասկերան քաղաքի մարզադաշտում 65 մլն դրամ արժողությամբ: Ընթացքի մեջ է Ասկերան քաղաքում  երեք բազմաբնակարան շենքերի շինարարությունը, ավարտվել են Աստղաշեն համայնքի 30 տեղանոց  մանկապարտեզի շենքի և  Խանցք  համայնքի   գազաֆիկացման   աշխատանքները:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների, Ասկերան և Իվանյան համայնքների տարածքներում ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ասկերանի շրջվարչակազմի պատվերներով«Խաչենշին» և «Արցախուղի» ՓԲ ընկերությունների կողմից տեղադրվել են թվով  8 կանգառ տաղավարներ:  Տեղական և պաշտպանական նշանակության ճանապարհների պահպանման ծախսերը կազմել են 104.0   մլն  դրամ:

Գյուղերի  ճանապարհների սալապատման համար  ընթանում է խորանարդիկ  քարերի  հանքավայրերից  տեղափոխման  և պահեստավորման աշխատանքները, մասնավորապես  Ջրաղացներ,  Ծաղկաշատ և Մխիթարաշեն համայնքներում:

Բարեկարգվել-վերանորոգվել է Ասկերան  քաղաքի  բազմաբնակարան  շենքերի  մուտքերի  աստիճանները, Իվանյան  համայնքի  բազմաբնակարան  երկու  շենքերի  տանիքները:  Ընթացքի մեջ է  «Ղլիժբաղ» տեղամասում   Ն. Ստեփանյան  փողոցի  երկայնքով  միակողմանի  մայթի  կառուցման  և քաղաքի արտաքին  լուսավորության  բարելավման  գործընթացը: Բարեկարգման ընդհանուր  գումարը  կազմել է  շուրջ        50.2  մլն  դրամ:

Շրջանի թվով  478  ընտանիքի և 14 համայնքապետարաների շինանյութեր է  տրամադրվել ընդհանուր 158.2  մլն դրամ գումարի  չափով:

Ջրամատակարարման  համակարգերի զարգացման   ծրագրով աշխատանքներ են  տարվել    Դաշուշեն,  Սղնախ,  Քռասնի,  Շոշ և Այգեստան գյուղերի ջրամատակարարման համակարգերի կառուցման ուղղությամբ,  ընթացքի մեջ է Դահրավի և Իվանյանի ջրամատակարարման  համակարգերի կառուցումը:

Ասկերանի շրջանի 2020թ.  պետական բյուջեի միջոցների հաշվին  կապիտալ ներդումների  պետական պատվերի շրջանակներում նախատեսվում է՝

1. Բնակարանաշինություն` 300.9 մլն դրամ

2.  Կրթություն`  334.8 մլն դրամ։

3. Մշակույթ`  80.0 մլն դրամ (Ասկերան - մշակույթի տան կառուցում):

4. Հասարակական նշանակության օբյեկտներ` 10.7 մլն դրամ

- Ասկերան քաղաքի «Բերդ»թաղամասի գազաֆիկացում և էլեկտրաֆիկացում։

5.Փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում՝ 58.7 մլն դրամ

6.Ջրամատակարարում՝ 334.0 մլն դրամ` 11 համայնք:

7. Շրջանի համայնքներին, բնակիչներին շինանյութերի տրամադրում - 173.0 մլն դրամ

Նման տեմպերով շարունակելու դեպքում մոտ ապագայում կունենանք ավելի բարեկարգված շրջան և բարձր կենսամակարդակի բնակչություն։

2018-2019  ուսումնական տարում շրջանում գործել են 24 միջնակարգ, 9 հիմնական և 4 մասնաճյուղ  դպրոցներ:

Հանրակրթական  դպրոցներ են հաճախել  2459  աշակերտ, որից առաջին դասարան են հաճախել 229  աշակերտներ:

Շրջանում գործել է 7 նախադպրոցական հիմնարկ` 402 երեխաների ընդգրկմամբ հովանավորչական հիմունքներով գործել է 2 մանկապարտեզ (Ասկերան, Խնձրիստան): Գործարկման փուլում են գտնվում Շոշի 36 և Աստղաշենի 32 երեխաների համար նախատեսված մանկապարտեզները:

Հաշվետու տարում շրջանում գործել է «Մանկապատանեկան  ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն 38 խմբով`  365 երեխաների ընդգրկմամբ:

Հաշվետու ուսումնական տարում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ`  շրջանի  53  ուսուցիչների ընդգրկմամբ: Շրջանային առարկայական  օլիմպիադային 13  առարկաներից  մասնակցել են ավելի քան  390  աշակերտներ, որոնցից լավագույն արդյունքներ գրանցած 67  աշակերտներ մասնակցել են օլիմպիադայի հանրապետական  փուլին: 30 աշակերտներ մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կայացած եզրափակիչ փուլին, 11 աշակերտներ գրավել են մրցանակային տեղեր։ Հանրապետությունում`  օլիմպիադայի արդյունքներով շրջանը 2-րդ տարին անընդմեջ գրավել է 1-ին տեղը:

2019թ. մայիսի 14-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ և մի շարք բարերարների աջակցությամբ Ասկերանի մարզադաշտում կազմակերպվել է հանդիպում շրջանի 12-րդ դասարանների բոլոր շրջանավարտների և մրցանակակիր աշակերտների հետ:

Մարզադպրոցում գործել է 23 խումբ տարբեր մարզաձևերից՝ 267 մարզիկների ընդգրկմամբ:

Շրջանի կրթական ոլորտում իրկանացվել է մի շարք բարեգործական ծրագրեր` «Ապագա սերունդներ» հիմնադրամը Գրիգորի Գաբրիելյանցի հովանավորությամբ նախադպրոցական երեխաներին տրամադրվել են տրամաբանությունը զարգացնող խաղալիքներ,Նախիջևանիկ համայնքի միջնակարգ դպրոցում հիմնադրվել և կահավորվել է համակարգչային սենյակ, Ասկերանի մարզադպրոցին տրամադրվել է մարզական գույք։

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ տնօրինության կողմից Փառուխի և Արմենակավանի  մասնաճյուղ դպրոցների աշակերտներին է տրամադրվել պլանշետներ և անվճար իտերնետ կապ։ Այգեստան համայնքի ռուսաստանաբնակ Կամո  Պողոսյանի միջոցներով ընթացքում է Մարզական համալիրի կառուցման աշխատանքները, համալիրում ներառվում են ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և մեծ թենիսի հրապարակները (ծրագրի արժեքը կազմում է մոտ 100 մլն դրամ), ՄՊՍԿ-ի և Արվեստի դպրոցի սաների համար «Արարիչ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ պատվիրվել և ձեռք են բերվել ազգային տարազներ։ Արման Հակոբջանյանի միջոցներով 4 դպրոցների տրամադրվել է պրոյեկտորներ և էկրաններ։ Ընդգծված նշում եմ Վիլեն Վլադիմիրի Կարապետյանին։ Բարսեղ Բեգլարյանի աջակցությամբ վերանորոգվել է Խնապատի միջնակարգ դպրոցի մեկ դասասենյակ:

Բացի նշվածներից՝ տարբեր ոլորտներում և որոշ համայնքներում իրականացվել են մի շարք այլ բարեգործական ծրագրեր, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է տեղադրվել վարչակազմի ֆ/բ էջում։

Շնորհակալություն բոլոր բարեգործներին։

Մշակույթի օջախների աշխատանքային  գործունեությունը ուսումնասիրելու նպատակով պարբերաբար շրջայցեր են կատարվել շրջանի համայնքներ և արդյունքները քննարկել շրջվարչակազմի խորհրդի նիստերում:

2019թ. շրջանում կազմակերպվել են հիշարժան և տոն օրերին նվիրված մեկ տասնյակից ավելի միջոցառումներ: Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ շրջկենտրոնում մեծ շուքով կազմակերպվել են ազգային-եկեղեցական  տոները,  մասնակցել ենք ուխտագնացություններին: Ուշադրության կենտրոնում է բանակ-հասարակություն կապը, կա սերտ համագործակցություն պաշտպանության բանակի զորամասերի հետ:

2019թ.  Արցախում կազմակերպվել են «ԿոնԻՖԱ Եվրո-2019» և «Համահայկական 7-րդ խաղերը», որոնք աննախադեպ միջոցառումներ էին թե հանրապետության մարզական կյանքի և թե զբոսաշրջության զարգացման համար: Ֆուտբոլային խաղերը Ասկերանի քաղաքային մարզադաշտում ուղեկցվել են մշակութայն միջոցառումներով։

Շրջանը մասնակցել է մյուս շրջաններում կազմակերպված փառատոններին և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը՝ արժանանալով «Լավագույն ցուցադրական տաղավար» անվանակարգին:

Տարեսկզբին կազմակերպվել է շրջանի երիտասարդության հանդիպումը  շրջվարչակազմի ղեկավարի հետ, որտեղ քննարկվել  են երիտասարդությանը հուզող հարցերն ու խնդիրները:

Բավականին աշխատանքներ են տարվել տուրիզմի զագացման և հնությունների պահպանության ուղղությամբ։ Կազմակերպվել են հնությունների մաքրության աշխատանքներ։ Շրջանի հարուստ բնաշխհարը, չուսումնասիրված հնությունների մեծ պաշարը, բազմաթիվ սրբավայրերը, գիտական ներուժը և «Կանաչ Արցախ» էկոպարկի ստեղծումը և այլ հարակից հնարավորությունները (շրջանում արդեն առկա են տուրիստների ընդունման 12 հյուրատներ՝ 129 գիշերատեղերով, ձիարշավարան, հանգստյան գոտիներ) կարող են խթան հանդիսանալ տուրիզմի զարգացման և տարածման համար ։ Դրան կնպաստի նաև Ասկերանի ամրոցի տարածքում տարբեր ուղղությունների ընդգրկմամբ ընդհանուր թանգարանի կառուցումը։

2019 թվականին    Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը հստակ գործունեություն է ծավալել ԱՀ կառավարության  որոշումների իրականացման, բնակչության սոցիալական  ոլորտում հիմնախնդիրների լուծման, ծնելիության և բազմազավակության  խթանման ուղղությամբ՝ ծախսվել է  389 մլն.525 հազ. 600 դրամ:

2019 թվականին շրջանի 127  քաղաքացիներից գործակալությունում մուտքագրված դիմումները  համապատասխան ծրագրով  ներկայացվել  է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն  ֆինանսական  և նյութական օգնություն տրամադրելու նպատակով:

Շրջվարչակազմ դիմած սոցիալապես անապահով թվով 89 ընտանիքների ցուցաբերվել է օգնություն 2 մլն դրամի չափով։

2019թ. շրջանի բնակչության բուժսպասարկումը իրականացվել է շրջանային բուժմիավորման, 4 գյուղական բժշկական ամբուլատորիաների և 38 բուժական մանկաբարձական կետերի միջոցով:

2019թ. շտապ օգնության բաժանմունքի կողմից գրանցվել է 1217 կանչ նախորդ տարվա 1184-ի դիմաց, որից 450-ը գյուղական վայրերից: Ինքնադիմող հիվանդների թիվը կազմել է  1097:

Ստացիոնար բուժում են ստացել 377 հիվանդ նախորդ տարվա 349-ի դիմաց:

2019թ. կատարվել է 115 զորակոչիկի պատվաստում:  Ասկերանի շրջանի բուժմիավորման շենքային պայմանների արդիականացումը շարունակվում է մնալ օրակարգում։ Առկա վիճակը ուղակիորեն ազդում է որակյալ բուժսպասարկման կազմակերպման վրա:

2019թ. զգալի աշխատանք է կատարվել Ասկերանի շրջանի բնակչությանը և այլ բաժանորդներին էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ:

Ասկերանի շրջանի բնակչությունը հիմնականում օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարում են բարեխղճորեն և ժամանակին: Բնակչության և այլ սպառողների բաժանորդների ընդհանուր քանակը ավելացել է 327-ով (6272):

Չնայած ամենամյա և ամենօրյա կատարվող աշխատանքերին, Ասկերանի շրջանի էլեկտրական ցանցի տեխնիկական վիճակը չի կարելի համարել լրիվ ապահովված, քանի որ համայնքներում և 10կվ օդային գծերում դեռևս զգալի աշխատանքներ կան իրականացնելու:

Ասկերանի շրջանային տեղամասի կողմից բնական գազով սպասարկվում է 21 համայնք 3113 բաժանորդով, որից բնակչության մասով` 3018 բաժանորդ, այլ գազասպառողների մասով` 95 բաժանորդ։

Բախշիչ ցանցերում բնական գազի կորուստները համապատասխանում են բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների  հաշվարկային նորմերին:

2019թ. գազաֆիկացվել է Խանցք համայնքը՝ գազաֆիկացված համայնքների քանակը հասցնելով 35-ի։ Հաշվետու տարում բնակիչ-բաժանորդների քանակն ավելացել է ընդամենը 13 բաժանորդով:

2020թ. նախատեսված և վերսկսված է բազմաբնակարան շենքերում  գազի ազդանշանային սարքերի տեղադրման և համայնքներում վթարային գազատարների վերականգնման աշխատանքները:

Ասկերան քաղաքի որոշ թաղամասերում և գյուղերում առկա են գազաֆիկացմանը և էլեկտրաֆիկացմանը վերաբերող խնդիրներ, որոնք հուսով ենք 2020 թվականին լուծում կստանան:

Համացանցի ծառայությունից օգտվող բաժանորդների թիվը հասցվել է 3094-ի, իսկ բջջային կապից օգտվողների թիվը հասցվել է 9290-ի: Ծածկույթի տարածքը  շրջանում կազմում է 99 և 98 տոկոս։

Խաղաղության պահպանման, հայրենիքի պաշտպանության գերխնդիրն ինքնին թելադրում է անընդհատ ու հետևողական համակարգային միջոցառումների անցկացում, որոնց շարքում կարևորվում է նաև զորահավաքային միջոցառումները:

Այդ միջոցառումներին մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Ասկերանի շրջանը իր բնակչությամբ, ավտոտրանսպորտով և ենթակառուցվածքներով: Շրջանի զինվորական կոմիսարիատի և համապատասխան կառույցների համագործակցությամբ առաջադրանքները կատարվել են, արդյունքները քննարկվել և արժանիները խրախուսվել են։

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում 2019թ. ընթացքում, համագործակցելով իրավապահ մյուս մարմինների հետ, շարունակել է հանցավորության դեմ համակարգված աշխատանքները, ինչի արդյունքում շրջանում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը և պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն:

Քաղաքացիներից ստացվել են 1248 դիմում-բողոքներ նախորդ տարվա 762-ի դիմաց:

Հասարակական կարգի անվտանգության ապահովման աշխատանքների մակարդակի բարձրացման նպատակով ուժեղացվում է ոստիկանություն-հասարակություն կապը:

Քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլան-օրացույցի համաձայն, շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի կողմից իրականացվել են պլանների և հրշեջ-փրկարար մասի անձնակազմի հետ ամենօրյա մարտական հաշվարկի ճշտումներ:

Շրջանի 32 դպրոցներում մարտի 1-ին անց են կացվել օբյեկտային վարժանքներ «Օդային տագնապ» թեմայով, որին մասնակցել են 2466 աշակերտ և 964 ուսուցիչներ և տեխնիկական աշխատող:

Պարբերաբար ճշտվել է կազմավորումների քանակական կազմը և 45-60 տարեկան արական սեռի անձանց ցուցակները, տարահանման միջոցառումների համար նախատեսված մեքենաների և 3-րդ կարգի վարորդների ցուցակները:

Շրջանի 10 համայնքներում անց են կացվել համալիր և 4 -ում՝ հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:

Հաշվետու ժամանակաշրջանում շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի ահազանգման կենտրոնում ընդունվել և մշակվել են տարբեր բնույթի 671 ահազանգեր /2018թ. 730 ահազանգի դիմաց/:

2019թ. վարչակազմի ղեկավարի որոշմամբ հաստատվել է հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների պլանը, համայնքներում ստեղծվել են հակահրդեհային անվտանգության հանձնաժողովներ համայնքների ղեկավարների գլխավորությամբ  և 10-15 հոգուց բաղկացած կամավոր հրշեջ-փրկարար խմբեր:

Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը շրջանում անց է կացվել համաձայն նախօրոք մշակված պլանի և վերահսկվել է հակահրդեհային  անվտանգության  հանձնաժողովի կողմից:

Չնայած ձեռնարկված միջոցառումներին, բերքահավաքի ժամանակ այրվել է 40.7հա ցորենի արտ և 1 հա այգի։

2019թ. ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության  Ասկերանի  բաժնի    կողմից  իրականացվել է 2157 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում նախորդ տարվա 1811-ի փոխարեն և տրամադրվել է 583 տեղեկատվություն:

Պետական և համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցումը կազմել է 26 միավոր:

Էլեկտրոնային արխիվի ձևավորման համար տեսաներածվել և մուտքագրվել է 691 կադաստրային գործ:

Շրջանի ճարտարապետական տեսքի պահպանման, անօրինությունները, հակասությունները, հովանավորչությունը և բացասական ռիսկերը բացառելու, խնդիրների նկարագիր ունենալու և ցարգացման համալիր ծրագրեր կազմելու համար այսօր արդեն անհաժեշտ է առաջին հերթին ունենալ Ասկերան քաղաքի և ինչու չէ՝ նաև համայնքների մշտական հատակագծերը։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ասկերանի տարածքային բաժնում 2019 թվականին կատարվել է 689 գործարք: Գրանցվել է 222 ծնունդ և 114 մահ։։ Շրջանում բնական աճը կազմել է 108 մարդ, նախորդ տարվա համեմատ 37-ով ավել:

Գրանցվել է 86 ամուսնություն նախորդ տարվա 89-ի փոխարեն և 22 ամուսնալուծություն նախորդ տարվա 16-ի փոխարեն:

2019թ. Ասկերանի նոտարական տարածքի կողմից իրականացվել է բազմազան նոտարական գրանցման աշխատանքներ` ընդհանուր առմամբ 2047հատ նախորդ տարվա 1542-ի դիմաց:

Ասկերանի տարածքային արխիվային ներկայացուցչություն 2019թ. գրավոր ընդունվել է սոցիալ-իրավական բնույթի 129 դիմում, որից 109-ը աշխատանքային ստաժի վերաբերյալ, իսկ 20-ը տնտեսական գրքերից քաղվածքների վերաբերյալ:

Իրավաբանական անձանց  պետական ռեգիստրի   գործակալության  սպասարկման  և  գրանցման  բաժնի Ասկերանի գրասենյակի կողմից 2019թ.   պետական  գրանցում  են  ստացե 11 իրավաբանական  անձ,  պետական հաշվառում  են ստացել 81 անհատ  ձեռնարկատերեր:  Ընթացիկ պետական գրանցում են ստացել 17  իրավաբանական  անձ,  28 անհատ  ձեռնարկատեր և 17 հիմնարկ:  2019թ.  հաշվառումից հանվել  է  6 անհատ  ձեռնարկատեր:

Նոր՝ ակտիվ մակարդակի վրա է գտնվում համագործակցությունը լրատվամիջոցների հետ՝ կարևորագույն իրադարձությունների մասին լրահաղորդումներ է տեղադրվել Արցախի հանրային հեռուստատեսության ծրագրերում: Հաշվետու տարում շրջվարչակազմի գործունեությունը լուսաբանվել է շրջանային «Բերդ» թերթում 43 անգամ, Բերդ-պրես ինֆո ինտերնետային կայք-էջում 53 անգամ։

Հանրային կապերի ամրապնդման, հասարակայնության և լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման և համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 2019 թվականի փետրվար ամսից գործում է Ասկերանի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան էջը, որտեղ կատարվել են 633 գրառումներ և ունի 1672 այցելուներ։ Ֆ/Բ էջի միջոցով վարչակազմի պատասխանատուներն ու համայնքների ղեկավարներն մանրամասնորեն նկարագրել են համապատասխան ոլորտներում կատարած աշխատանքները և արդեն հաշվետվություն են ներկայացրել հանրությանը։

 Վերջում Հ. Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին, կառավարության անդամներին, ԱԺ պատգամավորներին, նախկին և գործող պաշտոնյաներին համագործակցության և այն ամենի համար, ինչը նպաստել է Ասկերանի շրջանի զարգացմանը, բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացմանը և հանրապետությունում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանն ու պահպանմանը։

Լսելով վարչակազմի ղեկավարի համապարփակ հաշվետվությունը 2019 թվականին շրջանում կատարված աշխատանքների մասին նախագահ Բակո Սահակյանը առաջնահերթություն պահանջող ոլորտներից մեկի՝ շրջանում կրթության դրվածի ուղղությամբ իր գոհունակությունն արտահայտնեց, ինչպես նաև անհանգստություն հայտնեց դպրոցականների առողջական վիճակի մասին։

Վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը աշակերտների հաճախումների, դպրոցներում իրականացվող աշխատանքների և ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հաղորդեց, շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարությանը ոլորտի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար։

Նախագահը նշեց, որ հանրապետությունում շարունակվելու է դպրոցաշինությունը,   ուշադրության կենտրոնում եղել և մնալու են գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող խնդիրները, առաջարկվող համալիր ծրագերը, և իրականացվելու են լրացուցիչ այնպիսի աշխատանքներ, որոնք կապահովեն ցանկալի արդյունքներ։

Հաջորդ խնդիրը վերաբերում էր գյուղատնտեսությանը։ Ասկերանի շրջանում 2019 գյուղատնտեսական տարվա և  2020 թվականի անելիքներ մասին բովանդակալից տեղեկություններ հաղորդեց գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Ինչպես նշեց գյուղնախարարը՝ Ասկերանի շրջանը եղել և շարունակում է մնալ գյուղատնտեսության ոլորտի առաջատարը՝ բոլոր ուղղություններում։ Գյուղնախարարի հավաստմամբ ոլորտում առկա են նաև խնդիրներ, որոնք ընթացիկ տարում լինելու են ոլորտի պատասխանատուների գործունեության առանցքում։

Ի պատասխան նախագահի՝ ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրներին՝ Խաչենշին ՓԲ ընկերության տնօրեն Արմեն Բախշիյանը նշեց, որ ընկերության աշխատակիցները գիտակցումով են մոտենում ջրամատակարարման խնդրի ազդեցությանը բերքատվության վրա, հավաստիացնելով, որ բնագավառի խնդիրները լուծված են և ջրամատակարարումն իրականացվում է ըստ ընկերությանը ներկայացրված հայտ-պահանջարկների։

ԱԺ պատգամավոր Վիլեն Սաֆարյանն իր մտահոգություններն արտահայտեց ջրային պաշարների վերաբերյալ, ինչպես նաև Կարկառ գետի հովտում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտության մասին։

Հանրապետության նախագահի համար բնակարանաշինությունն ու բնակարանային խնդիրները միշտ էլ եղել են ուշադրության կենտրոնում։ Անդրադառնալով Ասկերան քաղաքի կենտրոնական փողոցների բարեկարգման աշխատանքներին, Բակո Սահակյանը նշեց, որ այդ ծրագիրը երջանկահիշատակ Սամվել Առաջանյանի մտահոգություններից մեկն է եղել, և խոստացավ իր աջակցությունն ունենալ այն լուծելու գործում։

Ասկերանում իրականացվող շինարարական աշխատանքների, քաղաքում առկա խնդիրների մասին Ասկերանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Շամիրյանը համառոտ տեղեկություններ հաղորդեց, ի պատասխան որի, նախագահն իր գոհունակությունը հայտնեց՝ քաղաքի հիմնախնդիրներն ու հրատապ լուծում պահանջող խնդիրներն օբյեկտիվորեն դիտարկելու և իրավիճակին տիրապետելու համար։

Նախագահը խոսեց նաև շրջանի առողջապահական ոլորտում առկա խնդիրների մասին, ինչպես նաև լսեց Ասկերանի շրջբուժմիավորման գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանի փաստարկները՝ շրջանում հիվանդանոց ունենալու անհրաժշտության մասին։

Խոսելով հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին Բակո Սահակյանը նշեց, որ բոլորս պետք է այնպես անենք, որ մեր հանրապետությունում կայանալիք հերթական ընտրությունները հերթական անգամ պատիվ բերեն մեր սուրբ երկրին։ Նախագահը համոզմունք հայտնեց, որ հերթական ընտրությունները կրկին փառքի են արժանացնելու մեր երկրին և բոլոր նախադրյալները կան դրանք բարձր մակարդակով անցկացնելու համար։

Խնածախի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Սահակյանն իր շնորհակալությունը հայտնեց նախագահին՝ այս տարիների ընթացքում հարազատ ժողովրդին նվիրվածության և սերունդներին կայացած երկիր կտակելու համար։

Սրտի խոսք ասացին Սարուշենի համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը, Ասկերանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, Ասկերանի վիճակագրության բաժնի վարիչ Սուրեն Թովմասյանը, Ասկերանի ՄՊՍ կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանը։ Վերջինս էլ շնորհակալություն հայտնելով նախագահին կենտրոնին համակարգիչ նվիրելու համար՝ սաների ձեռքի աշխատանքը Արցախի ասեղնագործ քարտեզի տեսքով, նվիրեց հանրապետության նախագահին։

Մարելլա Ավանեսյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ապագայի սերունդ հիմնադրամի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցին՝ դպրոցն ու նրա հիմնախնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար։

Խորհրդակցությունից հետո Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ապագայի սերունդ հիմնադրամի միջոցներով կառուցված խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter