ԽՈՋԱԼՈՒԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԻՑ 28 ՏԱՐԻ ԱՆՑ |
26.02.2020 17:44 |
Արցախյան ազատամարտի տարեգրության հերոսական էջերից է Խոջալուի՝ երբեմնի հայկական բնակավայրի ազատագրումը բարբարոսներից։ Փաստորեն, հայկական բնակավայրերն իրարից զատված էին, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտն Ասկերան շրջկենտրոնի հետ կապող միակ ճանապարհը կաթվածահար արված։ Հայաստանի հետ միակ կապը՝ օդայինն էր, որը գտնվում էր օմոնականների հսկողության տակ։ Հայկական բնակավայրերը պարբերաբար ենթարկվում էին հրթիռակոծության, պատանդվում էր խաղաղ բնակչությունը, ոչնչացվում հայապատկան ամեն ինչ ... Այս ծանր և օրհասական պահին վճռվեց ցանկացած գնով ազատագրել Խոջալուն, վերջ տալ հայի բնօրրանում հայահալածությանը։ Խոջալուի ազատագրումը մեր պայքարի կազմակերպված և մեծապես հաջողած ռազմագործողություններից էր, և այն պատմություն մտավ հայերիս փայլուն հաղթանակով։ Գյուղի շրջակայքում պահպանված վաղ միջնադարի եկեղեցին, խաչքարերն և գերեզմանոցները վկայում են, որ այն Արցախի հնագույն բնակատեղիներից է։ Հարթավայրային այս հատվածում 20-րդ դարի կեսերին են սկսել բնակություն հաստատել ադրբեջանցիները, իսկ 1960-ականներին հայկական Խոջալուի կողքին հայտնվեց ադրբեջանականը։ Արդեն 1977-ից հայկական Խոջալուի մասին այլևս ոչինչ չի հիշատակվում... 28 տարի անց կրկին հայերենն է թևածում Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անունը կրող գյուղում՝ Իվանյանում... Փետրվարի 26-ին Իվանյանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հավաքել էին երախտապարտ իվանյացիները՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն քաջ նահատակների հիշատակին, ովքեր անվարան նետվել են հայկականի հինամենի բնակավայրի ազատագրմանն ու անմահացել... Ողջունելով ներկաներին Իվանյանի մշակույթի տան տնօրեն Մելանյա Կարապետյանը ուշադրություն հրավիրեց այն փաստերի վրա, թե ինչպիսի իրավիճակ էր տիրում Արցախում մինչև Խոջալուի ազատագրումը, որը պատուհաս էր դարձել հայերիս համար։ Ուստի նրա վնասազերծումը կենսական անհրաժշտություն էր։ -1992թ. փետրվարի 25-ի կեսգիշերին սկսվեց Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման ռազմագործողությունը։ Հայկական զինուժը խաղաղ բնակիչներին ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար միջանցք էր թողել, որի մասին ադրբեջական կողմը նախօրոք տեղեկացված էր։ Սակայն վերջիններս ոչինչ չեն ձեռնարկել սեփական ժողովրդին ռազմական գոտուց դուրս բերելու համար։ Այսօր ինչքան էլ ադրբեջանական լրատվամիջոցները փորձեն աշխարհի ուշադրությունը շեղել իրականությունից, մի փաստ մեզ համար պարզ ու հաստատուն է.եղել է Արցախյան շարժում, ազատամարտ, որը պսակվել է մեր ժողովրդի փայլուն հաղթանակով,- ասաց Մ. Կարապետյանը։ Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անունը կրող միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրեցին գյուղի փառավոր անցյալը, լուսավոր ներկան և ապագայում այստեղ ապրելու եւ արարելու ձգտումները՝ վաղվա օրը տեսնելով ավելի պայծառ... Ծովինար Բաբայանն արտասանեց վաստակավոր ուսուցիչ, 20-րդ դարի լավագույն ուսուցիչ կոչմանն արժանացած Մառլեն Շահնազարյանի Թումանյական հանգերով գրված բանաստեղծությունը՝ Իվանյանի մասին, առաջացնելով ներկաների հուզմունքը։ 1992 թվականի փետրվարի 26-ին Խոջալուի ազատագրման մարտական գործողություններն ավարտվեցին հայերիս հաղթանակով, իսկ 17 նվիրյալների անունները փառքով պսակվեցին Խոջալուի ազատագրման տարեգրության մեջ։ Աշակերտները հիշեցին հերոսներին՝ անուն առ անուն, փառք ու պատիվ տալով նրանց։ Ներկաները համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ գլուխ խոնարհելով նրանց անմար հիշատակի առաջ։ Այսօր թշնամին հակաքարոզչություն է իրականացնում և Խոջալուն որպես հայոց ցեղասպանության դեմ պայքարում որպես ՙհզոր՚ զենք գործածում։ Սակայն ստահոդ և սին են նրա բոլոր վայ տեղեկատվությունները։ Վկայություններ կան, որ փետրվարի 23-ից 25-ը Աղդամում տեղի են ունեցել բավական մարդաշատ հանրահավաքներ, որոնց մասնակիցներն Ադրբեջանում Հեյդար Ալիեւի իշխանության վերադարձի պահանջ էին դրել: Կարծում ենք հենց այստեղ պետք է փնտրել Խոջալուի ողբերգության իրական արմատները: Մեկ անգամ չէ, որ թշնամին ձեռքերը ողողելով սեփական ժողովրդի արյունով փորձում է պատմություն կեղծել, թաքցնել, խեղաթյուրել փաստերը, և հաճախ կաշառելով կամ այլ միջոցներով լռեցնել ականատեսներին։ Սակայն պատմության անիվն անհնար է հետ պտտեցնել... Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |