ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ |
27.02.2020 17:28 |
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, որն ուղեկցվում էր առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգումներ, ողջ ու սպանված մարդկանց հրկիզում, խեղումներ, բռնաբարություններ, և միայն հայ լինելու համար 18 հազարանոց հայությունը ենթարկվեց բռնությունների… Փետրվարի 27-ին Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղի ունեցավ սումգայիթյան ջարդերը դատապարտող և անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ ներկա էին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանա Խունոյանը, Ասկերանի ուժային կառույցների, հիմնարկ ձեռնարկությունների, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, փախստականների միության Ստեփանակերտի և Ասկերանի շրջանի ներկայացուցիչներ, փախստականներ, ասկերանցիներ: Միջոցառումը կազմակերպել էր փախստականների միության Ասկերանի շրջանի ներկայացուցիչ Նոնա Թովմասյանը: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին սումգայիթյան զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց անմար հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սնեժաննա Թամրազյանը. -1988 թվականի փետրվարի 27-ը դարձավ հայ ժողովրդի պատմության հերթական արյունալի էջը: Այն դարձավ հայերի նկատմամբ թուրքական և նրան ազգակից ադրբեջանական հրոսակների իրականացրած արյունալի իրադարձությունների շղթայի օղակներից մեկը: Բաքվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում սկսվեց ադրբեջանական իշխանությունների կողմից մշակված հայ բնակչության բնաջնջման և արտաքսման ծրագիրը: Հաղորդավարն առաջարկեց միջոցառումն սկսել հեռավոր ԱՄՆ-ում գտնվող հայտնի գրող Նելլի Ավակովայի ուղերձով, ով հրաշքով փրկվելով Բաքվի ջարդերից՝ իր ստեղծագործությունների գերիշխող թեման դարձրել է փախստականների ճակատագիրը: Ինչպես շեշտում է իր ուղերձում Նելլի Ավակովան, Սումգայիթում իրականացվեց հայերի ցեղասպանություն և դա առաջին ազդանշանն էր ոսոխի հետագա արյունարբու քայլերի, ապա նա մանրամասն ներկայացնում է հայերի հանդեպ ադրբեջանցիների բոլոր բարբարոսական քայլերն այդ օրերին: Թշնամու ճիրաններից փրկված փախստականն ամեն ինչից բարձր է դասում հայ ժողովրդի հերոսական պատմությունը, քանզի դարեր շարունակ նա համայն աշխարհին կարողացել է իր խելքով, ուժեղ հոգով և ընդգծված հայրենասիրությամբ ցույց տալ, որ հայը միշտ եղել է, կա ու կմնա… Սնեժանա Թամրազյանն ընթերցեց գրողի բանաստեղծություններից մեկը, որում արտահայտված էր այն անմոռանալի ցավն ու վիշտը, որ երբևէ չի կարող մոռանալ ոչ մի փախստական: Սումգայիթյան ահասարսուռ օրերի մասին խոսեց ականատես Սվետլանա Լազարյանը: Թեև այդ օրերից անցել են 32 տարիներ, սակայն ոչինչ չի ջնջվել նրա հիշողությունից: Կնոջ դողացող ձայնը և արտասվաթոր աչքերը վկայում էին անդառնալի ցավի մասին: -Այո՛, իրականացվեց ցեղասպանություն հայերիս հանդեպ, իրականացվեց այնպիսի դաժան և անմարդկային ձևով, որը չի կարող տեղավորվել մարդկային բանականության մեջ: Անշուշտ, այդ օրերը միշտ կմնան մեր հիշողության մեջ, քանզի այդ ցավը մեր անբաժանելի մասն է ընդմիշտ, և մենք պետք է բարձրաձայնենք դրա մասին, որպեսզի արդարությունը վերականգնվի և ոճրագործները պատասխան տան կատարածի համար: Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը և Ստեփանակերտի Մ.Մաշտոցի անվան համալսարանի դասախոս, փախստականների ընտանիքի անդամ Հովիկ Ավանեսովն իրենց ելույթներում ևս դատապարտեցին ադրբեջանական իշխանություների վարած հայահալած քաղաքականությունը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միանալով բոլոր ելույթներին՝ նշեց, որ կիսում է փախստականների վիշտն ու ցավը, միանում նրանց պահանջատիրությանը: <<Առաջին հերթին մարդկային բազմաթիվ կյանքեր ենք կորցրել, հարյուրավոր ընտանիքներ լքել են իրնեց տները, այնտեղ թողել տարիների ընթացքում ստեղծածը: Իրավմամբ, առայսօր մնում են ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ գործած ջարդերի, ոճրագործությունների հետևանքները: Կատարված հանցագործությունները մինչև այսօր պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ: Այսօր մենք պետք է պայքարենք հայատյացության քաղաքականության դեմ: Որպես Մարդու իրավունքների պաշտպան անում եմ և կանեմ ամեն ինչ, որպեսզի հանրության մեջ բարձրաձայնվի անպատիժ մնացած այս հարցը: Պետք է հասնենք նրան, որպեսզի միջազգային հանրությունը պատշաճ գնահատական տա 1988 թվականի փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին: Գլուխ եմ խոնարհում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև>>,-իր ելույթում ասաց Արտակ Բեգլարյանը: Միջոցառման վերջում Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |