ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ |
15.03.2020 11:58 |
Այսօր Ասկերանում տեղի են ունենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Հիշեցնենք, որ ընտրություններին ինքնառաջադրվել էր երկու թեկնածու՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Շամիրյանը և քաղաքի բնակիչ Գրիգորի Մուսայելյանը։ Ընտրական տեղամասը, որը գտնվում է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում, բացվել է առավոտյան ժամը ութին, օրենքով սահմանված կարգով՝ հանձնաժողովի բոլոր անդամների, թեկնածուների վստահված անձնանց և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ժամը 8 անց 5 րոպեին արդեն գրանցվել էր առաջին ընտրողը։ Իսկ ընտրությունների մեկնարկի տասերորդ րոպեին ընտրատեղամաս է ներկայացել և իր քաղաքացիական պարտքը կատարել Արցախի հերոս, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Էմմա տատիկը ընտրական տեղամաս էր եկել խորհրդային տարիների հիշողություններով և բարձր տրամադրությամբ, իր հետ բերելով անուշաբույր մանուշակների մի փունջ։ Նա ասկերանցիներին մաղթեց կատարել ճիշտ ընտրություն՝ հանուն քաղաքի բարեփոխման ու շենացման։ Մաղթանքը նաև ամբողջ արցախահայությանը հղեց՝ միասնականություն և միաբանություն, սահմաններին անառիկություն և խաղաղություն… Ընտրությունների ընթացքին հետևողականորեն հետևում են երկու թեկնածուների վստահված անձինք։ Ամենայն ուշադրությամբ է վերահսկվում հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանի կողմից՝ ընտրություններն առանց որևէ իրավախախտման անցկացնելու համար։ Ժամը 10 անց 50 րոպեին ընտրատեղամաս այցելեց Ասկերանի շրջվարակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը և կատարեց իր ընտրությունը՝ հանուն Ասկերանի էլ ավելի զարգացման և բարգավաճման։ Հինգ րոպե անց ընտրատեղամաս ներկայացան համայնքի ղեկավարի թեկնածու Հայկ Շամիրյանը՝ տիկնոջ հետ։ Ժամը 11։00-ին իր քաղաքացիական պարտքն էր արդեն կատարել 1624 ընտրողներից 240-ը։ Ինչպես տեղեկացրեց Ռ. Մկրտչյանը ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում։ Մարդիկ ակտիվորեն են մասնակցում, ինչը ոգևորիչ է։ Այս պահին ընտրատեղամասում դեռևս մարդկանց ակտիվ հոսք է նկատվում։ Հերթական լրատվությանը սպասեցեք ժամը 15։00-ին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |