ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՇԱՄԻՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
15.03.2020 21:43 |
Ասկերանում ավարտվեցին համայնքի ղեկավարի ընտրությունները։ Դրանք անցել են առանց որևէ խախտումների և հանգիստ մթնոլորտում։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում ձևավորված համար 2/1 ընտրական տեղամասում ընտրողների թիվը 1624 էր, որից ընտրություններին մասնակցել էր 1042-ը։ Ժամը 20։00-ին ընտրական տեղամասը սահմանված կարգի համաձայն փակվել է։ Քվեաթերթիկների մնացորդը ոչնչացնելուց հետո հանձնաժողովի անդամներն անցան քվեաթերթիկների հաշվարկմանը, որին մասնակցում էին նաև թեկնածուների վստահված անձինք և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի նախագահի տրամադրած վերջնական տվյալների համաձայն ընտրողների վստահության 634 քվե բաժին է հասել Հայկ Շամիրյանին, 373-ը՝ Գրիշա Մուսայելյանին, 35 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանի հավաստմամբ ասկերանցիները մեծ ակտիվություն են ցուցաբերել ընտրություններին և իրենց պարտքը կատարել հայրենի բնօրրանի հանդեպ՝ հաստատելով, որ անտարբեր չեն հարազատ համայնքի նկատմամբ։ Նշենք, որ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը դրսևորել է բարձր իրավագիտակցություն և արել ամեն ինչ՝ որևէ ընտրախախտում իսպառ բացառելու համար։ Վստահված անձինք շնորհակալություն են հայտնել հանձնաժողովի անդամներին անաչառ և անկողմնակալ գործունեության համար, շնորհավորել և շնորհակալություն հայտնել միմյանց։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |