ՊԱՅՔԱՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
18.03.2020 12:16

Աշխարհում խուճապ առաջացրած և հետզհետե աշխարհագրությունը տարածած նոր տեսակի վիրուսի՝ Կորոնովիրուսի մասին շատ է խոսվում։ Հնչում են բազմապիսի կարծիքներ, խորհուրդներ, համացանցը հեղեղված է բազմապիսի հոդվածներով` հաճախ խուճապ առաջացնող։

Ասենք, որ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1965

թվականին սուր թոքաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։ Նոր կորոնավիրուս COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականին Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված թոքաբորբի համաճարակի ընթացքում՝ հիվանդներից մեկի մոտ։ Ուհանում նոր վիրուսը լաբորատոր թեստերով հայտնաբերվել է 59 թոքաբորբով հիվանդներից 15-ի մոտ։ Այժմ Չինաստանն ամբողջությամբ հաղթահարել է վիրուսը, ինչը ոգևորիչ է, քանի որ նման մեծության պետությունը կարողացել է համակարգված աշխատանքով արդյունավետ պայքար տանել և հաղթել...

Կորոնավիրուսը կարող է ախտահարել շնչառական, աղեստամոքսային, նյարդային համակարգերը։ Առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում քթի խոռոչի և շնչառական համակարգի լորձաթաղանթում, որի արդյունքում առաջանում է առատ քթարտադրություն, իսկ երեխաների մոտ՝ բրոնխիտ և թոքաբորբ։

Շնչառական կորոնավիրուսը ներկայացված է OC38, OC43 շտամմներով, իսկ էնտերիտի պատճառ է հանդիսանում 229 E շտամը։

Տեսակներից մեկը հանդիսանում է ոչ տիպիկ թոքաբորբի (ատիպիկ թոքաբորբ) հարուցիչ։

Թե ինչպիսին է վիճակն Ասկերանի շրջանում, ինչ միջոցներ են ձեռնարկվում և ինչպիսի միջոցառումներ իրականացվում վիրուսի կանխարգելման համար՝ իմացանք Ասկերանի շրջբուժմիավորման գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանից։

Ինչպես նշեց Գ. Հակոբջանյանը՝ շրջանի բոլոր բուժհիմնարկներում բարձրացվել և խստացվել է վերահսկողությունը։ Բուժաշխատողների կողմից բնակչության շրջանում տարվում է քարոզչական աշխատանք, իրականացվում են ստուգումներ, տրվում համապատասխան ցուցումներ՝ նոր տեսակի վիրուսից պաշտպանվելու համար։ Այլ պետություններից ժամանած քաղաքացիներն իսկույն մեկուսացվում և վերցվում են ամենօրյա հսկողության տակ։

- Ելնելով անհրաժշտությունից ձեռք ենք բերել անհրաժեշտ դեղամիջոցներ, հատուկ ախտահանիչ նյութեր, որոնց միջոցով պարբերաբար իրականացվում են ախտահանիչ աշխատանքներ։ Իրականացվում է հիվանդության կանխարգելման և վերահսկման ամենօրյա մոնիտորինգ։ Ի ուրախություն մեզ, դեռևս չունենք հիվանդության դեպք։ Ամեն ինչ վերահսկվում, և արվում է հնարավորինս վարակի շրջանցման համար։ Իմ հորդորն է բնակիչներին խուճապի չմատնվել, սակայն չկորցնել նաև զգոնությունը։ Առողջական փոքր-ինչ խնդրի կամ ջերմության դեպքում իսկույն դիմել մոտակա բուժհիմնարկ,- ասաց Գ. Հակոբջանյանը՝ հավելելով, որ լավագույն պաշտպանությունն անձնական հիգիենայի կանոններին հետևելն է։

Ասկերանում տիրող իրավիճակի և քաղաքում ձեռնարկվող միջոցառումների մասին պարզաբանումներ ստացանք քաղաքապետ Հայկ Շամիրյանից։ Ինչպես նշեց քաղաքապետը, քաղաքում գործող տրանսպորտային միջոցները ախտահանվել են հատուկ դեղամիջոցներով և պարբերաբար շարունակվելու են այդ աշխատանքները։ Տաքսու վարորդներին առաջարկվել է խստագույնս հետևել մաքրության կանոններին, մեքենաների մեջ ունենալ ալկոգել և սպիրտային լուծույթներ։ Հ. Շամիրյանի հավաստմամբ, §Խաչենշին¦ ՓԲ ընկերության կողմից ախտահանման աշխատանքներ կտարվեն նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերում, կախտահանվեն աղբարկղերը, դրանց շրջակայքը։ Բոլոր խանութների աշխատողներին առաջարկվել է աշխատել բացառապես ձեռնոցներով և դիմակներով, խստորեն հետևեն անձնական հիգիենայի կանոններին, հատուկ լուծույթներով պարբերաբար իրականացնել ախտահանման աշխատանքներ։

- Քաղաքի մաքրությունն ու բնակիչների անվտանգությունը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, և մենք հետևողական աշխատանքներ կտանենք, իսկ քաղաքի ախտահանման աշխատանքները պարբերաբար բնույթ կկրեն,- նշեց Հ. Շամիրյանը։

Նշենք, որ ԱՀ կառավարության որոշմամբ մարտի 16-ից բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են։ Բնակչությանն առաջարկվել է նվազագույնի հասցնել հանրային կուտակումները փակ տարածքներում, բոլոր հավաքներն անցկացնել բաց տարածքներում։ 

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter