ՀԱՄԱՃԱՐԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ |
19.03.2020 10:23 |
Այսօր Ասկերանի շրջանում ձեռնարկվում են ախտահանիչ միջոցառումներ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի թափանցումը կանխարգելելու և շրջանում համաճարակային վիճակը կայուն պահպանելու ուղղությամբ: Ինչպես մեզ տեղեկացրեց Ասկերանի շրջանային Հակահամաճարակային բաժնի պետ Իրադա Խաչատրյանը՝ համաճարակաբանական իրավիճակը շրջանում համարվում է բավարար: Արցախի հանրապետությունում նոր կորոնավիրուսով հիվանդության դեպքեր գրանցված չկան: Ասկերանի շրջանում նույնիսկ սուր շնչառական վարակները, այդ թվում և գրիպը, համեմատաբար նախորդ տարիների հետ քչացել են: Նոր կորոնավիրուսի հետ կապված առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հայտարարվեց պանդեմիա, որը դարձավ համաշխարհային խնդիր: Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է (COVID-19), որը հայտնաբերվել է 2019 թվականին, Չինաստանում: Իրադա Խաչատրյանը նշեց, որ այս օրերը լարված են բոլորի համար, նկատվում է նաև որոշակի խուճապ, ինչը, սակայն, նա տեղին չի համարում։ Նա բնակչությանը հորդորեց խուճապի չմատնվել և պահպանել հիգիենայի կանոնները. 1.Հաճախակի լվանալ ձեռքերը օճառով և ջրով, կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ պարտադիր լվանալ ձեռքերը: 2.Հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը: 3.Հաճախակի օդափոխել սենյակները, խուսափել մարդաշատ վայրերից: 4.Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել բժշկի: Շրջանային հակահամաճարակային բաժնի պետը տեղեկություններ հաղորդեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնում նոր կորոնավիրուսը: -Նոր կորոնավիրուսը ջերմակայուն չէ և ոչնչանում է ընդամենը 26-270c: Արագ ոչնչանում է արևի ճառագայթների ազդեցության տակ:Եթե նոր կորոնավիրուսով վարակվածը փռշտում է, ապա վիրուսը կարող է տարածվել մինչև 3 մ, ընկնում է ինչ-որ մակերևույթի վրա և այլևս օդ չի բարձրանում:Եթե այն ընկնում է մետաղական մակերեսի վրա, ապա ակտիվ է առնվազն 12 ժամ: Շփվելով որևէ մետաղական մակերեսի հետ՝ ձեռքերը պետք է լվանալ հնարավորինս շուտ և մինչ այդ չդիպչել դեմքին, կամ տրորել աչքերը: Գործվածքների վրա վիրուսը կարող է գոյատևել 6-ից մինչև 12 ժամ: Լվացքի ժամանակ սովորական լվացող միջոցները ոչնչացնում են վիրուսը: Սովորաբար տաք ջուր խմելն արդյունավետ է բոլոր տեսակի վիրուսների համար: Փորձեք խուսափել սառը կամ սառույցով հեղուկներ խմելուց: Նոր կորոնավիրուսը գրիպից տարբերվում է նրանով, որ կորոնավիրուսով հիվանդության ժամանակ քթահոսություն չի լինում: Վարակվելու դեպքում սկզբից առաջանում է կոկորդի կարմրածություն և ցավ, որը կարող է տևել 3-ից մինչև 4 օր: Այնուհետև վիրուսը խառնվում է քթի հեղուկի մեջ, որը մտնում է տրախեա, ապա թոքերը` առաջացնելով թոքաբորբ: Թոքաբորբի դեպքում առաջանում է բարձր ջերմություն և շնչառական դժվարություն: Պետք է պարտադիր հիշել, որ երիտասարդ օրգանիզմը բարձր իմունիտետ ունի, այդ իսկ պատճառով հնարավոր են վարակվածության դեպքեր առանց կլինիկական ախտանշանների դրսևորման: Խոցելի են մեծահասակները և խրոնիկ հիվանդները,-նշեց Իրադա Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Ասկերանի շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով ծառայության կողմից ուժեղացվել է հսկողությունը շրջանում տեղակայված առևտրի օբյեկտների նկատմամբ, բոլորին տրամադրվել են ախտահանիչ նյութեր՝ ախտահանման ռեժիմը ապահովելու համար: Իրադա Խաչատրյանը շեշտեց, որ սերտ համագործակցում են Ասկերանի քաղաքապետարանի հետ, շրջանում գործող բոլոր հիմնարկ ձեռնարկությունների հետ: Ասկերանի քաղաքապետին է տրամադրվել մեթոդական ուղեցույց, որտեղ մանրամասն ներկայացված է միջքաղաքային տրանսպորտային միջոցները պարբերաբար ախտահանելու կարգն ու դրա կարևորությունը: Իրադա Խաչատրյանը հավաստիացրեց, որ բաժնի կողմից կշարունակվեն իրականացվել հետևողական աշխատանքներ, որպեսզի շրջանում պարբերաբար կատարվեն ախտահանման աշխատանքները՝ ավելացնելով նաև, որ բաժինն ունի բավարար քանակով ախտահանիչ նյութեր և արտահագուստ: Նա մեկ անգամ ևս հորդորեց շրջանի բնակչությանը խուճապի չմատնվել և, որ ամենակարևորն է, պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |