ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
20.03.2020 14:42

Մարտի 20-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակցություն, որը վերաբերում էր շրջանում նոր կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Ներկա էին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, շրջանի աղբահանության և սանիտարական մաքրման վիճակի ստուգման հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ավանեսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, Ասկերանի շրջանային ՀՀԲ պետ Իրադա Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ:

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրեց ս/թ մարտի 18-ին ԱՀ կառավարության նիստում ընդունած ԱՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության /COVID -19/ տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության պատրաստակամության մասին որոշման պահանջները: Նա կանգ առնելով որոշ կետերի վրա՝ հորդորեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ապահովել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը պետական հիմնարկներում, հասարակական վայրերում և տրանսպորտում: Հնարավորինս ձեռնպահ մնալ սպորտային, մշակութային, կրթական, ժամանցային, տոնական, հիշատակի և այլ հանրային միջոցառումներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց:

Շրջվարչակազմի ղեկավարը շեշտեց, որ ԱՀ-ում խուճապի մատնվելու հիմք չկա, հանրապետությունը լրիվությամբ ապահովված է ախտահանիչ նյութերով և արվում է ամեն ինչ, որպեսզի կանխարգելվի վիրուսի ներթափանցումը: Միաժամանակ նա հորդորեց չկորցնել զգոնությունը, լրջորեն մոտենալ հարցին և բնակչության հետ տանել բացատրական աշխատանքներ: Նա շեշտեց, որ համապատասխան ծառայությունների, ուժային կառույցների հետ պայմանավորվածության են եկել հետևել, որպեսզի անհիմն տեղեկություններ չտարածվեն բնակչության մեջ, ինչը հեշտությամբ կարող է խուճապ առաջացնել:

Հակոբ Ղահրամանյանը տեղեկացրեց նաև, որ Ասկերանի ՄՊՍԿ-ի աշխատողները հանձն են առել դիմակներ կարել և տրամադրել դպրոցներին:

Ասկերանի ՀՀ բաժնի պետ Իրադա Խաչատրյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց շրջանում տիրող իրավիճակը՝ շեշտելով, որ շրջանը ապահովված է համապատասխան ախտահանիչ նյութերով, արտահագուստով: Ապա նա համայնքների ղեկավարներին տրամադրեց մեթոդական ուղեցույցեր, որտեղ մանրամասն բացատրվում է, թե ինչպես կազմակերպել ախտահանման աշխատանքները և շեշտեց, որ այսուհետ իրենք ևս պետք է վերահսկեն այդ գործողությունները:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկաների ուշադրությունը սևեռեց տրանսպորտային միջոցների ախտահանմանը: Ասկերան քաղաքում այն կատարվում է, իսկ գյուղական համայնքներում պետք է վերահսկողությունն իրենց վրա վերցնեն համայնքների ղեկավարները և կատարեն կանխարգելիչ միջոցառումները:

-Այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի սոցիալապես անապահով խավերին, միայնակ ծերերին և բոլոր նրանց, ովքեր կանգնած են դժվարության առաջ: Օգնենք ռիսկային խմբերի մարդկանց ինչով կարող ենք, պետք եղած դեպքում կատարենք նրանց օրվա գնումները, որպեսզի նրանք կարողանան մնալ տնային պայմաններում: Համայնքների ղեկավարները պետք է ուշադրության կենտրոնում պահեն առողջական խնդիրներ ունեցող բնակիչներին, բուժաշխատողները պարբերաբար իրականացնեն ստուգայցեր, որպեսզի կարողանան կանխել վտանգը:

Կարծում եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ամեն ինչ՝ լինելով սթափ, կարգապահ և հետևողական, քանզի մեզ տրված է նոր կորոնավիրուսն Արցախում կանխարգելելու հնարավորություն,-նշեց Արթուր Հարությունյանը:

Համայնքների ղեկավարները հնչեցրին հարցեր, որոնք կապված էին մարտի 31-ի ընտրությունների անցկացման և ընտրողների առողջության ապահովության հետ և ստացան համոզիչ պատասխաններ:

Նշենք, որ շրջվարչակազմի ղեկավարի մոտ պարբերաբար անցկացվելու են խորհրդակցություններ վերոնշյալ հարցի շուրջ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter