ԱՐԺԵՎՈՐԵՆՔ ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐԱԾԸ… |
25.03.2020 17:17 |
Հիրավի, մարդու կյանքը մի ճանապարհ է… Իսկ, թե ինչպիսին կլինի այն, դժվար է գուշակել: Ոչ ոք չի կարող իմանալ, թե հատկապես որ ճանապարհն է բաժին հասնելու իրեն: Մեկին սպասվում է լուսավոր, հարթ ու կանաչ ճանապարհ, մյուսին՝ խորդուբորդ արահետներ, ոլորապտույտ ու մութ կածաններ…Այո՛, ոչ ոք չի կարող համոզված լինել և Աստծո գործերն անքննելի են… Եթե խորդուբորդ ու նեղ է ճանապարհդ, մտածիր հարթել ու լայնացնել այն, մթին է ու խավար, ուրմեն լուսավորիր և առաջ գնա, քաջասիրտ եղի՛ր… Իսկ մեր շրջապատում այնքա՜ն քաջասիրտ մարդիկ կան, որոնց համար կյանքի վայրիվերումներն արդեն սովորական էին դարձել: Վարդաձորցի Պավելին շատ շատերն են ճանաչում, Արցախյան պատերազմի տանկիստին ո՞վ կարող է մոռանալ… Բոլորիս քաջածանոթ Թամարա Նազարյանը հիշում է. <<Պավոն իր տանկով հրաշքներ էր գործում: Երբեմն թռչում էր, ինչպես ազատատենչ մի հավք, երբեմն՝ ինչպես ջահել մի նժույգ, իսկ երբեմն էլ՝ որպես կատաղած առյուծ: Նրա տանկի հռնդյունից սարսափում էր թշնամին>>: Վերջերս մեզ բախտ վիճակվեց ծանոթանալ Պավել Բեգլարյանի հետ, մի մարդու, ով անվարան նետվել է Արցախյան պատերազմի մեջ՝ անտեսելով ամեն ինչ, քանզի Հայրենիքի անվտանգությունն ու ազատությունը սրբություն էր նրա համար: Առյուծասիրտ այդ երիտասարդը դեռևս Խորհրդային բանակում ծառայելու տարիներից էր լցվել վրեժի ծարավով, նա հաշիվ ուներ լուծելու հայի վաղեմի թշնամուց… Պավել Բեգլարյանը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 23-ին Ասկերանի շրջանի Փրջամալ /Վարդաձոր/ գյուղում: Ավարտելով Նախիջևանիկի միջնակարգ դպրոցը՝ 1989 թվականին նա զորակոչվում է Խորհրդային բանակի շարքերը և ծառայում որպես տանկիստ: Իսկ Արցախում արդեն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, ահագնացել էր ղարաբաղցու ցասումը, և նա որոշել էր դրսևորել իր ապուպապերից ժառանգություն ստացած կամքը, ուժն ու խելքը, քանզի այլևս հնարավոր չէ ապրել օտարի լծի տակ…Հասունացել էր պահը, որպեսզի ղարաբաղցին ապրեր ազատ ու անկախ հողում: Այս ամենը քաջ գիտակցում էր հեռավոր Ռուսաստանում զինվորական ծառայություն անցկացնող Պավելը և օրեր հաշվում տուն վերադառնալու մասին: Նրա հետ ծառայում էին նաև ադրբեջանցի զինվորներ, որոնց երակներով, ինչ խոսք, հոսում էր այն արյունը, որն այդ զազրելի ազգին էր հատուկ միայն: Նրանք անընդհատ մտմտում էին վնաս հասցնել ծառայակից հայերին և առանձնապես՝ ղարաբաղցիներին: Պավելը նրանց նշանակետերից մեկն էր և մի օր դաժանաբար խմբակային ծեծի է ենթարկվում, սակայն ադրբեջանցիները չեն կարողանում կոտրել ղարաբաղցի երիտասարդի ամուր կամքը, հայեցի ոգին: Ոչ մի ֆիզիկական ցավ չի ազդում Պավելի վրա, ավելին՝ նա երազում է վերադառնալ Հայրենիք և լուծել իր վրեժը… Մեկ տարի ծառայելուց հետո նրան հաջողվում է վերադառնալ հայրենի գյուղ, որտեղ այնքա՜ն անելիք ուներ: Նա անմիջապես ընդգրկվում է ֆիդայական ջոկատներից մեկը և մոռանալով քուն ու դադար՝ իրեն տալիս հայրենիքի պաշտպանությանը: Հետո անցնում է ծառայության Աշոտ Ղուլյանի հրամանատարության ներքո գտնվող առաջին վաշտում, ապա տեղափոխվում Ասկերանի տանկային գումարտակը: Ավագ մեխանիկ-վարորդ էր: Բազմաթիվ անգամ է նա նայել մահվան աչքերին, նայել անթարթ, առանց վախի…Քանի՜, քանի՜ անգամ է պայթել Պավելի տանկը ականի վրա, քանի՜, քանի՜ անգամ է վիրավորվել նա: Մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Հորադիզի շրջաններում մղվող մարտերին: Իր առողջության կեսը Պավել Բեգլարյանը թողել է ռազմի դաշտերում, պատերազմից վերադարձել է հաշմված, սակայն որպես հաղթանակած ու թշնամուց իր խոստացած վրեժն առած հայորդի: Նա արժանացել է բազում շքանշանների և հուշամեդալների, որոնք պահպանում է ամենայն սրբությամբ ու հպարտությամբ… …Տարիներ են անցել…Պավելն իր հավատարիմ տանկն ու ռազմի դաշտը փոխարինել է բահ ու քլունգով: Ապրել էր պետք, ավելի շուտ՝ գոյատևել… Զինվոր Թամարան մտաբերում է.-<<Միթե Պավելն այսպիսին էր, կենսախինդ, զվարթ, ուժեղ ու բանիմաց երիտասարդ էր նա: Իսկ այսօր, երբ տեսնում եմ, թե ինչպես է հուսահատությունից իրեն կորցնում, մեծ ցավ եմ ապրում: Ախր կյանքը շատ է դժվարացել, երբեմնի արիասիրտ տանկիստն այսօր բազում դժվարություններ է կրում>>… 2016 թվական, ապրիլ…Հպարտ և զորեղ տանկիստը կրկին իր տեղում է ՝ զինվորի կողքին, վտանգված հայրենիքի սահմանում: Ընկերների հետ զրուցում են, հիշում… -Ինչու ես նորից եկել, Պավո, ախր քեզ ըստ արժանվույն չգնահատեցին, մարմնիդ կեսը չկա… -Ես իմ հայրենիքի համար եմ եկել, այս սուրբ հողը, որն արյան գնով ենք ձեռք բերել և պետք է պաշտպանենք ատամներով… Եվ երբեմնի տանկիստի աչքերից կայծեր են դուրս թռչում, վրեժի ծարավ էր զգում վերստին… Ու ապրում է Պավելը խաղաղված սրտով և ապագայի հանդեպ լավատեսությամբ լցված: Ինչպես ինքն է ասում՝ միշտ պետք է լավատես լինել և հույսդ դնել մենակ սեփական ուժերիդ վրա: <<Իմ վերականդանացած գյուղում ապրած ամեն մի օրս համարում եմ Ամենաբարձրյալի կողմից տրված մի մեծ օրհնություն: Շատ եմ սիրում հարազատ գյուղս, այսօր զբաղվում եմ գյուղատնտեսական աշխատանքներով, հիմա էլ հողի հետ եմ <<կռիվ>> տալիս, բայց այն ինձ դուր է գալիս, քանզի դրանից ես բերք ու բարիք եմ ստանում: 6-ամյա դստերս դաստիարակում եմ այնպես, որպեսզի նա միշտ սիրի իր հողը և կապված լինի նրա հետ հազար ու մի թելով: Այսօր ինձ ուրախություն է պատճառում նաև այն, որ մարտական ընկերներիս հետ ունեմ ամուր կապ, հաճախակի հանդիպում ենք, վերհիշում անցյալը, իսկ երբեմն էլ կարոտում այդ դժվար օրերը: Չէ որ այնքա՜ն միասնական էինք և ուժեղ>>,-ասում է Պավելը: …Այսօր, երբ աշխարհն ասես գլխիվայր շուռ է եկել, երբ տարբեր մարտահրավերների առաջ ենք կանգնած, մեր լավատեսությունը դարձյալ չի լքում մեզ: Այո, մենք պետք է ամեն կերպ դիմակայենք ու հաղթահարենք և դա մենք կանենք, պարտավոր ենք անել՝ քանզի մեր գենն ուժեղ է, դիմացկուն և հզոր: Իսկ Պավել Բեգլարյանի նման տղաներին, ովքեր, թվում է թե երբեմն ստվերում են մնում, գեթ մի բարի խոսքով և մարդկային մեր վերաբերմունքով արժևորենք նրանց: Նրանց դա շատ է հարկավոր… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|