ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ |
30.03.2020 21:38 |
Շրջանում շարունակվում են ակտիվորեն իրականացվել նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումներ: Ասկերանի շրջանային հակահամաճարակային բաժնի պետ Իրադա Խաչատրյանի գլխավորությամբ բաժնի ողջ աշխատախումբն առաջացած խնդրին մոտենում է ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ և այդ առումով վերջին ամսվա ընթացքում նրանց ակտիվ աշխատանքը միայն գովասանքի է արժանի: Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ հակահամաճարակային բաժինը ձեռնարկել է ախտահանիչ միջոցառումներ շրջանի 42 ընտրական տեղամասային կենտրոններում: Բաժնի մասնագետներն այցելել են բոլոր տեղամասերը, տրամադրել ախտահանիչ նյութեր, կատարել բացատրական աշխատանքներ՝ ցույց տալով մեթոդական օգնություն: Քանի որ նման ձևաչափով առաջին անգամ են ընտրողները մասնակցելու ընտրություններին, հանձնաժողովների անդամները պետք է շատ ուշադիր լինեն և ընտրողներին բացատրեն դիմակների, ձեռնոցների, անհատական գրիչների օգտագործման կարևորությունը, իսկ ընտրությունը կատարելուց հետո դրանք պետք է նետեն նախատեսված արկղերը: Շրջանային հակահամաճարակային բաժնի աշխատողները հորդորեցին հանձնաժողովականներին լինել աչալուրջ և պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները: Իրադա Խաչատրյանի խոսքով բաժնի կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի տեղամասերում ընտրություններն անցնեն սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, և ընտրողն իրեն զգա անվտանգ ու ապահովված, ինչպես նաև նա շեշտեց, որ տեղամասերում հերթապահություն են անցկացնելու տվյալ համայնքների բուժկետների բուժաշխատողները: Ավելացնենք, որ հակահամաճարակային բաժինը համագործակցում է Ասկերանի քաղաքապետարանի և ՙԽաչենշին՚ ՓԲԸ հետ, ու մի շարք աշխատանքներ կատարվում են վերջինիս աշխատակիցների միջոցով: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |