ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԺԱՄԸ 17։00-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 71.6 ՏՈԿՈՍԸ |
31.03.2020 17:20 |
Համապետական ընտրությունների ընթացքն Ասկերանի շրջանում շարունակում է ակտիվ մնալ։ Չնայած ընտրատարածքներում հաճախակի առաջացող հերթերին, դրանք ընթանում են շատ հանգիստ, խաղաղ մթնոլորտում։ Ընտրությունների հանգիստ ընթացքին հետևում են օրինապահ մարմինները։ Տեղամասերն ապահովված են սանիտարահիգիենիկ նյութերով, և յուրաքանչյուր ընտրող ցուցաբերում է բարձր իրավագիտակցություն և քաղաքացիական կամք՝ ենթարկվելով ընտրությունների անցկացման սահմանված նոր կարգին։ Ժամը 17։00-ի դրությամբ շրջանի 12104 ընտրողներից 8665-ը կամ ընտրողների ընդհանուր թիվ 71.6 տոկոսը մասնակցել էր ընտրություններին։ ՏարԸՀ-ից ստացած հաղորդագրության համաձայն այս ժամը դրությամբ ընտրությունների կարգի խախտման ոչ մի դեպք կամ ահազանգ չեն ստացել, ամեն ինչ ընթանում է օրենքի տարրին համապատասխան։ Իվանյանում և Խնապատում ընտրողների առատ հոսք դիտվում էր մանավանդ առավոտյան ժամերին։ Ժամը 17։00-ի դրությամբ Իվանյանում 756 ընտրողներից 500-ն արդեն կատարել էր իր քաղաքացիական պարտքը։ Նույն ժամակահատվածում Խնապատում 711 ընտրողներից ընտրություններին մասնակցել էր 480-ը։ Ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքը դեռևս շարունակվում է բավականին ակտիվ մնալ։ Նշենք, որ ժամը 20։00-ին օրենքով նախատեսված կարգով բոլոր ընտրական տեղամասերը կփակվեն։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |