ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ |
31.03.2020 21:17 |
Այսօր Արցախում անցկացվեցին Արցախի Հանրապետության նախագահի վեցերորդ և Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ Ասկերանի ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանի հաղորդած տվյալների համաձայն շրջանի ընտրողների ընդհանուր թվից՝ 12104 քաղաքացիներից ժամը 20։00-ին ընտրություններին մասնակցել էր 9611 քաղաքացի կամ ընտրողների 79.4 տոկոսը։ Նշենք, որ 2012 թվականի հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններին Ասկերանի շրջանի ընտրողների ընդհանուր թվից՝ 11600 ընտրողներից մասնակցել էր 87.6 տոկոսը։ Պետք է նշել, որ Ասկերանի շրջանում միշտ էլ բարձր է եղել ընտրություններին մասնակցության աստիճանը։ Ասկերանի շրջանում ընտրություններն անցել են առանց որևէ միջադեպի կամ իրավախախտման։ Ամեն ինչ անցել է պատշաճ մակարդակով, ընտրողների ակտիվ մասնակցությամբ։ Ժամը 20։00-ին օրենքով սահմանված կարգով փակել են բոլոր ընտրատեղամասերը։ Ընտրատեղամասերում սկսված է քվեաթերթիկների հաշվարկը։ Նշենք, որ գործընթացին հետևում են դիտորդներ, լրագրողներ և վստահված անձինք։ Ասկերանի 2/1 ընտրական տեղամասն ամենաշատ ընտրողներ ունեցող տեղամասն է շրջանում։ Ժամը 20։00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1614 քաղաքացիներից 1283-ը կատարել էր իր քաղաքացիական պարտքը։ Վերջիններից մեկն ընտրատեղամաս ներկայացած Նինա տատիկն անտարբեր չէր կարող մնալ մեր երկրի համար կարևորագույն այս իրադարձությունից։ Ասկերանի համար նա միշտ ակտիվ քաղաքացի է եղել ու մնում։ Երբեք չի խուսափել հանրային աշխատանքից և հանրային միջոցառումներից։ Այս անգամ էլ չնայած առողջական ոչ բարվոք վիճակին կրկին ներկայացել և կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Իսկ ցանկութունը մեկն է՝ շուտափույթ տրվի ամբողջ աշխարհը համակած այս անիծված վարակի վերջը, մարդիկ անցնեն իրենց ամենօրյա աշխատանքին։ Նինա տատիկը համոզված է, որ Արցախին նոր ու գեղեցիկ ապագա է սպասվում։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 26-ին և տևել մինչև մարտի 29-ը: Սկիզբ առած նոր տեսակի վարակի՝ կորոնովիրուսի հետ կապված, քարոզարշավը վերջին օրերին անցնում էր օնլայն տարբերակով։ Ելնելով ընտրողների անվտանգության նկատառումներց, ԱՀ նախագահի թեկնածուները ձեռնպահ են մնացել փակ, ապա նաև բաց տարածքներում հոծ բազմություններ հավաքելուց։ ԱՀ Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 14 թեկնածու։ Նշենք, որ առաջին անգամ Արցախի պատմության մեջ նախագահական ընտրություններին մասնակցում էին նաև կին թեկնածուներ։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում էր 10 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք, որոնք կպայքարեն խորհրդարանի 33 մանդատի համար: Արցախում ընտրությունների ընթացքին հետևելու համար հավատարմագրվել էին տարբեր պետություններ ներկացնող ԶԼՆ-ների ներկայացուցիչներ և դիտորդներ, որոնց թիվը ռեկորդային էր։ Սակայն կախված աշխարհով մեկ սփռված վիրուսի հետ դրանք չեղարկվեցին։ Ընտրությունների ընթացքի հետևում էին ՀՀ լրատվամիջոցների և ԱՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Թե ինչպիսի պետական համակարգ կունենանք վաղը՝ կախված էր այսօրից, մեր քաղաքացիների իրավագիտակցությունից, այսօր կատարած նրանց ընտրությունից։ Հուսանք, ընտրողներից յուրաքանչյուրն ականջալուր է եղել խղճի և հոգու ձայնին՝ վաղն ավելի բարեկեցիկ, տնտեսապես անկախ և անվտանգ Արցախի Հանրապետություն ունենալու հավատամքով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|