ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է՝ ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
02.04.2020 11:59

Սպորտը մեծ ու անգնահատելի դեր ու նշանակություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մատաղ սերնդին, պատանիներին, ովքեր վաղը պիտի համալրեն հայոց հզոր բանակի շարքերը։ Եվ սեր դեպի սպորտը պետք է ներարկվի դեռևս մանուկ հասակից։

Իվանյանաբնակ Աշոտ և Գոռ Բեգլարյանները սպորտի հետ սերտ կապված են դեռևս վաղ մանկությունից, երբ դեռ որևէ մարզական խմբակ չէին հաճախում՝ եղբայրներով հաճախ էին փորձում իրենց բազկի ուժը։ Իսկ

հեռուստատեսությամբ դիտելով աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկների խաղերը վերջնականապես որոշեցին հաճախել բռնցքամարտի խմբակ։ 5 տարուց ավելի է, ինչ եղբայրները մարզվում են, մարզվում են անդադար և առանց ուժերը խնայելու։

Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանում  և Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպված բազմաթիվ միջազգային մրցումների, իսկ Արցախում՝ տարբեր հուշամրցաշարերի են մասնակցել Աշոտն ու Գոռը, որտեղ միշտ զբաղեցրել են պատվավոր հարթակներ։

Մեր այցելությունը պատանի բռնցքամարտիկների տուն պատահական չէր։ Վերջերս  բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի անվան միջազգային գավաթի խաղարկությանը, որին մասնակցում էր 250 մարզիկ տարբեր պետություններից, և որը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին՝ Աշոտ Բեգլարյանը նվաճել է մրցաշարի ոսկե մեդալը։ Մրցաշարը տևել է փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը։ Աշոտը մրցաշարի ընթացքում ունեցել է 4 մենամարտ, որոնք արցախցուն վայել կամքի ուժով ու տոկունությամբ հաղթել է։ Խոստովանում է՝ հաղթանակը հեշտ չի տրվել, սակայն նա վստահ էր իր ուժերին, և հպարտ, որ կարողացել է Արցախի անունն ու պատիվը բարձր պահել։

Մրցաշարի կարևորությունը կայանում էր նրանում, որ այնտեղ մեր մարզիկները կարողացել են ներկայանալ որպես Արցախի պատվիրակներ, և ցավով են նշում, որ շատերը չգիտեն Արցախի Հանրապետության մասին: Տղաների հաղթանակը նաև Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու հզոր զենք է, համոզված են պատանի բռնցքամարտիկները և խոստովանում են, որ կկարողանան միշտ բարձր պահել մեր հանարապետության պետական դրոշը։

Տան մի սենյակը հատկացված է տղաներին, որը սպորտի թանգարան է հիշեցնում՝ տասնյակից ավելի գավաթներ, պատվոգրեր, մեդալներ... Տղաների հայրը՝ Սամվելը, ներքին հպարտությամբ և մեծ խնամքով է դրանք դասավորում ըստ տարեթվերի, և գալիս այն համոզման, որ շուտով սենյակը չի բավականացնի, ուստի ավելի ընդհարձակ սենյակ պետք կգա։

Բնավորությամբ քչախոս է Աշոտը, սակայն նրա փոխարեն խոսում են բազմաթիվ պատվոգրերն ու մեդալները, որոնց գերակշիռ մասը ոսկի է։ Խոսել իր նվաճումների մասին առանձնապես չի սիրում։ Նրա դեմքին կարծես թե կարդում ենք՝ արտառոց ի՞նչ եմ արել... Այ հերոսներ են մորեղբայր Արմենն ու նրա նման հազարավոր տղաներ, ովքեր Հայրենիքի համար օրհասական պահին չերկմտեցին կյանքի գնով պահպանել Հայրենիքի անվտանգությունը։ Ինքն էլ խոստովանում է, անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Արցախի անունը միշտ բարձր մրցասպարեզներում հնչի, նրա փառքն ու պատիվը աշխարհե-աշխարհ անցնի։

Արտաքուստ ավելի աշխույժ ու շփվող է Գոռը։ Խոստովանում է՝ ավագ եղբայրն ավելի ուժեղ է և իր համար չափանիշ է, ամենամտերիմն ու խորհրդատուն։ Բազմաթիվ մրցումներում եղբայրներն առաջին և երկրորդ մրցանակային տեղերն են զբաղեցրել։ Միասին բազմաթիվ արգելքներ են հաղթահարել, հաղթանակներ տոնել...

Ասում են, որտեղ չես կարողանում խելքի շնորհիվ հաջողության հասնել՝ գործի դիր բռունցքներդ։ Տղաները, սակայն, հազվադեպ են դիմում ձեռքի ուժին, նրանք որքան որ ագրեսիվ են մրցագորգին, նույնքան հանգիստ և համեստ են առօրյա կյանքում։ Ասպետական դաստիարակությամբ օժտված պատանիները թող որ չեն փայլում դպրոցական գիտելիքներով, սակայն լավ են սերտել կյանքի կարևորագույն դասերը՝ Հայրենիքի անունն ու պատիվը վեհ է ամեն ինչից։ Ուստի թշնամուն երբեք չպիտի խղճաս կամ նրա հետ փոխզիջման գնաս, այլև մեկընդմիշտ ցույց տաս, որ Հայի հետ մրցելն ու Հային հաղթելը անհնարին է...

Ծնողները տղաների ապագայի համար ոչինչ չեն խնայում։ Նրանք ներքին հպարտությամբ են հիշում տղաների առաջին հաղթանակը, երբ դեռ  բռնքամարտի մի քանի ամսվա պարապողներ էին։ Հայրն իր անձնական մեքենայով ու սեփական միջոցների հաշվին էր տղաներին տանում մրցումների, անկախ թե որտեղ են դրանք անցկացվում (մինչև անգամ Ռուսաստանի տարբեր քաղաքներ)։ Մայրն էլ՝ Էմման, մեծ պատասխանատվությամբ հետևում է որդիների առողջ սննդակարգի պահպանմանը։ Իհարկե, մոր համար դժվար է, երբ տղաները հաճախակի են տնից բացակայում, սակայն դա է նրանց ընտրած ուղին և թև ու թիկունք չլինել նրանց ուղղակի չի կարող։ Տան կրտսերը՝ Լիդուշիկը, ողջ զրույցի ընթացքում չարաճճիորեն հետևում էր եղբայրների՝ իմ տված հարցերի արձագանքին, և հպարտանում ավագ եղբայրներով։ Մեր զրույցի ընթացքում ծնողները տրտնջանքի և ոչ մի խոսք չասացին, ավելին՝ համոզված են, որ իրենց զավակներն իրենց բաժին պարտքն ունեն տալու Հայրենիքին և իրենց հայրենապահպանության բաժինն էլ դա է։

Ցանկալի է, սակայն, որ մեր պետության կողմից նման տղաները հատուկ ուշադրության արժանանային։ Չէ որ այն, ինչ նրանք անում են և ինչի հասել են տարիների տքնաջան աշխատանքի և ծնողների նվիրվածության շնորհիվ՝ բարձրացրել է մեր երիտասարդ պետության անունն ու պատիվը, ճանաչելի դարձրել բազմաթիվ պետությունների և անհատների շրջանում։

Մարզիչ, Արցախի օլիմպիական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի նախագահ Նարեկ Աբրահամյանը տղաների մեջ իսկույն նկատել է մեծ ու անկասելի կամքի ուժն ու աշխատասիրությունը։ Ու չի սխալվել։ Վերջին շրջանում տղաները մարզվում էին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պատանիների խմբում, որտեղ ընդգրկվել էին բռնցքամարտի հավաքական թիմի կազմում և պիտի մասնակցեին Եվրոպայի առաջնությանը։ Սակայն աշխարհով մեկ տարածված համաճարակի պատճառով դադարեցվել են մարզումները։ Տղաները, սակայն, մարզվում են տանը, իրենց համար սահմանելով օրվա ռեժիմ՝ անխախտ հետևելով դրան։ Թող որ հետաձգվել են խաղերը, սակայն նրանց մոտ կայուն է միջազգային ասպարեզներում հաղթանակներ տոնելու հավատամքը, ինչը նրանց առաջ է մղում՝ ամեն անգամ ավելի բարձր նշաձող սահմանելու և դրան հասնելու համար։

Մեծ ցանկությունի ունի Աշոտը՝ դառնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն ոչ թե սեփական ամբիցիաների, փառահեղության, այլև սիրելի Հայրենիքը՝ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու համար։ Բազմաթիվ մենամարտերում բացարձակ հաղթանակ տոնած պատանին հատկապես հիշում է իր ադրբեջանցի ախոյաններին, որոնց հաճախ մեկ հարվածով էր գետնին տապալում։ Հերթական նման մի հաղթանակ տոնել է Մայիսի 9-ի՝ մեզ համար հատկանշական տոնի նախօրեին։

Աստված մեծ ուժ ու զորություն տա տղաների բազկի ուժին, և հովանի լինի նրանց ուր էլ որ լինեն, քանի որ վաղն այս տղաների ուսերին է դրված լինելու Հայրենիքի պաշտպանության սրբազան գործը։ Համոզված ենք, որ տղաները հզոր կամքի ու աշխատասիրության շնորհիվ կարողանալու են հասնել իրենց նպատակին, և առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու նրանց հերթական փայլուն հաղթանակների, որտեղ հպարտորեն ծածանվելու է Արցախի եռագույնը...

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter